top of page

ԱԱ-2025. Սլավիկ Գալստյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 20
  • 1 min read
ree

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:

67 կգ քաշայինների պայքարում Գալստյանը մրցեց  Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ եւ պարտվեց 3:4 հաշվով:

Առաջին մրցափուլում Սլավիկ Գալստյանը վստահ էր գոտեմարտում: Գորգի մրցավարը Ջաֆարովին պարտեր իջեցրեց եւ Գալստյանին վերեւից աշխատելու հնարավորություն տվեց: Աշխարհի բրոնզե մեդալակիրը գլորեց: Երկրորդ գլորման էր ցանկանում գնալ, փորձում էր մրցակցին պոկել գորգից, բայց գորգի մրցավարը կանգնեցրեց եւ թույլ չտվեց շարունակել հնարքը: Սլավիկ Գալստյանը զայրացավ, դիմեց Արմեն Բաբալարյանին բողոքարկման համար: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չհամաձայնեց եւ հանձնարարեց շարունակել գոտեմարտը: Մինչեւ առաջին մրցափուլի ավարտը ադրբեջանցի ըմբիշը մեկ միավոր վաստակեց՝ դուրս հրելով Սլավիկ Գալստյանին:

Մրցակիցները գնացին հանգստի 3:1 հաշվով՝ Սլավիկ Գալստյանի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց հայ ըմբիշին: Ջաֆարովը 2-միավորանոց գցում կատարեց եւ հաշվի մեջ առաջ անցավ՝ 4:3:

Մինչեւ գոտեմարտի ավարտը Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ միավոր ավելացնել:

Սլավիկ Գալստյանը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 10:1 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Դին Կոշկարին:

1/8 եզրափակիչում աշխարհի բրոնզե մեդալակիրը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանի հետ վստահ հաղթանակ տարավ 9:3 հաշվով:

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (60 կգ): Մրցակիցն աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբիլովն է:

 
 
1/2377
bottom of page