Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
- Nov 20, 2022
- 1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։ Դատական նիստի մեկնարկին Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, ԱԺ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, սակայն գործող կարգավորումները չի նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ, միևնույն ժամանակ, սահմանադրական նորմը նախատեսում է բոլոր իրավիճակների վրա տարածվող անձնական անձեռնմխելիություն։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու․ դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 23-ին՝ ժամը 12.00-ին։




















