Փողոցում կարող է հավաքվել 2000 մարդ, և ընդդիմությունը դա կհամարի, որ փողոցը ոտքի է կանգնել. Խալաթյան
- Investigative journalist

- 6h
- 3 min read

Իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ զրուցել ենք ներքաղաքական զարգացումների և տարբեր քաղաքական ուժերի գործողությունների ու հայտարարությունների մասին։
- Պարոն Խալաթյան, օրերս ԱԺ-ում կազմակերպվել էին հանրային լսումներ Մարտի 1-ի վերաբերյալ։ Մասնակցում էին քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ, սակայն զարմանալիորեն այնտեղ ներկա չէր ՀԱԿ որևէ ներկայացուցիչ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված ՀԱԿ-ի չմասնակցելը։
- Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը այդ ժամանակ հանձին առաջին նախագահի, որը նախագահական ընտրություններում առնվազն երկրորդ փուլի լիիրավ հավակնորդ էր, եթե չասենք՝ կան նաև հիմնավոր կասկածներ, որ առաջին փուլում Տեր-Պետրոսյանն արդեն իսկ հաղթել էր, այսինքն՝ այդ քաղաքական պրոցեսն առաջնորդող ուժը թերևս առաջին շահագրգիռներից մեկը պետք է լիներ, որ «Մարտի 1»-ը բացահայտվեր։ Եվ ՀԱԿ-ը պետք է ցանկացած լեգիտիմ հարթակ օգտագործեր և օգտագործի այդ թեման թեժ պահելու համար։ Հաշվի առնելով նաև այն ահռելի տեղեկատվությունը, որին հաստատապես տիրապետում են և՛ Լևոն Զուրաբյանը, և՛ Արամ Մանուկյանը, և՛ ՀԱԿ-ի մյուս լիդերները, ապա կարծում եմ՝ խնդիրը նախընտրական բնույթ ունի, և ՀԱԿ-ը, իրեն դիրքավորելով որպես ընդդիմություն, փորձում է չասոցացվել իշխանության նախաձեռնության հետ և իր քաղաքական բախտը որոնում է ընդդիմադիր ճամբարում՝ կարծես թե համագործակցության եզրեր տեսնելով անգամ այն ուժերի հետ, որոնց դեմ տասնամյակներ շարունակ ընդդիմությունը պայքարել է, և 10 տարուց ավելի պայքարել է հենց ՀԱԿ-ը՝ տարբեր ձևաչափերով։
- Օրերս ՀԱԿ-ը ֆորում էր անցկացրել՝ հայտարարելով, որ քննարկելու են «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր քաղաքացիական ազատությունների դեմ իշխանությունների ձեռնարկած հարձակումները և մեր հանրության հակադարձման ձևերը»: 2008թ. Մարտի 1-ից հետո, երբ Կտրիճ Ներսիսյանը գնացել էր առաջին նախագահի տան մոտ, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել էր ընդունել վերջինիս։ Ինչո՞վ է պայմանավորված այս դիրքորոշման փոփոխությունը։
- Իրականում սա կրկին նախընտրական տրամաբանության մեջ է պետք տեղավորել։ Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը և այն ընդդիմադիր ուժերը, որոնք նախկինում կամ եղել են իշխանություն, կամ ընդդիմադիր գործունեություն են ծավալել նախքան հեղափոխությունը, գործունեության վերաիմաստավորման խնդիր ունեն, որովհետև կոնկրետ ՀԱԿ-ը, որպես բռնապետական քաղաքական ռեժիմի դեմ տարիներ շարունակ պայքարած ուժ, խնդիր ունի իր ասելիքը վերաիմաստավորելու, որովհետև նոր, ժողովրդավարական իրականության պայմաններում նախկին նարատիվներով պայքար մղելը պարզապես անհեռանկարային է, նախկին իշխանությունն էլ խնդիր ունի այնքանով, որքանով ցանկացած քննադատության հակադարձումը լինում է այն, թե ինչ է եղել իրենց օրոք։ Եվ ընդհանրապես խոսքը նաև խոսույթային այդ ճգնաժամի մասին է, որն ունեն այն բոլոր ուժերը, որոնք նախքան հեղափոխությունը քաղաքական համակարգում նշանակալից դերակատարում են ունեցել, և այսօր եկեղեցու շուրջ տեղի ունեցողը կարծես այն եզակի հարցերից է, որ կարելի է, ըստ ՀԱԿ-ի, ինչ-որ հակառակ օրակարգ ձևավորել։ ՀԱԿ-ը միշտ աչքի է ընկնում որպես գերիրապաշտական և, ի հեճուկս իրենց խոսույթի, նաև քաղաքականության մեջ արժեքները չընդունող քաղաքական ուժ։ Այսինքն՝ ընթացիկ հաշվարկներով է առաջնորդվում, և այստեղ միայն դա է, որ իրենց մղում է այդ հարցով ընդհանրապես զբաղվել։ Առաջին նախագահի կողմից կաթողիկոսին չընդունելը նմանատիպ քաղաքական վերաբերմունք է առ կաթողիկոս, ինչպես որ այսօր տեղի է ունենում եկեղեցի-պետություն հարաբերություններում։
- Վարչապետը վերջին ճեպազրույցի ժամանակ ասաց. «Իմ կարծիքով ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը. նախորդող քաղաքական շրջանի էլիտայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր Հայաստանն առաջնորդել են և տարել են դեպի թակարդ և պահել են թակարդում, էդ ընտրությունների արդյունքում բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա։ Մարդիկ արդեն զզվել են էդ նախկին-ներկա բանավեճերից ու քննարկումներից»։ Դուք համաձա՞յն եք վարչապետի այս հայտարարության հետ։
- Բնականաբար, գաղափարի մակարդակով խիստ ողջունելի է, սակայն զուտ ներկայիս քաղաքական դասավորությունները հաշվի առնելով՝ հազիվ թե դա լիարժեքորեն հաջողվի, որովհետև քաղաքական դաշտում, ցավոք սրտի, ընդդիմադիր հատվածում չկա այն կոնսոլիդացնող ուժը, որը կկարողանա այդ ուժերին, քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածին դուրս մղել։ Եվ եթե իրադարձությունները զարգանան այս ուղղությամբ, ապա մենք, զուտ գաղափարական առումով՝ անկախ անուններից կամ նաև քաղաքական դասավորվածության առումով, մոտավորապես ունենալու ենք նույն խճանկարը, ինչ որ այսօր՝ պլյուս-մինուս։ Այսինքն՝ այստեղ խնդիր կա նաև մեր քաղաքական դաշտի վերբեռնման հետ։ Ցավոք սրտի, Վաղարշապատում էլ ըստ էության ունենք նույն խճապատկերը, որը կա ԱԺ-ում։ Երկու ընդդիմադիր ուժերը ներկայացնում են նախկին իշխանության քաղաքական շրջանակները, և կա իշխանություն՝ հանձին ՔՊ-ի։
- Դատախազության և Շենգավիթի դատարանի դիմաց ընդդիմությունը երեկ բողոքի ակցիա էր անում՝ հաջակցություն իրենց քաղաքական ընկերների ու համախոհների, որոնց համարում են քաղբանտարկյալ։ Ըստ Ձեզ՝ նրանք քաղբանտարկյալնե՞ր են։
- Նրանք քաղաքական բանտարկյալներ չեն, որովհետև գոյություն ունեն կոնկրետ քրեական հոդվածներ, որոնցով նրանց մեղսագրվում են շատ որոշակի արարքներ, ավելին՝ դատական համակարգը գործում է երբեմն շատ ավելի մեղմ, քան կարելի է պատկերացնել, կամ, համենայնդեպս, հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում՝ թե՛ կալանքի՝ որպես խափանման միջոց, փոխելու հետ կապված, և թե այլ հարցերով։ Հետևաբար այդ առումով որևէ պրետենզիա նրանք դատարանների հանդեպ պետք է որ չունենան, հատկապես որ դատավորների մի նշանակալից մաս իրենց օրոք է նշանակվել և այսօր դատում իրենց։
- ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ երեկ հարցազրույց է տվել և հայտարարել. «Նիկո՛լ, դե սպասիր․ փողոցըոտքի է կանգնում»։ Արդյոք սրանով նրանք ազդարարում են իրենց ակտիվությո՞ւնը՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։
- Այո, սա բացառապես նախընտրական պայքար է, ընդ որում, ընդհանուր առմամբ, նորմալ քաղաքական պրոցես կարող ենք որակել, եթե չունենանք այդ խորը գաղափարական ճգնաժամը, որը կա քաղաքական դաշտում՝ գաղափարների տեսանկյունից։ Զուտ որպես ձև՝ դա բացառապես նախընտրական մարտավարություն է։ Փողոցում կարող է հավաքվել 2000 մարդ, և դա էլ իրենք համարեն, որ փողոցը ոտքի է կանգնել այդքանով՝ 2000 մարդու շրջանակներում։
Լիլիթ Թադևոսյան




















