top of page

Դադարել եմ ինձ մեղադրել այն բանի համար, որ չեմ կարող 24/7 երեխայիս կողքին լինել. Գոհար Ավետիսյանն՝ ընտանիքի, ամուսնության, Հայաստան տեղափոխվելու և դերասանական կարիերայի մասին

3 hours ago
3 min read


Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Մեկ in մեկ» նոր կատակերգական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում իր առաջին դերասանական փորձն է ունեցել հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։

Պրեմիերայի շրջանակում Tert.am Life-ը զրուցել է Գոհար Ավետիսյանի հետ։ Նա պատմել է ֆիլմում նկարահանվելու առաջարկի, առաջին դերասանական փորձի, նկարահանումների, ընտրված կերպարի, մայրության և անձնական կյանքի մասին։

Գոհարը պատմել է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է բազմաթիվ ընկերների, ծանոթների ու հայտնի մարդկանց միջոցով։

«Ինձ շատ աստղեր, ծանոթներ ու ընկերներ զանգահարեցին և ասացին, որ ինձ փնտրում են, ցանկանում են հրավիրել ֆիլմում նկարահանվելու։ Սկզբում չհասկացա՝ ինչի մասին է խոսքը։ Հարցրի՝ Ֆիլմո՞ւմ, իսկապե՞ս ֆիլմում։ Երբ ասացին՝ այո, հասկացա, որ դա մանկությանս երազանքն է։ Ես անմիջապես համաձայնեցի։ Ինձ արդեն փորձել են հարցնել նաև՝ որքան եմ վարձատրվել, որքան է եղել հոնորարս, բայց այդ հարցն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում։ Ես համաձայնեցի միայն գաղափարի համար»,– պատմեց նա։


Գոհարի խոսքով՝ նկարահանումները հեշտ չեն եղել։ 

«Նոր միջավայրում օրական 16-18 ժամ գտնվելը բավական դժվար էր, բայց ինձ շատ դուր եկավ։ Շատ ուրախ եմ, որ համաձայնեցի»,– ասաց նա։

Դիմահարդարը նաև նշեց, որ սիրով կշարունակի դերասանական գործունեությունը, եթե նման առաջարկներ լինեն։

Խոսելով պրեմիերային իր կերպարի մասին՝ Գոհարը պատմեց, որ քանի որ սա իր առաջին ֆիլմն է, ցանկացել է առանձնահատուկ տեսք ունենալ։

«Քանի որ սա իմ կյանքի առաջին ֆիլմն է, ինձ թվում է՝ հագնվել էի «Օսկարի» մրցանակաբաշխության պես։ Ընտրել էի երկար, շքեղ զգեստ՝ փեշով։ Իրականում մտածում էի նույնիսկ հարսանեկան զգեստով գալ, բայց հետո հասկացա, որ իրական հարսանիքիս օրը կկրեմ հարսանեկան զգեստը, երբ այն լինի»,– նշեց նա։

Գոհարի հարսանեկան կերպարով լուսանկարներն ու տեսանյութերը սոցիալական ցանցերում մեծ արձագանք էին ստացել։ Շատերը կարծել էին, թե նա պատրաստվում է ամուսնանալ։

«Այո, ինչպես տեսնում եք, շապիկին ես հարսնացուի կերպարով եմ։ Բայց կամուսնանա՞մ, թե՞ ոչ՝ դեռ չգիտենք։ Մենք պարզապես զգեստներն էինք փորձել»,– ասաց Գոհարը։

Նա պատմեց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում ունեցել է մոտ 20 նկարահանման օր և շուրջ 5 օր փորձեր։ Գոհարի խոսքով՝ նկարահանման հրապարակում հիմնականում ուրախ մթնոլորտ էր։

«Մենք ամբողջ օրը ծիծաղում էինք՝ առավոտից մինչև երեկո։ Մի ամբողջ խումբ էինք՝ շատ համախմբված, հայկական ու շատ ջերմ մթնոլորտով»,– պատմեց նա։


Նկարահանումների ամենադժվար կողմը, ըստ Գոհարի, քնի պակասն էր։ 

«Ինձ միայն այն էր նյարդայնացնում, որ կինոյում նկարահանումները հաճախ լինում էին գիշերվա 2-ին, 3-ին, 4-ին։ Իսկ երեկոյան ժամը 6-ին քնել չէր ստացվում։ Այդ պատճառով նկարահանման օրերին մենք՝ դերասաններս, օրական 2-3 ժամ էինք քնում։ Դա դժվար էր, անընդհատ մի փոքր նյարդային էինք։ Աչքերի տակ էլ պարկեր էին առաջացել։ Բայց սուրճն անսահմանափակ էր, դրա համար շնորհակալ եմ»,– կատակեց նա։

Գոհարը նաև անդրադարձավ մայրությանն ու աշխատանքը երեխայի խնամքի հետ համատեղելուն։ Նա խոստովանեց, որ սկզբում իրեն մեղադրում էր երեխայի կողքին 24 ժամ չլինելու համար։

«Ես դադարել եմ ինձ մեղադրել այն բանի համար, որ չեմ կարող 24/7 երեխայիս կողքին լինել։ Երբ նա ծնվեց, շատ էի անհանգստանում և մտածում էի, որ վատ մայր եմ։ Հետո հասկացա, որ յուրաքանչյուր մայր իր երեխային յուրովի է սիրում, և այն ժամերը, որ երեխայիս կողքին եմ, փորձում եմ հնարավորինս հագեցած անցկացնել։ Երբեմն երեխայի կողքին անցկացրած երկու ժամը ավելի լավ է, քան 24 ժամը, երբ ամբողջ օրը նրա վրա բարկանում ես»,– ասաց նա։

Գոհարը խոսեց նաև Հայաստան վերադառնալու զգացողության և հնարավոր տեղափոխության մասին։

«Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Հայաստան, հոգուս մեջ առանձնահատուկ զգացողություն է լինում։ Հայրենիքում տուն վերադառնալու զգացողությունը հնարավոր չէ թաքցնել։ Հատկապես շատ եմ սիրում Մարտունին, այն վայրը, որտեղ ծնվել եմ»,– պատմեց նա։


Գոհարը նշեց, որ այս պահին մշտական բնակության Հայաստան տեղափոխվելու մասին չի մտածել, քանի որ աշխատանքի և տան հիմնական մասը Ռուսաստանում է՝ Մոսկվայում։ Միաժամանակ նա չի բացառել Հայաստանում ևս բնակություն հաստատելու հնարավորությունը։

«Ես պատրաստ եմ նաև այստեղ ապրել։ Ուզում եմ այստեղ էլ ինչ-որ բան ունենալ, ապրել, բայց այս պահին աշխատանքս ու տունս այնտեղ են»,– ասաց նա։

Դիմահարդարը նաև նշել է, որ հենց իր մասնագիտությունն է իրեն բերել դեպի կինո։

«Ես կինոյում հայտնվեցի իմ դիմահարդարման շնորհիվ։ Իսկ դիմահարդարումը ծնված օրվանից սիրել եմ։ Բոլոր աղջիկներին ու կանանց ցանկանում եմ, որ զբաղվեն նրանով, ինչ սիրում են։ Եթե սիրում են դիմահարդարվել՝ թող դիմահարդարվեն, եթե սիրում են պատրաստել՝ թող այդ գործով զբաղվեն։ Յուրաքանչյուր մարդ պետք է սովորի իր սիրած զբաղմունքը սկզբում հոբբի դարձնել, հետո՝ աշխատանք։ Երբ զբաղվում ես նրանով, ինչ սիրում ես, հավանաբար մոռանում ես նաև վախերի ու մնացած ամեն ինչի մասին»,– նշեց նա։

Tert.am Life-ի հարցին՝ շատերը սպասում են նաև Գոհարի հարսանիքին, իսկ ինքը ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ, նա պատասխանեց․

«Ես դեռ չգիտեմ։ Իրականում սրտի մարդուն գտնելը բավական դժվար է, բայց վստահ եմ՝ կհանդիպեմ այդ մարդուն։ Իմ սիրտն ազատ է»։

 

Հեղինա՝ Թամարա Քալանթարյան 

 
 
1/2859
bottom of page