Ընդդիմադիր երկու խմբակները հերթական անգամ մերկացան իրենց ընտրողների առջև՝ ի ցույց դնելով իրենց հակապետական, մորթապաշտ էությունը
- Investigative journalist

- Jul 3
- 3 min read

«ՀԷՑ-ի խլման գործընթաց», «թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է», «ձեր արածը խլելն է, քանդելն է», «ինչ փաթեթավորում էլ դնեք տակը, սա ՀԷՑ-ը խլելու գործընթաց է» և այլն։ Ահա այսպիսի բառապաշարով խորհրդարանական ընդդիմությունը պայքարում է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ունեցվածքի համար։ Առաջ անցնելով նշենք, որ այդ ունեցվածքը չի խլվում։ ՀԷՑ-ի շուրջ գործընթացները ընթանալու են օրենքով սահմանված կարգով։ Աշխարհում, այդ թվում՝ ժողովրդավարական հասարակարգերում, ազգայնացումը, պետականացումը, հանրային գերակա շահը ընդունված և կիրառելի գործիքներ են։
Դո՛ւք, սիրելի քաղաքացիներ, երբեևէ այս ընդդիմության կողմից տեսե՞լ եք, որ այսպիսի ջանասիրությամբ պաշտպանվի ՀՀ ունեցվածքը, որպիսի ջանասիրությամբ այս խմբակը պաշտպանում է սեփական ու սեփական տերերի ունեցվածքը։ Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման պատգամավորները դարձել են հզոր պայքարիստներ։ Իսկ պայքարելու ժամանակն ու տեղը 2000-ականներն էին, երբ իրենց դաշինքի գլուխը «գույք պարտքի դիմաց» օպերացիան իրականացնելով՝ Հայաստանի Հանրապետությունից խլում էր ՀՀ պետական գույքը։ Պայքարել պետք էր այն ժամանակ, երբ Քոչարյանը հասարակ մարդկանցից խլում էր իրենց տները Հյուսիսային պողոտայում։ Պայքարել պետք էր այն ժամանակ, երբ Քոչարյանն ու իր շրջապատը Հայաստանի Հանրապետությունից խլում էին Եռաբլուրի տարածքներից մինչև պետական հիմնարկություններ, մանկապարտեզների շենքերից մինչև զորամասեր։ Սերժ Սարգսյանի խմբակն էլ պետք է պայքարեր այն ժամանակ, երբ իրենց առաջնորդը «ՀայՌուսԳազարդ»-ի վերջին 20 տոկոսն էր խլում Հայաստանի Հանրապետությունից։ Պայքարել պետք էր այն ժամանակ, երբ Վահե Հակոբյանների միջոցով Հայաստանի Հանրապետությունից խլում էին ԶՊՄԿ-ի մասնաբաժինները։ Երեկվա սոված, ծակ կոշիկներով, մի վերնաշապիկով Ղարաբաղից եկածները, անգրագետ դոդերը դառնում էին գործարանների ու հանքերի տերեր։ Ահա այդ ժամանակ էր պետք այսպիսի ջանասիրությամբ պայքարել։
Իսկ ի՞նչ է անում այսօրվա իշխանությունը։ Պետականացնում է։ Չի վերցնում մեկից, հանձնում մյուսին։ Չի վերցնում Վահե Հակոբյանից, Քոչարյանից, Միշիկից և այլն ու տալիս իր շրջապատի մարդկանց։ Պետականացնում է։ Վահե Հակոբյանի փոխարեն ԶՊՄԿ-ում հիմա բաժնետեր է Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը չէ ԶՊՄԿ-ի, ՎիվաՍելի, Ամուլսարի բաժնետոմսերի սեփականատերը։ Նրա եղբայրը չէ, նրա եղբոր որդիները չեն, նրա որդին կամ դուստրերը չեն, փեսան կամ շրջապատի այլ մարդիկ։ Այս գիգանտների բաժնեմասերի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։ Շուտով ՀԷՑ-ի սեփականատերը ևս կլինի Հայաստանի Հանրապետությունը։
Իսկ խորհրդարանական ընդդիմադիր այս երկու խմբակները, 2026-ի ընտրությունների շեմին հերթական անգամ իրենց ընտրողների առաջ մերկանալով, ի ցույց են դնում իրենց հակապետական, մորթապաշտ էությունը։ Այս մարդիկ խորհրդարան չեն գործուղվել Հայաստանի Հանրապետության և կամ նրա քաղաքացիների շահերը սպասարկելու։ Նրանց առաքելությունը սեփական ապօրինի գույքը կամ իրենց տերերի գույքը ատամներով պահելն է։
Շատ ողորմելի տեսարան է նաև այն, որ այս խմբակները փորձում են այս ճղճիմ առաքելությունը փաթեթավորել որպես մտահոգություն, թե՝ այ, որ ՀԷՑ-ը սեփականաշնորհվի՝ բարերար Սամվել Կարապետյանը հայց կներկայացնի ընդդեմ ՀՀ-ի ու միջազգային արբիտրաժային դատարանում կհաղթի, ու ՀՀ-ն ստիպված կլինի մեծ գումարներ վճարել Կարապետյանին։ Գուցե իրենց թվում է, թե ուժեղ մանիպուլյացիա է, կաշխատի, բայց, հարգելիներս, ուզում եմ հիշեցնել, որ այս ողորմելի շանտաժը անում էին նաև այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանը խզում էր պայմանագիրը նախկին իշխանությունների հովանավորությունը վայելող «Սանիտեքի» հետ։ Այն ժամանակ էլ էին շանտաժ անում, թե եթե նման բան տեղի ունենա, «Սանիտեքը» կդիմի արբիտրաժային դատարան, կհաղթի, մեծ գումարներ ստիպված կլինենք վճարել և այլն։ Սա Սամվել Կարապետյանի գրպանի պատգամավորների ողորմելի շանտաժն է, ուրիշ ոչինչ։ ԶՊՄԿ-ի մասով էլ էին ասում, որ ահա, կդիմեն արբիտրաժ, չի կարելի նման բան անել։
Մյուս, իբր հաղթաթղթի վերնագիրը՝ «ներդրումային համբավ»։ Ասում են, որ ահա ներդրողները սա տեսնելուց հետո այլևս չեն ուզի ներդրումներ կատարել Հայաստանում։ Դե իհարկե՝ Վահե Հակոբյանի նմանները չեն ցանկանա։ Որովհետև չեն էլ կարողանա նախկինի նման կոպեկներով պետական գույք կամ պետական մասնաբաժիններ ձեռք գցել։ Իսկ բարեխիղճ որևէ ներդրողի համար սա խնդիր չի կարող լինել, ինչպես խնդիր չէ, օրինակ, աշխարհահռչակ NVIDEA ընկերության համար, որը շուրջ 500 մլն դոլարի ներդրում է կատարում։
Վերջում՝ անդրադառնալով որևէ պետական ընկերության կամ պետական մասնաբաժին ունեցող ընկերության կառավարման հարցերին. այո՛, պետությունները վատ տնտեսվարողներ են։ Սա աքսիոմա է։ Բայց ո՞վ է ասել, որ դրա լուծումը պետական ու ազգային հարստությունը կոպեկներով սրան-նրան բաժանելն է։ ՀԷՑ-ը, օրինակ, ընդամենը 12 մլն դոլարով է խլվել Հայաստանից։ Բացարձակ պարտադիր չէ, որ պետությունն ինքը կառավարի պետական կամ ազգային սեփականությունը։ Նա դա կարող է պատվիրակել մասնավորին։ Բայց պահելով սեփականության իրավունքն ու եկամուտները։
Վովա Հակոբյան




















