Ռոբերտ Քոչարյանը մտել է հայտնի հեքիաթի թառամած կախարդուհու կերպարի մեջ ու ինքնահայեցման փոխարեն ինքնագովեստի «դեֆիլե» կազմակերպել
- Investigative journalist
- May 20
- 3 min read
Եվ բացի այս՝ ես «մե հոյակապ»՝ «հաԽթանակած» նախագահ եմ եղել՝ կարողանում եմ ճգնաժամային իրավիճակներում կառավարել ու պատրաստ եմ էլի, վերստին, նորից ու կրկին կառավարել, եթե իհարկե, Վլադիմիր Պուտինն անսա իմ ռևերանսներին, հավատա նրան տրված հավատարմության իմ երդումին ու «քյոմագ անի» իշխանությունը վերցնելու հարցում։
Փաստորեն, ի դեմս Քոչարյանի`գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը ինքնահայեցման, իր պաշտոնավարման շրջանում տեղի ունեցած «ավել-պակասի» համար ներողություն խնդրելու, քաղաքական դաշտն իրենից ազատելու (հանուն այդ դաշտի առողջացման) փոխարեն այսքանից հետո զբաղված է ինքնագովերգմամբ՝ այսպիսով փորձելով ռնգեղջյուրի տեղ դնել իր պաշտոնավարման շրջանով անցած ու ողջ մնացած, ՀՀ-ում ապրել շարունակող քաղաքացիներին։ Նրանք, ահա, մանկուրտի պես կգնան ու 2026-ի ընտրություններին ձայն կտան «ճգնաժամային կառավարիչ» Ռոբերտ Քոչարյանին և նա կլուծի բոլոր մարտահրավերները, որոնցից առաջինն ու գլխավորը, բնականաբար, սեփական ունեցվածքի փրկությունն է պետության կողմից բռնագանձվելուց։ Այլ մարտահրավեր, հրատապ լուծելիք խնդիր Քոչարյանն ու նրա ընտանիքը դժվար թե ունենան իշխանության գալու պարագայում։ ՌԴ-ի «ջանը սաղ լինի»։ Չտրվենք մռայլ սցենարին ու դառնանք հարցազրույցի ինտրիգային հատվածին, որում նախկին նախագահը բացահայտում է իր ու Սերժ Սարգսյանի միջև եղած քաղաքական հակասությունները։ Քոչարյանն, ըստ էության,կրկնեց, վերահաստատեց իր թիմի կողմից գեներացվող այն վարկածը, թե 2018-ին Սերժ Սարգսյանն իշխանությունը «բանտիկով» մատուցել է Նիկոլ Փաշինյանին և, փաստորեն, իրեն ու բոլորին փուռը տվել (եթե չասենք՝ հայտնի բանի մեջ գցել)։ Նկարագրելով իր ու երրորդ նախագահի երկխոսությունը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, թե «իրավիճակը վերահսկողության տակ է», ապա, մի քանի օր անց հրաժարական տվել, երկրորդ նախագահը ուղերձ է հղում հանրությանն ու ՀՀ-ում իշխանության փոխանցման արտաքին շահառուներին առ այն, որ ի դեմս Սարգսյանի, գործ ունենք կրիտիկական իրավիճակներում կառավարել չկարողացող, անադեկվատ, թուլակամ, սուբյեկտի հետ, որին չպետք է նորից իշխանություն փոխանցել, եթե, իհարկե, բանը հասնի ժողովրդի կամքը շրջանցելով ՀՀ-ում իշխանազավթում իրականացնելուն։ Այս համատեքստում ուշագրավ են նաև գալիք՝ 2026 թ․ ընտրություններից առաջ Քոչարյանի արած շեշտադրումները՝ նախորդ ընտրությունների «տառապանքի փորձին» հղում անելով։
Խոսելով 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից՝ Քոչարյանն իր հաջորդին կրկին մեղադրում է «քցող», խոսքը չպահող լինելու, մի բան պայմանավորվելու, մեկ այլ բան անելու մեջ։ Երկրորդ նախագահը նախ հերքում է երրորդի թիմից հնչած այն պնդումը, թե՝ Քոչարյանն է իրենց խնդրել մասնակցել ընտրություններին։ Երկրորդ նախագահի հավաստմամբ՝ ինքն ու Սարգսյանը երբ քննարկել են ընտրություններին մասնակցելու հարցը, վերջինս կտրուկ դեմ է արտահայտվել մասնակցությանը՝ նշելով, թե՝ «Նիկոլը կտանի», իսկ իրենք իրենց մասնակցությամբ կլեգիտիմացնենք ընտրությունները։ Որոշ ժամանակ անց Քոչարյանը մամուլից իմացել է, թե «Հանրապետական»-ը, իմա՝ Սարգսյանը «փոշմանել» է ու որոշել է այնուամենայնիվ մասնակցել։ «Ես զանգել եմ երրորդ նախագահին, ասել եմ՝ ոնց որ դու ասել ես՝ չեք մասնակցում, հիմա որոշել եք մասնակցե՞լ։ Ինքը ասեց՝ դե գիտեք, մեր երիտասարդները հավաքվել են, ինձ համոզել են, որ ճիշտ չի մասնակցել, բայց քանի որ ընտրություն կա, ճիշտ է մասնակցելը։ ․․․Ասեցի՝ ոնց որ մի բան ես ասել, ուրիշ բան է դառնում։ Ինձ համար զարմանալի կլիներ, եթե չմասնակցեին ընտրություններին։ Իմ բանաձևը հետևյալն էր. այո՛, ոչ մեկը մենակ չի կարող հաղթել, այո՛, դեռ Փաշինյանը ունի առավելություն էական, բայց եթե մենք լծվենք այս գործին, հնարավոր է, որ երեք միավորով, չորս միավորով ինչ-որ մի արդյունքի հասնենք գումարային։ Էդ խոսակցությունը եղել է, բայց որ ես ինչ-որ մեկին խնդրեմ, բացարձակ չի եղել»։
Քոչարյանը, ինչպես տեսանք, բացի այն, որ Սարգսյանին մեղադրում է հեղհեղուկ որոշումներ կայացնելու մեջ, այլև մեղադրում է վերջինիս անհեռատեսության մեջ։ Քանի որ, եթե ընտրություններից առաջ պայմանավորվեին ու դաշինք կազմեին՝ միավորելով նաև ՀՀԿ-ի ռեսուրսը, հնարավոր է՝ իշխանությունը վերցներ ընդդիմադիր դաշինքը։ Սերժ Սարգսյանը, փաստորեն, վիժեցրել է նման հավանական սցենարը, ուստի պատասխանատու է 2021-ից այս կողմ տեղի ունեցած զարգացումների, մասնավորապես Արցախի կորստի համար։ Հետևապես, այս համատեքստում շատ հետաքրքիր է՝ արդյոք 2026-ին էլ երկրորդ և երրորդ նախագահները ընտրություններին կգնան միմյանցից անջա՞տ, թե՞ դաշինք կկազմեն՝ «քարի տակ» դնելով եղած հակասությունները։ Քոչարյանն ամեն դեպքում անոնսել է, որ չի բացառում հետընտրական կոալիցիան ՀՀԿ-ի հետ, սակայն ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրությունների գնալը, ինչպես հասկացանք երկրորդ նախագահի ոսկեղենիկ հայերենով ձևակերպված մտքերից, բացառում է։ Իսկը դաշնակցական տրյուկ՝ կողմ ըլլալով դեմ կըլլա, դեմ ըլլալով էլ՝ չի բացառում։
Հ․Մ․