«Գարեգին Բ»-ն հայտնվել է «Աբսուրդի պատ»-ին՝ «հետույք» բառի կողքին
- Investigative journalist

- 19 hours ago
- 3 min read

ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության թեման «եփել» փորձող նախկին իշխանությունը, որի օրոք, ի դեպ, ՀՀ բանտերը լցված էին քաղբանտարկյալներով, ու այդ փաստը ֆիքսվում էր միջազգային կառույցների կողմից, զբաղված է Երևանի «սրտում»՝ Հյուսիսային պողոտայում, միմոսություն անելով։ Ակնհայտ է, որ սույն ակցիան հղացածների մոտ ստեղծագործական ճգնաժամ է, այլապես մի խելքը գլխին բան կբստրեին, գոնե այնպիսին, որ հակառակ քարոզչական էֆեկտը չստանային։ Եվ ուրեմն, մի գրատախտականման բան են տեղադրել հիշյալ պողոտայում, անունը դրել «Աբսուրդի պատ», որի մի անկյունում էլ լուսավորել են հանրությանը՝ «Հայաստանում դու կարող ես բանտարկվել հետույք բառի համար»։ Ընդ որում, «հետույք» բառը գրել են մեծադիր տառերով, այնպես, որ միանգամից աչքի զարնի։ Այդ գրատախտակի վրա անցնող-դարձողները ի ցույց են դրել հայերենի իրենց իմացությունը՝ տարատեսակ նախադասություններ գրելով։ Ասենք, Հայկ Մամիջանյանը ակցիան լուսաբանող տեսախցիկի առաջ գրել է «Ազատություն քաղբանտարկյալներին», մեկը Նիկոլ Փաշինյանին է որոշել «նախշել»՝ գործածելով «նեռ» բառը, և այսպես շարունակ… Ինչն է ուշագրավ՝ «աբսուրդի պատ»-ի գրառումներին նայելիս միանգամից աչքի է զարնում մեծադիր տառերով գրված՝ «Գարեգին Բ-ի անունը տալ չի կարելի» նախադասությունը։ Փաստորեն, երբ օրերս Սերժ Սարգսյանն ազդարարում էր, թե սպասում են Գարեգին Բ-ի հորդորին, որ տեղներից իրար գան ու ի պաշտպանություն եկեղեցու մի բան կազմակերպեն, սա նկատի ուներ։ Իսկը տեղին է արձանագրել՝ ուզում էին լավ բան անել, բայց… անհարմար բան ստացվեց։ Գարեգին Բ-ի, նույն ինքը՝ Կտրիճ Ներսիսյանի անունը ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեց «Աբսուրդի պատ»-ին, որտեղ կա նաև «Հետույք» բառը։ Այ, այ, այ այ այ․․․
Մի դիտարկում էլ. ընդդիմությունը պատեհ-անպատեհ շահարկում է ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատության, ավելի ճիշտ՝ անազատության հարցը, ահազանգում բռնաճնշումների մասին։ Այս էժանագին ակցիան՝ ի տես «Աբսուրդի պատ»-ի, ՀՀ-ում խոսքի, արտահայտման ազատության պերճախոս ցուցիչն է։ Եթե մի այդօրինակ «պատ» էլ, օրինակ, Երևանի բանուկ հատվածներից մեկում զետեղենք, տեսնես մարդիկ ինչե՜ր կգրեն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ընդհանրապես նախկին իշխանությունների մասին։ Համոզված ենք, որ մեկ կամ մեկ տասնյակ այդպիսի «պատերը» չէին բավականացնի նախկինների ամոթալի կերպարը վրձնելու, նրանց մասին սրտներում կուտակված ասելիքը գրելու համար։
«Աբսուրդի պատ», խոսքի ազատություն ասացինք՝ հիշեցինք մի կուրյոզ դեպք, որը տեղի է ունեցել 2002 թվականին։ Եվ ուրեմն, հիշյալ տարվա հունիսին Արարատի բնակիչ Ջանիկ Ադամյանը մի քանի թռուցիկ էր պատրաստել ու փակցրել շենքերի պատերին։ Թռուցիկում շարադրված էր Ադամյանի հեղինակած բանաստեղծությունը, որում կային հետևյալ տողերը. «Անաղուհաց քրդի շունը շուտ մոռացավ Վազգենին, Հաստատ խառն է նրա մատը «Հոկտեմբերի 27»-ի գործին»:
Գիտե՞ք իշխանություններն ինչ էին արել. Քոչարյանի կարգադրությամբ Ջանիկ Ադամյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախագահին զրպարտելու համար։ Աբսուրդ է, չէ՞։ Եվ սա այն դեպքում, երբ Քոչարյանի անունն ընդհանրապես չէր հիշատակվում այդ բանաստեղծության մեջ։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը «անաղուհաց քրդի շուն» արտահայտությունն իրեն էր վերագրել, ինչպես նաև «Հոկտեմբերի 27»-ի գործում» իր մատը խառը լինելու մեղադրանքը:
Ավելին, գործի շրջանակներում ձերբակալել էին այդ բանաստեղծությունը մեքենագրած մի կնոջ՝ Ջեմմա Սահակյանին: Գիտե՞ք ինչի համար. որ մեքենագրել է:
Այս պատմության շարունակությունն ավելի գրոտեսկային էր: Դատավարությունը սկսվում է, ամբողջ Հայաստանը սկսում է «անաղուհաց քրդի շնից» խոսել, համակ ուշադրությամբ հետևում դատավարությանը, ու… նոր իշխանությունները գլխի են ընկնում, թե ինչ ողբալի վիճակում են հայտնվել, որովհետև մեղադրանք առաջադրելով՝ իշխանություններն ընդունել էին, որ մարդամեկը «անաղուհաց քրդի շուն» է և մատն էլ խառն է 27-ի ոճրագործությանը: Ինչպես օրվա մամուլն է վկայում՝ մեղադրող դատախազն ասում էր. «Ջանիկ Ադամյան, դուք ասել եք՝ «անաղուհաց քրդի շուն», էդ հաստատ Քոչարյանին եք նկատի ունեցել», ու ամբողջ դահլիճը ծիծաղում էր:
Հասկանալով, որ իրավական տրագիկոմեդիան շարունակելն անիմաստ է՝ Վեդու առաջին ատյանի դատարանը 2002-ի սեպտեմբերին վճռեց կարճել Ջանիկ Ադամյանի և Ջեմմա Սահակյանի քրեական գործերի վարույթը և վերացնել նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը ՝«իրադրության փոփոխության հետ կապված»:
Ահա այսպիսի «ամոթ» իշխանություններ ենք ունեցել, որոնք անհասցե բանաստեղծության համար մարդ էին դատում: Ու աբսուրդն այն է, որ այդ նույն իշխանությունն այսօր քաղբանտարկյալ տիտղոսն է շռայլում ամեն անարժանի, ակցիաներ կազմակերպում և, որ ամենաամոթալին է, ատելության մթնոլորտից ու քաղաքական հալածանքներից բարբաջում։
Հ. Մ.




















