Երևան-Աշտարակ ավտոճանապարհին առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ հերթական խոշոր բացահայտումը
- 2 hours ago
- 1 min read

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։
Տեղեկությունն իրացվեց փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Տղամարդը հայտնեց, որ իր վերցրած թմրամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ կիլոգրամ 150 գրամ մարիխուանա։
Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















