top of page

Ի՞նչ կարող են առաջարկել հայ դիզայներները 2025-ի ամառվա համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 3 min read

2025 թվականի նորաձևությունը կոպտության ու նրբության խառնուրդ է, ճոխ ու տոնական հագուստները բազային հագուստի հետ կրելու, մինիմալիզմը հերքելու ու փոխարենը վառ լինելու մասին է։ Այս ամառ նորաձևությունը կոնտրաստային է ամենուրեք. հիմա արդեն կարելի է պաստելային գույները մուգ գույների հետ համադրել,կամ կարելի է սովորական մայկաները կրել ասիմետրիկ տաբատի հետ։

Կոնտրաստը երևում է անգամ պոդիումի վրա. եթե Balenciaga-յի կամ Rick Owens-ի հավաքածուները լի են գոթիկ կերպարներով՝ սրությամբ ու կոպտությամբ,ապա Dior-ի կամ Simone Rocha-ի հավաքածուները ունեն Balletcore-ի հուզականությունն ու թեթևությունը։ Իսկ Mugler-ին ու Dolce&Gabbana-յի ընտրած ներքնահագուստի ոճին զուգահեռ շատ հավաքածուներում մոդելները կրում էին կոստյումներ՝ Իվ Սեն Լորանի ոճով։ Նորաձևության գլխավոր գաղտնիքներից է մնում համաշխարհային դիզայներների ստեղծած նոր տենդենցիաների համընկնումը,սակայն ցանկացած թրենդ պոդիումներում տարբեր կերպ է ներկայացված՝ ցույց տալով,որ յուրաքանչյուրի համար հեշտ կլինի ինտեգրել թրենդները իր զգեստապահարան։ Եվ հատկապես հետաքրքիր է նորաձևության թրենդները տեսնել հայ դիզայներների հավաքածուներում՝ վերաձևված և հայկական տեսանկյունից։

Mariko


Mariko-յի «Ձի» հավաքածուն իր արմատների՝ Հայաստանի և ապրելավայրի՝ Ղասախստանի մշակույթների խառնուրդն է,որի կրողը հենց ինքն է՝ Մարիկոն։


Ամբողջ հավաքածուն կապող կարմիր թելը փայտե ձին էր՝ ձիու տեսքով աքսեսուարներ,պայուսակներ,զարդեր ու դետալներ. ձին հենց այդ երկու մշակույթները կապող օղակն է,որը մարմնավորում է ազատասիրությունը։ Այստեղ տեղ են գտել թրենդային հանգույցների օգտագործումից մինչև բալլոն-սիլուետները։ Մարիկոյի հավաքածույի գլխավոր առանձնահատկությունը հագուստի միջոցով 3D էֆեկտ ստանալն է,ձևի կառուցումը։


 Մարիկոյի «Ձի» հավաքածուն Vogue Adria-ն առանձնացրել է իր սիրելիների շարքում։

Narny


Narny-ի գարուն ամառ 2025 թվականի հավաքածուն լի էր թեթևությամբ ու ռոմանտիկայով։ Խոսքը ոչ միայն թեթև կտորների օգտագործման մասին է,այլև տաբատների փոխարեն կիսաշրջազգեստներին և հատկապես զգեստներին հավանություն տալու,ինչը կարելի է նկատել նաև համաշխարհային դիզայներների հավաքածուներում։


Բուֆ թևքեր, սպիրալաձև սիլուետներ,ասիմետրիա, բոհեմական ռենեսանսի ոճով զգեստներ և, իհարկե, դեղինի օգտագործում.հատկանշական է, որ հավաքածուի միակ վառ գույնը դեղինն է,մնացած կերպարները կառուցված են սև ու սպիտակի և տարվա գույների՝ Mocha Mousse-ի և Wispy Pink-ի շուրջ։


Հավաքածուն լրացնում էին արևային ակնոցները՝ տարբեր ձևի և գույնի։

Zhasmine Akopyan


Zhasmine Akopyan բրենդի pre-fall 2025 հավաքածուն՝ ոգեշնչված Սակեն Նարինովի «Խորանարդի վեց տրամադրություններ» ցուցադրությամբ,իր մեջ խտացնում էր 2025 թվականի ամռան բոլոր թրենդները։ Չնայած կերպարների գունային մռայլությանը, անգամ գոթիկայի ոճով ստեղծված հանդերձանքները պատրաստված էին փափուկ մատերիալներից։


Գերակշռող տխրության ու մռայլության տրամադրությանը զուգահեռ կերպարների մեծ մասի վրա կարելի է նկատել ծաղիկներ՝ կամ 3D էֆեկտով դետալներ, կամ էլ զգեստների սիլուետներում. ծաղիկների և ծաղկային պրինտի օգտագործումը,փաստորեն,կարելի է նկատել ոչ միայն հայտնի բրենդերի հավաքածուներում, այլև մեր դիզայներների մոտ։


Հավաքածուն նաև առանձնացավ դենիմի օգտագործմամբ,ինչից շատ հաճախ խուսափում են հայ դիզայներները մոռանալով,որ դենիմը հատուկ թրենդ է 2025 թվականի համար։

Moment of White


Տաշկենտում կայացած նորաձևության շաբաթում Moment of White-ի ներկայացրած երեկոյան հավաքածուն՝ «She walks in beauty»-ն,լի էր վառ գույներով,ծաղկային պրինտով,ladylike կերպարներով ու թեթև կտորներից պատրաստած զգեստներով,սակայն գլխավոր դետալը,որը կապում էր հավաքածուի զգեստների մեծ մասը, ժանյակն էր։ Ժանյակը հիանալի լրացում էր թե՛ կառուցվածքային զգեստները լրացնելու,թե՛ նրբագեղ հանդերձաքներին էլ ավելի նրբություն հաղորդելու ու անգամ թվիդե կերպարները «թեթևացնելու» համար։


 Մարմինն ընդգծող կոստյումները նորամուծություն էին հայկական արտադրանքի մեջ,քանի որ ավելի հաճախ կարելի է տեսնել դրանց լայն ու,անգամ, oversize տարբերակները։


 Հատուկ ուշադրություն գրավեց գոթիկայի ոճով կաշվե ասիմետրիկ զգեստը՝ սա մի քանի թրենդների խառնուրդ է։ Դրան զուգահեռ օգտագործված էին Chanel-ի ոճով ժակետներն ու pillbox գլխարկները։

Moment of White-ի վերջին հավաքածուն 25-ի ամառվա թեթևության և էլեգանտության արտացոլումն է։

LOOM Weaving


Իսկ ահա LOOM Weaving-ը Մոսկվայի նորաձևության շաբաթում ներկայացրեց 2025 թվականի ամենաթրենդային նորձևության ուղղության՝ բոհո ոճով հավաքածուն՝ «Urban Boho»-ն։


 Բացի գլխավոր առանձնահատկությունից՝ բոհոյից, LOOM Weaving-ի հավաքածուն կառոցված էր կտորների համադրության ու կոնտրաստի վրա. կաշվե երկար բլուզների և շիֆոնից կիսաշրջազգեստների համադրություն, ծոպեր, հյուսվածքներ, դենիմ։ Բոհոն ներկայացված էր ժամանակակից տեսանկյունից՝ ավելի լայն կառուցվածքի մեջ։ Առանձին հետաքրքրություն են առաջացնում դետալները՝ «ցանցկեն» գուլպաները, ծաղիկները և ծոպերը…շատ ծոպեր.ամեն ինչ բոհո ոճի մեջ։


Ինչպես նկատում ենք, հայ դիզայներները իրենց կրեատիվությամբ և թրենդային կերպարներով չեն զիջում համաշխարհային դիզայներներին և դա անում են իրենց ոճով։

1/2186
bottom of page