top of page

Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՔԿՀ-ներից մեկի պատասխանատու հերթապահն ու անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ընդգրկված լինելով հիմնարկի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, տևական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, գիշերային ժամերին մուտք են գործել հիմնարկի բուժական մասնաշենք և ողջ գիշերն անց են կացրել ազատազրկված անձանց համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում՝ փաստացի չկատարելով իրենց գործառութային պարտականությունները։

Հաշվի առնելով արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի համապատասխան որոշումներով պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում», իսկ առաջատար մասնագետի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը, և հիմք ընդունելով, որ նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է կիրառվել հիշյալ կարգապահական տույժը, վերջինս նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որոնց նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը։

Քրեակատարողական ծառայության կողմից ծառայողների օրինախախտ գործողությունների կանխումն ու վերացումը կրելու են շարունակական բնույթ։

1/1825
bottom of page