top of page

Մեր հավաքականի համար տարին հաջող չէր, իսկ Աշխարհի առաջնությունում ձախողումն ինձ համար կանխատեսելի էր

  • Nov 20, 2022
  • 5 min read

ree

MediaHub.am-ը ֆուտբոլային տարին ամփոփել է ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանի հետ։


Ինչպիսի՞ն էր տարին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար։ Այս տարի տեղի ունեցավ Աշխարհի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլը, որի սկզբնական մասում Հայաստանի ազգային հավաքականը իրեն շատ լավ դրսևորեց, իսկ մյուս մասում անհաջող խաղ ցուցադրեց։ Ինչո՞վ էր սա պայմանավորված և որքանով էր կանխատեսելի։


- Հայաստանի ազգային հավաքականի համար տարին, իհարկե, պետք է համարել անհաջող՝ հաշվի առնելով, թե ինչ խնդիր էր դրված մեր ընտրանու առաջ։ Ինչ վերաբերում է Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկին եւ ավարտին, ապա կոնրկետ ինձ համար կանխատեսելի էր։ Ընտրական փուլը կատարելապես ցույց տվեց մեր խնդիրները։ Պետք է հստակ արձանագրել, որ ազգային հավաքականը չունի հաղթողի հոգեբանություն, չունի թիմային ոգի։ Հասկանալի է, որ Գերմանիայի հավաքականի հետ ընդգրկված լինելով նույն խմբում, առաջին հորիզոնականի հույս չպետք է ունենայինք։ Մեկնարկային երեք խաղերից հետո մենք գլխավորում էինք խումբը։ Բնական է, որ չէինք կարողանալու պահել առաջին հորիզոնականը, բայց պարտավոր էինք պահել երկրորդը։ Բայց, ինչպես նշեցի, մենք չունենք հաղթողի հոգեբանություն։ Մենք չենք կարողանում պահպանել առավելությունը, ամրապնդել այն, ավելացնել եւ, ի վերջո, հասնել նպատակին։ Ընտրական փուլի մեկնարկում հիշարժան էր այն, որ Խոակին Կապառռոսը խաղում էր ընդգծված հարձակողական ֆուտբոլ։ Մինչդեռ մրցաշարի երկրորդ հատվածում մենք տեսանք վախեցած եւ խոր պաշտպանությանը միտված թիմ։ Պետք է նշել, որ առանցքային նշանակություն ունեցող խաղերում մենք հանդես եկանք առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ պետք է անփառունակ կերպով միավորներ կորցնեինք։ Տակտիկական վերլուծություն հիմա չեմ անի, պարզապես կփաստեմ, որ աստիճանաբար անհասկանալի դարձավ Կապառռոսի մտածելակերպը։ Առաջին հերթին ինձ համար անհասկանալի էր ֆուտբոլիստներ հրավիրելու սկզբունքը։ Մենք ֆուտբոլիստների լայն ընտրություն չունեցող երկիր ենք, բայց դա ամենեւին չի ենթադրում, որ մի հավաքի կամ մեկ-երկու խաղերի հայտացուցակներում կարող են լինել մի խումբ ֆուտբոլիստներ, ովքեր տարօրինակ կերպով բացակայում էին հաջորդ հավաքի կամ խաղերի համար նախատեսված հայտացուցակներում՝ այդ ֆուտբոլիստների փոխարեն հրավիրելով նոր խաղացողների։ Նման մոտեցումը ամենեւին չի կարող նպաստել հավաքականի հաջողություններին։ Չի լինում նման բան եւ, ինչպես տեսանք, չեղավ։ Բազմաթիվ սխալների պատճառով մենք ձախողեցինք ընտրական այս փուլը։


Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի ներքին առաջնությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի ֆւտբոլի ֆեդերացիայի և ակումբների միջև տեղի ունեցող կոնֆլիկտներին։ Որքանո՞վ են նման դեպքերն ազդում հայկական ֆուտբոլի վարկանիշի վրա միջազգային հարթակներում։


- Ներքին առաջնությունում տեղի ունեցող իրադարձություններին, բնականաբար, չեմ կարող ունենալ նորմալ վերաբերմունք։ Նախ, ակնհայտ է, եւ ես էլ անձամբ կփաստեմ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հայկական ակումբներին բաժանել է յուրայինների եւ օտարների։ Այն ակումբները, որոնք 2019թ․-ին ֆեդերացիայի նախագահի ընտրություններում չեն աջակցել ներկայիս նախագահին, նրանք ակնհայտորեն օտար ակումբներն են։ Հետեւաբար, նրանք, որոնք ձայն են տվել ներկայիս նախագահին՝ յուրայիններն են։ Միայն Հայաստանում կտեսնեք նման բան, որ ֆուտբոլային գերատեսչությունն ակումբներին այսպես պառակտի։ Ինձ համար զարմանալի է ՈՒԵՖԱ-ի վերաբերմունքը, որը որեւէ կերպ չի արձագանքում ներքին առաջնությունում տեղի ունեցող անընդունելի իրադարձություններին։ Ճիշտ է՝ ՈՒԵՖԱ-ի անմիջական պարտականությունների մեջ չի մտնում սա, բայց նաեւ չես կարող չնկատել, թե քո կազմակերպության անդամ երկրում ինչպես են ակումբները մեկը մյուսի ետեւից լքում առաջնությունը։ Սա անպայման պետք է հարցեր առաջացնի նաեւ ՈՒԵՖԱ-ում, բայց անհասկանալի կերպով լուռ է նաեւ այդ կառույցը։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքս, ասեմ, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում՝ օրացուցային տարվա, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից դուրս է եկել 4 ակումբ։ Մեկ ակումբ էլ հրաժարվել է կանանց Բարձրագույն խմբի առաջնությունից։ Ընդ որում, Բարձրագույն խմբի առաջնությունից հրաժարված 4 ակումբներից 2-ը՝ հրաժարվելու պահին, եղել են լավագույն եռյակում եւ հավակնել են եվրագավաթային ուղեգրի։ Կանանց առաջնությունից էլ հրաժարվել է նախորդ առաջնության չեմպիոնը, ասել է թե՝ գործող չեմպիոնը։ Այս ամենը, նորմալ երկրներում, կհայտնվեր նույնիսկ պետական ուշադրության կենտրոնում։ Բայց դա նորմալ երկներում։ Իսկ Հայաստանի նման անհասկանալի երկրում թքած ունեն նման իրավիճակի վրա։ Կարեւորը, որ ֆեդերացիայի համար յուրային ակումբները առաջնությունում են։ Օրինակի համար ասեմ, որ բոլորովին վերջերս Ռուսաստանի Պրեմիեր Լիգայից դուրս գալու հայտարարություն արեց Մոսկվայի Սպարտակը։ Անմիջապես հետեւեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի հստակ արձագանքը, հարցը հասավ մինչեւ Պետական Դումա։ Այնուհետեւ Սպարտակի ղեկավարության հետ շտապ հանդիպում կազմակերպեց Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարությունը։ Արդյունքում, հարցը լուծվեց, եւ Սպարտակը ելույթներն է շարունակում Ռուսաստանի ուժեղագույն դիվիզիոնում։ Դա ընդամենը 1 ակումբ էր, բայց տեսեք, թե ինչպիսի արձագանք է եղել խնդրին։ Իսկ մեզ մոտ առաջնությունից հրաժարվում է 4 ակումբ՝ քար լռություն։ Սա չի կարող դրական անդրադառնալ առաջնության ընթացքի ու մակարդակի վրա։ Մենք խոր խնդիրներ ունենք նաեւ ներքին առաջնությունում՝ որքան էլ ֆեդերացիայի ղեկավարությունը թմբիրի մեջ գտնվող հասարակության համար գոռա, որ մեր ֆուտբոլը հիանալի մակարդակի վրա է։


Այս տարի ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցավ բացառիկ երևույթ, մասնավորապես «Եվրո-2020»-ը, որը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր, տեղի ունեցավ 2021թ-ին, բայց «Եվրո-2020» խորագրի ներքո, ընդ որում ոչ այն շուքով, որով տեղի էր ունենում նախկինում ու կիսադատարկ դահլիճներով։ Դա ինչպե՞ս անդրադարձավ ֆուտբոլի պատմության վրա և ընդհանրապես ինչպե՞ս է հիշվելու այս առաջնությունը և որքանո՞վ էր տարբերվում նախորդներից։


- Եվրոպայի առաջնությունը հիշվելու է հենց կորոնավիրուսով պայմանավորված տարօրինակ ընթացքով։ Ֆուտբոլը զգալիորեն կորցնում է հմայքը, եթե խաղերն անցկացվում են դատարկ կամ կիսադատարկ տրիբունաներով։ Ամեն դեպքում, ի պատիվ Եվրո-2020-ին մասնակցած հավաքականների, արվեց առավելագույնը, որպեսզի ֆուտբոլասերը հաճույքով հետեւի առաջնությանը։ Նաեւ պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվեց միանգամից մի քանի երկների մի քանի քաղաքներում։ Սա նպատակ ուներ մեծ ֆուտբոլը հասանելի դարձնել տարբեր քաղաքների համար։ Եթե խոսենք կոնկրետ մեկ գործոնի մասին, որով այս առաջնությունն ընդմիշտ կմտնի ֆուտբոլային պատմության մեջ, ապա պետք է հատուկ նշել Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ կապված դրվագը, երբ դանիացին, հենց խաղադաշտում, կորցրեց գիտակցությունը։ Նաեւ, առաջնությունն աչքի ընկավ մի շարք տպավորիչ խաղերով, բացահայտումներով եւ հաստատապես կմնա ֆուտբոլասերների հիշողության մեջ։


Մեսին հերթական անգամ արժանացավ ոսկե գնդակի, սա թեև սպասելի էր ֆուտբոլասերների կողմից, բայց նաև հանդիպեց քննադատության ալիքի։ Ըստ ձեզ, որքանով էր արդարացված Մեսիին լավագույն ֆուտբոլիստ ճանաչելը, հաշվի առնելով այն, որ Մեսիին այս տարի «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ։


- Ֆուտբոլիստի տեղափոխությունը մեկ ակումբից մյուսը, ամենեւին կապ չունի լավագույնը ճանաչվելու հետ։ Այստեղ խնդիրը Բարսելոնա-Պարի Սեն-Ժերմեն տեղափոխությունը չէր։ Խնդիրն այն էր, որ իր հավաքականի հետ Մեսսին ընդամենը դարձավ Հարավային Ամերիկայի չեմպիոն։ Ակումբային մակարդակում՝ արգենտինացին արդյունքներ չունեցավ։ Մի տեսակ տպավորություն է, որ ֆուտբոլային աշխարհը սեւեռվել է Մեսսիի տաղանդի վրա՝ ընդամենը։ Առավել քան ցավալի է, որ Մեսսիի, ինչպես նաեւ Մեսսի-Ռոնալդու դիմակայության ստվերում մնում են այլ ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես արժանի են։ Մասնավորապես, Մյունխենի Բավարիայի եւ Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Հասկանալի է, որ մրցանակը շնորհվում է տարվա ընթացքում ձեռքբերումների համար, բայց սա, միեւնույն ժամանակ, ճիշտ չափանիշ չէ։ Երեւի հենց սա է պատճառը, որ անձամբ ես՝ լուրջ չեմ վերաբերվում լավագույն ֆուտբոլիստ ընտրելու գաղափարին։ Ի դեպ, նույնը կարող եմ ասել նաեւ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության մասին։


Այս տարի նոր առաջնության մեկնարկը տրվեց՝ «Կոնֆերենցիաների գավաթը», ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջնությանը և որքանով է այն տարբերվելու մինչ այժմ անցկացվող մյուս առաջնություններից։


- Կոնֆերենցիաների լիգան, ի սկզբանե, ստեղծվել է այն նպատակով, որպեսզի կարգով ավելի ցածր ակումբները, նոր զարգացող երկրները ներկայացնող ակումբները, հնարավորություն ունենան մասնակցել եվրագավաթային որեւէ մրցաշարի։ Հենց այս տրամաբանության մեջ մրցաշարին մասնակցեց Հայաստանի գործող չեմպիոնը՝ Երեւանի Ալաշկերտը։ Առհասարակ, պետք է լավ վերաբերվել Կոնֆերենցիաների լիգային։ Բայց, բացի լավ վերաբերվելը, պետք է նաեւ լուրջ վերաբերվել։ Ալաշկերտը, որը Հայաստանի պատմության մեջ դարձավ առաջին ակումբը, որը մասնակցեց եվրագավաթային մրցաշարի խմբային փուլին, չկարողացավ ճիշտ պատրաստվել։ Որպես արդյունք՝ Ալաշկերտը լիովին ձախողվեց։ Հայկական բոլոր ակումբները պետք է գիտակցեն, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այս մրցաշարի խմբային փուլում։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարձրության վրա լինի նաեւ ակումբում տարվող աշխատանքը։ Ալաշկերտը ձախողեց նաեւ ակումբային սխալ աշխատանքի պատճառով։ Սակայն, ամեն դեպքում, պետք չէ մեղադրել Ալաշկերտին։ Կարեւորն այն է, որ մենք ունեցանք եվրագավաթային մրցաշարի խմբային փուլ, տեսանք եվրոպական ֆուտբոլը՝ Երեւանում։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի նույնպես, մենք մասնակից կունենանք եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում եւ, օգտվելով առիթից, մաղթում եմ, որպեսզի եվրոպական ասպարեզում՝ հաջորդ մրցաշրջանի համար, հայկական ակումբների ելույթները լինեն բացառապես հաղթական։

 
 
1/2383
bottom of page