top of page

Արջի շուկա. Ոսկու գինը նվազել է մոտ 20 տոկոսով

  • 11 hours ago
  • 2 min read


Ոսկու համաշխարհային շուկան վերջին ամիսներին շարունակում է մնալ խիստ անկայուն։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։

Այս տարվա սկզբին թանկարժեք մետաղի գինը հասել էր պատմական ռեկորդի մոտ 5,600 դոլարի, սակայն ներկայումս այն տատանվում է շուրջ 4,500 դոլարի սահմաններում՝ արձանագրելով ավելի քան 20 տոկոս անկում։ Տնտեսական շրջանակներում նման նվազումը սովորաբար բնութագրվում է որպես «արջի շուկա»։

«Արջի շուկա» (Bear Market) տերմինը ֆինանսական շուկաներում նկարագրում է իրավիճակ, երբ ակտիվների (օրինակ՝ բաժնետոմסերի կամ կրիպտոարժույթների) գները երկարաժամկետ կտրվածքով նվազում են, և տրամադրությունները շուկայում հոռետեսական են

Վերլուծաբանների կարծիքով՝ ոսկու գնանկման պատճառը միաժամանակ մի քանի գործոնների ազդեցությունն է։ «ABC Bullion» ընկերության գլխավոր մենեջեր Ջորդան Էլիզեոն նշում է, որ հունվարին գրանցված կտրուկ աճից հետո շուկան բնականորեն մտել է շտկման փուլ։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներ նախկինում ևս բազմիցս արձանագրվել են և հաճախ երկարաժամկետ ներդրողների համար դարձել են շահավետ մուտքի հնարավորություն։

Չնայած վերջին անկմանը՝ ոսկու գինը 2025 թվականի հուլիսից ի վեր աճել է շուրջ 70 տոկոսով։ «Nabtrade»-ի տնօրեն Գեմմա Դեյլի գնահատմամբ՝ սա բացառիկ արագ աճ է ցանկացած ակտիվի համար։ Նրա խոսքով՝ ներդրողները շարունակում են ոսկին դիտարկել որպես պաշտպանիչ միջոց՝ գնաճի և աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում։

Շուկայի վրա շարունակում են ազդել նաև Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները։ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը, ինչպես նաև էներգակիրների գների աճի մտավախությունները մեծացնում են անորոշությունը ֆինանսական շուկաներում։ Վերջին օրերին իրավիճակը մասամբ կայունացել է այն բանից հետո, երբ շրջանառվել են հաղորդագրություններ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության և հրադադարի երկարաձգման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում գնաճը շարունակում է բարձր մնալ։ Վերջին տվյալներով՝ սպառողական ծախսերի հիմնական ինդեքսը պահպանվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծացնում է հավանականությունը, որ Դաշնային պահուստային համակարգը դեռ երկար ժամանակ կպահպանի բարձր տոկոսադրույքները։ Սա ևս կարևոր գործոն է ոսկու շուկայի համար, քանի որ բարձր տոկոսադրույքները սովորաբար նվազեցնում են թանկարժեք մետաղների նկատմամբ հետաքրքրությունը։

Այսօրվա դրությամբ ոսկու և արծաթի գները փոքր աճ են արձանագրել։

 
 
1/2699
bottom of page