ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանին ուղղված հարցը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար
- 12 hours ago
- 1 min read

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի մտադրությունների հարցը սկզբունքային է: Այս մասին Վեստի-ին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Իմ կարծիքով՝ այդ հարցը քննարկվելու է բարյացակամորեն։ Մյուս կողմից, հարցը սկզբունքորեն հետևյալն է. դուք ընտրում եք կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն։ ԵՄ-ն չափազանց երկար պատմություն է, շատ երկրներ են ցանկանում անդամակցել ԵՄ-ին, ԵՄ ընդունվելու պատմությունը տարիներ է ձգվում։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա հնարավոր չէ երես թեքել։ Այստեղ շատ բան է կախված Հայաստանից»,- ասել է նա։
Լեբեդևի կարծիքով՝ Հայաստանում նույնպես գիտակցում են Եվրասիական տնտեսական միության նշանակությունը։
«Ուստի հիմա ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել է և՛ [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանը, և՛ շատ այլ գործիչներ, ոչ ոք չի պատրաստվում կապերը խզել։ Հետևաբար, համագործակցությունը կշարունակվի։ Դե, իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, այնտեղ արդեն կտեսնենք»,- հավելել է նա։
Ավելի վաղ Լեբեդևը նշել էր այն պատճառը, թե ինչու Փաշինյանը չէր ժամանել ԵԱՏՄ գագաթնաժողովին։




















