Նախկիններից սերողները՝ Սամվել Կարապետյանի թիմում. 2
- 3 hours ago
- 1 min read

Շարունակում ենք ներկայացնել «նախկինների» հետ գործակցելը բացառած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմում հանգրվանած «նախկիններին», նրանցից սերող գործիչներին։ Հերթում «ուժեղների» իրավական բլոկի կարկառուն ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանն է, որը ՍԴ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք ԱԺ աշխատակազմի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանուհին է։ Մելոյանը, ըստ մամուլի, լինելու է ընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն։ Մելոյանի ամուսինը՝ Հայկ Սարգսյանը, նախկինում՝ Հ․ Թովմասյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ, աշխատել է ԱԺ աշխատակազմում։ Հայկ Սարգսյանի հայրը, մեր տեղեկություններով, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, եղել է ԱԱԾ աշխատակից։
Նախկինների հետ առնչություն ունեցող հաջորդ «ձևովականը» Լևոն Սարգիզովն է՝ Սամվել Կարապետյանի որդի Սարգսի հետ փոդքաստ վարողը, որը, հիշեցնենք, Հայաստանի «չբավարարված կանանց բավարարելու» թեմայի շրջանակներում առաջարկում էր ուժեղ Հայաստանում սեքսի նախարարություն հիմնել։ Սարգիզովը, ինչպես պարզեցինք, Սերժ Սարգսյանի դիվանագետ եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու ընկերն է, որի հետ, որքան կարողացանք պարզել, աշխատել է Կենտրոնական բանկում։
ՀԷՑ-ի նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի հայտնի ազգանունը բավական է, որ նրան միանգամից ասոցացնենք նախկինների հետ։ Նա ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի երկարամյա նախկին դեկան Գագիկ Ղազինյանի որդին է։ Գագիկ Ղազինյանն էլ, նկատենք, Սերժ Սարգսյանի ձևավորած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն էր, որի տված «պրոդուկտի»՝ գործող Սահմանադրության համապատասխան դրույթը փոփոխելու միջոցով էլ Սամվել Կարապետյանին ուզում են կարգել վարչապետ։ Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանի եղբայրը՝ Արթուր Ղազինյանը, եղել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր, մանդատը վայր է դրել Դիմադրության շարժման ձախողումից հետո՝ 2022-ի ամռանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Ղազինյան ընտանիքը մասնաբաժին ունի «Էվոկա» բանկում, «Ջոսս» ռեստորանային համալիրում։
Նախկիններից սերող «ձևովական», «ուժեղականների» հետ այսօր սեր անող մյուս գործիչների մասին՝ հաջորդիվ։




















