Տիգրան Աբրահամյանի թարս «ինքնաչափալախը»
- Investigative journalist

- Oct 20
- 3 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն օրերս հայտնի ընդդիմադիր «փոդքասթչիների» տաղավարում փշաքաղված աքլորի կերպարի մեջ մտած ազատություն էր տվել լեզվին՝ թիրախավորելով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին։ Ակնհայտ է, որ նախընտրական այս շրջանում նախկին ռեժմի պարագլուխները հանձնարարական են իջեցրել իրենց թիմերին՝ անվանարկել, պախարակել ՔՊ-ի թեկնածուին՝ Վաղարշապատում «Գյումրի-2» օպերացիան իրականացնելու շրջանակներում։ Մեխակյանին թիրախավորողները նրան երեսով են տալիս իր հոր՝ ազատամարտիկ, ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված Մեխակ Մեխակյանի վաստակն ու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին մեղադրում «ուրացման» մեջ։ Ուղղորդված հակաքարոզչությունն իրականացվում է էմոցիոնալ թեզի գեներացմամբ՝ կյանքը հանուն Ղարաբաղի զոհաբերած ազատամարտիկի որդին անդամ է մի թիմի, որը «տանուլ է տվել 44-օրյա պատերազմն ու հանձնել Ղարաբաղը», այդ թվում՝ իր հոր անունով վերանվանված Մեխակավանը, իսկ նա, ահա, հանուն պաշտոնի ու փողի ծախել է իր հոր վաստակը։
Արդ, ի՞նչն է խոցել Սերժ Սարգսյանին, որն իր կրտսեր կուսակցի բերանով այժմ փորձում է անվանարկել Արգիշտի Մեխակյանին, ընդհուպ նրան «չափալախելու» ցանկություն հայտնել։ Այն, որ Մեխակյանն իրերն իրենց անունով է կոչել, «Ղարաբաղը հանձնելու», «ուրացման» վերաբերյալ իրեն ու իր քաղաքական թիմին ուղղված մեղադրանքները վերահասցեագրել ճիշտ հասցեներով՝ ղարաբաղյան պատերազմի ալիքի վրա իշխանության եկած, Ղարաբաղի հարցի լուծման հարցը շահարկելով վերարտադրված, Հայաստանն ու Ղարաբաղն էլ վրադիր կեղեքած, պետական կառավարումն ուզուրպացրած խունտային։ Ու քանի որ Մեխակյանը իրերն իրենց անուններով կոչելու համատեքստում հանդգնել է հոլովել նաև իր հոր մարտական ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի անունը, ապա պետք է «փչացնել» նրան՝ մոռանալով, որ դիմացինը իր մարտական ընկերոջ որդին է։ Մեխակյանին «շարքից հանելու» օպերացիան իրականացվում է՝ որպես «կոմպրոմատ» վկայակոչելով նրա կենսագրականի այն շրջանը, երբ աշխատել է նախկին իշխանության օրոք։ Մասնավորապես՝ 2008-2010թթ. Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, 2010-2014թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի (Երվանդ Զախարյանի) օգնական, 2014-2016թթ.՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական: Եվ ահա, այս մարդը այսքանից հետո հանդգնել է մաս դառնալ ՔՊ-ական իշխանությանը։ Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի օրոք պետական ապարատում աշխատած լինելը ժողովրդական լեզվով ասած՝ «այիբ» է, մի անպատվելի բան, բիծ, խարան, որը կրողները, փաստորեն, պետք է 2018-ից հետո դադարեին հավակնել պաշտոնի, պաշտոնեական առաջխաղացման, իսկ ավելի լավ է՝ արտագաղթեին երկրից՝ Սերժի օրոք օգնականի պաշտոն զբաղեցրած լինելու խայտառակությունը բոլորի աչքից հեռու հաղթահարելու համար։ Մեխակյանի մասին երիտհանրապետականի՝ Շարմազանովի ասած «դիշովի» դիտարկումները լսելուց հետո ցանկացած ողջախոհ ՀՀԿ-ականի մոտ պետք է որ անզուսպ ցանկություն առաջանար մի լավ, ջիգրայով չափալախ նվիրել նրան՝ Սերժի օրոք պաշտոն զբաղեցրած լինելը «կոմպրոմատ» համարելու համար։
Ի դեպ, Աբրահամյանը փորձում էր Սերժ Սարգսյանից սկզբունքային մարդու, ազնվության ու բարոյականության տիպար կերտել՝ նշելով. «Սերժ Սարգսյանն իր բոլոր մարտական ընկերներին, նույնիսկ էն մարդկանց, ովքեր տարբեր փուլերով, տարբեր իրավիճակներով պայմանավորված Սերժ Սարգսյանի դեմ ինչ-որ բաներ են խոսել, բաներ են արել, Սերժ Սարգսյանը երբեք թույլ չի տվել քննադատելու, թիրախավորելու, ինչ-որ բաներ ասելու»։ Սերժի Տիկոն, ինչպես երևում է, երջանիկ անտեղյակության մեջ է, այլապես «մարտական ընկեր», «թիրախավորել» բառերը նրա անվան կողքին հոլովելուց առաջ իրեն նեղություն կտար ու կվերհիշեր ոչ վաղ անցյալի դեպքերը։ Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը խոսքով թիրախավորելու փոխարեն նախընտրում էր թիրախավորման ավելի կոշտ ու անմարդկային մեթոդներ, մասնավորապես բանտ էր ուղարկում իր մարտական ընկերներին՝ դրանից բխող հետևանքներով։ Ի գիտություն Աբրահամյանի՝ Սմբատ Այվազյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հովհաննես Հարությունյանը․․․ «Մարտի 1-ի» շինծու գործերով քրեական հետապնդման են ենթարկվել, դատապարտվել ու համաներմամբ ազատ արձակվել, ընդ որում՝ միջազգային կառույցների պարտադրանքով․․․
Ի դեպ, Տ․ Աբրահամյանին առաջարկում ենք ՔՊ-ական պաշտոնյաների սկզբունքայնության մասին խոսելուց առաջ մի քիչ էլ ուսումնասիրել ՀՀԿ անունով «օջախի հոր» սկզբունքայնության էպոպեան։ Այդ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն էր, որ 1996 թ․ նախագահի ընտրություններից հետո, երբ իր նախկին «մարտական ընկեր» Վազգեն Մանուկյանն իր աջակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, մասնավորապես ազդարարեց՝ «խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով»: Այդ նույն բախտախնդիրը, «ռեսպուբլիկան խայտառակած»-ը ժամանակին Սարգսյանին անվանել էր «Ադրբեջանի կոմկուսի և կոմսոմոլի նոմենկլատուրայի» ներկայացուցիչ, մասնավորապես 2007-ին էլ՝ «իդիոտ»: «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել և ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»,- Մանուկյանի «իդիոտին» «իդիոտով» էր արձագանքել Սերժ Սարգսյանը, որը, սակայն, որոշ ժամանակ անց սկզբունքայնության «մաստեր կլասս» ցույց տվեց՝ Վ․ Մանուկյանին օգնեց գտնել իր տեղը՝ նշանակեց իրեն կից «Հանրային խորհրդի» նախագահ։
Սարգսյանի քաղաքական սկզբունքայնության ամենաաղաղակող ու թարմ դրսևորումը, թերևս, 2017-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ցուցաբերած վարքն է։ Ծառուկյանը, հիշեցնենք, 2015-ին Սերժ Սարգսյանին անվանում էր «չարիքի իշխանություն» ու բուրժուադեմոկրատական հեղափոխության միջոցով փորձում էր վերացնել երկրում առկա՝ սերժսարգսյանական կառավարման «գաղջ մթնոլորտը», սակայն ենթարկվեց անողոք «փչացման»։ 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ նախագահը Գագիկ Ծառուկյանի հետ նորից «ախպերություն» էր՝ կողմերը մոռացել էին միմյանց «պուբլիչնի փչացնելու» նողկալի ակտի մասին ու թաթախվել ընտրական «տասովկաների» մեջ։
Հ.Գ. Ի դեպ, Տիգրան Աբրահամյանից ուզում ենք հարցնել՝ երբ իմացավ, որ նախկին ՀՀԿ-ական, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, Տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը՝ նույն ինքը՝ Տարոն Մարգարյանի «Սաքուլիկը», Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում գլխավորելու է Քոչարյանի քաղաքական պրոյեկտ «Հաղթանակ» դաշինքը, ի՞նչ զգացողություն ունեցավ՝ Խաչատրյանին չափալախելո՞ւ, թե՞ «քացու տակ» առնելու։ Հիշյալ դաշինքը, ի դեպ, ձևավորել են ՀՅԴ-ն ու երկրորդ նախագահի թիմակիցների հիմնած «Առաջ» կուսակցությունը։ Արդ, Տ. Աբրահամյանն ինչպե՞ս կբնութագրի Սևակ Խաչատրյանի քայլը՝ լքել Սերժ Սարգսյանին, նրա ղեկավարած կուսակցությունն ու հայտնվել Ռոբերտ Քոչարյանի թիմում՝ ուրացո՞ւմ, փախուստ խայտառակությունի՞ց, թե՞, գուցե, ինքնաչափալախ։
Ելենա Ազատյան




















