«Փաստ». Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

«Փաստ» թերթը գրում է. «Տարածաշրջանային և միջազգային բարդ զարգացումների ֆոնին Արցախի հիմնախնդիրն ու արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը շարունակում են մնալ տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակների օրակարգում։ Չնայած միջազգային հարթակներում ընթացող տարաբնույթ գործընթացներին՝ հարցի գործնական լուծման ուղղությամբ նախաձեռնությունները հաճախ բախվում են տարբեր խնդիրների։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վերջին օրերին ակտիվացրել է աշխատանքը շվեյցարական քաղաքական շրջանակների հետ՝ պաշտոնական նամակներ ուղարկելով ինչպես Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներին, այնպես էլ Համադաշնության նախագահ Գի Պարմելինին: Նախաձեռնության նպատակը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնության գործնական մեկնարկին հասնելն է:
Խոսքը 2025 թվականի մարտին Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված № 24.4259 նախագծի (Motion 24.4259) մասին է, որով նախատեսվում էր միջազգային վերահսկողության ներքո ստեղծել առանձնացված բանակցային հարթակ և սկսել անմիջական երկխոսություն Արցախի հայերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելով նրանց հավաքական ու անվտանգ վերադարձի երաշխիքները։ Ինչպես տեղեկացանք, նախագծի իրականացման համար սահմանված մեկամյա ժամկետն ավարտվել է դեռևս 2026 թվականի մարտին, սակայն Դաշնային խորհրդի կողմից մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկվել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այս ձգձգումն է պատճառ դարձել, որ «ՀայաՔվեն», ողջունելով 18 շվեյցարացի խորհրդարանականների ջանքերը, զուգահեռաբար դիմել է անմիջապես երկրի նախագահ Գի Պարմելինին՝ ակնկալելով, որ նրա հետևողականության շնորհիվ Դաշնային խորհուրդը կհստակեցնի գործողությունների ժամանակացույցն ու կկատարի ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունները։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ «ՀայաՔվեն» պատրաստակամություն է հայտնել համագործակցելու շվեյցարացի գործընկերների հետ՝ գործընթացը դիվանագիտական հայտարարությունների դաշտից գործնական հարթություն տեղափոխելու համար։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















