top of page

Հիմնադրամի տնօրենը հափշտակել է 41 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանություն

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ միջոցառումների և տարբեր ծրագրերի իրականացման համար 2008 թվականի հունիսին ստեղծված մի հիմնադրամի ֆինանսավորումն առավելապես իրականացվել է հիմնադրամի ԱՄՆ ինկորպորացիայի կողմից, իսկ արդեն 2018 թվականի սկզբներից՝ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։ Այդ մասին հայտնում են ոստիկանությունից։


Հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ և կազմակերպչական, այդ թվում՝ դրամական միջոցների տնօրինման լիազորություններով, հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը 2014 թվականից 2021 թվականի ընթացքում կազմակերպել և իրականացրել է մի շարք ֆինանսական գործարքներ, որոնց շրջանակներում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 41 միլիոն 900 հազար դրամից ավելի գումար:


Մասնավորապես, հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար, տրանսպորտային միջոցների և մենեջեր-վարորդների առկայության պայմաններում, հիմնադրամի տնօրենը ուղևորափոխադրումների ծառայություն իրականացնող մի ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերին անժամկետ կնքել է հիմնադրամի աշխատակիցների կանչով շուրջօրյա սպասարկման համար մարդատար տաքսի ավտոմեքենանների տրամադրման վերաբերյալ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, իսկ 2018-ի սեպտեմբերին, որպես ֆիզիկական անձ, ամուսնու և նրան պատկանող՝ զբոսաշրջության կազմակերպման գործունեություն իրականացնող ընկերության հետ 2020 թ. նոյեմբերին կնքել է նմանատիպ ծառայությունների վճարովի մատուցման 2 պայմանագիր։


Նշված պայմանագրերի շրջանակներում հիմնադրամի տնօրենի ամուսնու և նրան պատկանող ընկերության կողմից փաստացի ծառայություններ մատուցված չլինելու, իսկ առաջին ընկերության կողմից ծառայությունները ոչ ամբողջ ծավալով մատուցած լինելու պայմաններում հիմնադրամի ֆինանսական միջոցներից 2016-2021 թվականների ընթացքում ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել և այդ կերպ հափշտակվել է շուրջ 8 միլիոն դրամ։


Բացի այդ, հիմնադրամի տնօրենը միևնույն անձին պատկանող՝ Ա/Ձ-ի և ընկերության հետ տարբեր տարեթվերի կնքել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների մատակարարման 2 պայմանագիր, որոնց շրջանակներում մատակարար կազմակերպության կողմից 2018-2021 թվականների ընթացքում, ընդամենը 15 միլիոն 700 հազար դրամ գումարի ապրանք մատակարարելու պայմաններում, հիմնադրամի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված ապրանքացուցակների հիման վրա դուրս գրված հաշիվ ապրանքագրերով մատակարար կազմակերպությունների հաշվեհամարներին է փոխանցվել ընդհանուր 49 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար, որից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 33 միլիոն 916 հազարը կանխիկացնելու և առձեռն վերադարձնելու եղանակով հափշտակվել է։


Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
1/2383
bottom of page