top of page

Viva-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 3 min read
ree

Միջազգային ինտերնետ կայուն կապի ապահովումը կարող է մարտահրավեր լինել դեպի ծով ելք չունեցող երկրների համար: Քանի որ ցանցերն այսօր ավելի շատ են ապավինում ծրագրային ֆունկցիաների և բովանդակության մատակարարման ցանցերին (CDN), տվյալների կենտրոններն ինտերնետի անխափան գործունեության համար դարձել են ծայրահեղ կարևոր։ Այս և այլ թեմաներ են քննարկվել նոյեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած ArmIGF2025-ում՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում։

Համաժողովը կազմակերպել էր «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խումբը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ICANN, RIPE NCC, IGFSA և այլ միջազգային գործընկերների աջակցությամբ։

Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, RIPE NCC, Հանրային կապերի և քաղաքականության մշակման ավագ խորհրդական, ԻԿԽ միջգերատեսչական խմբի անդամ Վահան Հովսեփյանը, ICANN Եվրոպայի կառավարիչ տնօրեն և շահագրգիռ կողմերի հետ կապերի գծով փոխնախագահ, IGFSA գործադիր կոմիտեի անդամ Քրիստոֆեր Մոնդինին, Eutelsat-ի՝ Կենտրոնական Ասիայի շուկայի հասանելիության և վաճառքի տնօրեն Դմիտրի Վետլուգինը, Ինտերնետ կառավարման համաժողովի քարտուղարություն, ինտերնետ կառավարման և քաղաքականության խորհրդատու Անյա Գենգոն և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

ree

Համաժողովում ողջույնի խոսքով հանդես է եկել Հակոբ Արշակյանը: Հայաստանի զարգացման համատեքստում Արշակյանն անդրադարձել է փոփոխվող աշխարհում ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների առանցքային նշանակությանը: Անդրադառնալով զարգացման նոր հնարավորություններին, արհեստական բանականության, ռոբոտաշինության ու ավիատիեզերական ոլորտների զարգացմանը՝ նա, մասնավորապես, նշել է. «Առերեսվում ենք մի իրավիճակի, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական շղթաներ: Այն արդեն մեր կյանքում է, բայց դրա ներկայությունը, կարծում եմ, առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը»: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է տարբեր ժամանակներում ոլորտում նորարարության ազդեցությունների, դրանց վերաբերյալ վերաբերմունքի մասին: «Երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերը կապված են լինելու այն հանգամանքի հետ, թե երկրները որքանով են կարողանում նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան, ավիատիեզերական տեխնոլոգիաներն օգտագործել իրենց զարգացման, իրենց հասարակություններին ծառայեցնելու համար եւ որքանով է այդ կրթական միջավայրը հասանելի լինելու մարդկանց ու որքանով են մարդիկ դրանից օգտվելու»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Հոբելյանական ArmIGF2025 համաժողովը, որը բազմակողմանի երկխոսության բաց և ներառական հարթակ է, համախմբել է պետական ու մասնավոր հատվածի, տեխնիկական և ակադեմիական համայնքների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու մեր երկրի ինտերնետային կապի ապահովման եղանակներն ու տարբերակները՝ հաշվի առնելով այսօր աշխարհում այս ոլորտում լայն թափով ընթացող տեխնիկական առաջընթացը, ինչպես նաև ինտերնետի կառավարմանը վերաբերող հարցեր։

«Որպես .am և .հայ դոմենների կառավարիչ կազմակերպություն, կանգնած լինելով ինտերնետը Հայաստան բերելու ակունքներում, մենք շարունակում ենք նախանձախնդիր լինել համացանցը զարգացնելու ու տարածելու գործում։ Այն կրթական և տնտեսական զարգացման անփոխարինելի ռեսուրս է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի անվտանգությունն ու ապագան։ Ուստի Հայաստանն ինտերնետ դիմակայության և ապահովության համար առաջնայնորեն պետք է լուծի դեպի Եվրոպա կամ Ասիա իր սեփական այլընտրանքային մալուխն ունենալու հարցը»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը։ Ըստ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահի, արտաքին կապից կախվածությունը նվազեցնելու նպատակով պետք է զարգացվեն նաև թրաֆիքի փոխանակման կենտրոնները, քայլեր ձեռնարկվեն լայնաշերտ ինտերնետ կապն ամենահեռավոր համայնքներում ընդլայնելու նպատակով։  

ArmIGF 2025-ում Հայաստանի ինտերնետ համայնքի ու համացանցով հետաքրքրված մասնագետների քննարկման թեմաներից էին նաև թվային կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, բովանդակության կարգավորման, անվտանգության և օգտատերերի իրավունքների հավասարակշռման հարցերը։

«Viva-ի ցանցային ռազմավարությունը հիմնված է կրկնօրինակման, տեխնոլոգիական բազմազանության և շարունակական նորարարության սկզբունքների վրա։ Մենք ստեղծել ենք բարձր դիվերսիֆիկացված օպտիկական մագիստրալ, որը միավորում է Եվրոպայի մեր կապի հանգույցները (PoPs)՝ ամբողջությամբ անկախ ցամաքային և ստորջրյա երթուղիներով՝ ձևավորելով դիմացկուն գլոբալ օղակ։ Մեր հիբրիդային ճարտարապետությունը, որը միավորում է ցամաքային ցանցերը, ամպային հարթակը և ցանցային ֆունկցիաների վիրտուալիզացիան (NFV), պատրաստվում է հաջորդ փուլին՝ արբանյակային կապի ներդրմանը՝ կարևորագույն ենթակառուցվածքների առավելագույն հասանելիությունն ապահովելու նպատակով։ Մեր վերջնական նպատակը Հայաստանի համար թվային ինքնիշխանության և անխափան կապի երաշխավորումն է՝ անկախ հանգամանքներից», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

ree

ArmIGF-ն ամեն տարի նախաձեռնում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խումբը։ Նպատակն է բազմաշահառու մոդելով քննարկել ու մշակել ինտերնետ կառավարմանն ու զարգացմանն առնչվող տարբեր խնդիրների լուծման առաջարկություններ։

ԻԿՀ կազմում ընդգրկված են պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ:

 
 
1/2377
bottom of page