top of page

Շատ են դեպքերը, երբ երեխաները հրաժարվում են սովորելուց՝ նշելով, որ իրենք այդ ճանապարհով կարող են գումար աշխատել. հոգեբանը՝ Տիկտոկ հավելվածի վատ ազդեցության մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 4 min read

Վերջին տարիներին Հայստանում շատ մեծ տարածում է գտել «ՏիկՏոկ» հավելվածը: Մանկահասակ և դպրոցական երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են այս հավելվածում՝ մոռանալով թե բակային խաղերի, թե դասերի մասին: Ի՞նչ ազդեցություն է թողնում հավելվածը երեխաների վրա, ի՞նչ վտանգներ կան այդ հավելվածի երկարաժամկետ դիտումերից: Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ:

-Տիկին Խաչատրյան, եթե երեխան շփման փոխարեն խրված է այդ հարթակում և չունի այլ հետաքրքրություններ, դա ի՞նչ ազդեցություն է թողնում երեխայի վրա:

-«Խորացվում է երեխայի մեկուսացումը, երեխան կորցնում է շփման և հաղորդակցման ցանկությունը, որովհետև նման հարթակներում երկար ժամանակահատված անցկացնելով՝ բավարարվում է իր բոլոր զգացողությունները: Երեխայի մոտ կարող են առաջանալ անհանգստության ու տագնապի զգացողություններ, դա կարող է ազդել երեխայի թե քնի, թե ախորժակի, և թե կոգնիտիվ ունակությունների վրա: Երեխան՝ երկարատև լինելով այդ հարթակում, դժվարանում է ուշադրությունը կենտրոնացնել դասի կամ խաղային այլ առաջադրանքի վրա, սովորում է արագ անցնել մի ռիլսից մյուսը, սկսում է դժվարանալ կենտրոնացումը: Դժվարանում է նաև հիշողության գործընթացը, որովհետև 1 ժամվա ընթացքում այնքան բան է տեսնում, որ հիշողության գործընթացները կարծես թե արգելափակվում են, դժվարանում է մտածողության որակը, երեխան սովորում է հեշտին՝ առանց մտածելու, առանց վերլուծելու ինչ որ բանի ընկալմանը, ինքը այլևս ավելորդ ջանք չի կարողանում ներդնել ուսուցման պրոցեսի վրա: Վնասվում է երեխայի կամքը, երեխան դառնում է կամազուրկ»:

-Բացասական ազդեցությունը մեծահասակների վրա ևս շատ է, թե՞ ամեն դեպքում թիրախում մանկահասակներն են:

-«Երեխայի նյարդային համակարգը, անձը ու քննադատողական մտածողությունը լիովին ձևավորված չէ, անընդհատ լինելով ՏիկՏոկում, սովորում է վարքաձև այնտեղից: Մենք ՏիկՏոկում ունենք չվերահսկվող տեսանյութեր ու կոնտենտ, որոնք ներկայացված են միայն լայքերի համար: Ցինզիմը, վատ կոնտենտն ու ագրեսիան, ինչպես գիտենք, ավելի արագ է տարածվում ու հասարակության կողմից ավելի շատ է դիտվում, երեխան էլ դա նայում է ու ընկալում որպես իրական ճշմարտություն, դարձնում է այն սեփական խոսելաձև ու արժեհամակարգ: Կոնտենտում կան նաև վախեցնող դրվագներ, երեխան սրա արդյունքում դառնում է վախկոտ ու տագնապային, ինչն էլ բարձրացնում է սթրեսի հորմոնը: Օրվա վերջում մենք արդեն ունենում ենք նյարդային ու գերագրեսիվ երեխա: Երեխային արտաքին կյանքից էլ ոչինչ չի հետաքրքրում, կարևոր է միայն մտնել այդ հարթակ ու արհեստական հույզեր ունենալ»:

-Տիկին Խաչատրյան, արյդո՞ք անհրաժեշտ է արգելափակումներ կիրառել, որպեսզի որոշակի կոնտենտ երեխաներին հասանելի չլինի:

-«Իմ կարծիքով, ժամանակակից սոցցանցերը պետք է ունենան շատ խիստ արգելափակող վերահսկողություն, որովհետև փորձը ցույց է տալիս, թե ինչքան շատ վնասներ ունենք երեխաների շրջանում, որն իրենք սովորում են հենց այդ կոնտենտներից՝ հակասոցիալական վարքագիծ, վատ բառապաշար: Ծնողները պետք է արգելափակեն, որովհետև երեխան ինքնուրույն չի ունենալու այդքան կամային զգացողություն, որ ինքն իր առջև դնի այդ սահմանափակումը: ՏիկՏոկը կլանող է, երեխան անվերջ կարող է մնալ այդտեղ»:

-Արդյո՞ք հարթակը միայն վատ հակումներ ունեցող անձանց է թիրախավորում, թե յուրաքանչյուրի վրա կարող է վատ ազդեցություն ունենալ:

-«Ժամանակակից սոց ցանցերը այնքան են մտել մեր կյանք՝ մեծահասակներից մինչև ամենափոքր երեխան, որ նույնիսկ հակումներ չունեցողներին է կլանում սոցցանցը: Մեծահասակները նույնպես կլանվում են՝ չհասկանալով, թե իրենց վրա ինչ հոգեբանական ու անգիտակից ներգործություններ են կիրառվում: Բացասական ազդեցություն է ունենում նաև ինքնագնահատականի վրա, տեսնում են սոցցանցերի տարածում գտած հոլովակները, որտեղ ներկայացվում է երջանիկ կյանք, ուրճացված գեղեցկություն: Մարդիկ փորձում են նմանվել՝ անընդհատ համեմատվելով այդտեղ եղած չափազանցված հերոսներին, գեղեցիկ մարմնակազմությանը, ճամփորդություններին: Այստեղ կարևոր է, դեռահասներին՝ ովքեր փորձում են գեղեցկության չափանիշներին համապատասխանել, սովորեցնել քննադատական մտածողություն, որպեսզի իրենք հասկանան, որ դա շատ դեպքերում ցուցադրվող ու կեղծ է, իրական չէ: Նախկինում, երբ չկար սոցցանցեր, երեխաները չէին տեսնում, համեմատվելու խումբը քիչ էր, իսկ այսօր ստացվում է, որ մարդը համեմատվում է ողջ աշխարհի հետ: Դա շատ հոգեհուզական դժվար գործընթաց է ու բոլորը չէ, որ կարող են անցնել այդ ճանապարհը անվնաս ու հոգեբանորեն առողջ մնալ:

-Հնարավո՞ր է, որ երեխաները տեսնելով բլոգերներին և նրանց աշխատանքը, ցանկանան այդ մասնագիտությունն ընտրել ու նախընտրեն կրթություն չստանալ:

-«Շատ շատ են դեպքերը, երբ երեխաները հրաժարվում են սովորելուց, հրաժարվում են կրթությունը արժևորելուց ու իրական արժեքներին արժեքներ տալուց՝ նշելով, որ իրենք այդ ճանապարհով կարող են գումար աշխատել: Ամենավտանգավորը այստեղ դա է, որ իրենք շատ բլոգերների կողմից տեսնում են էժանագին ու արժեհամակարգը քայքայող հոլովակներ, վատ արտահայտություններ օգտագործող ու շոուներ սարքող բլոգերներ, ու երեխան սկսում է ընդօրինակել վերջիններիս վարքը»:

Երեխաների մոտ սոցցանցերից կախվածությունից առաջացրած խոսքի հապաղման խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև ԱՅԳ հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ Շուշան Ավագյանի հետ:

-Ի՞նչ ազդեցություններ ունեն սոցիալական հարթակների հոլովակները երեխաների խոսքի զարգացման վրա:

-«Եթե ծնողը խելացի լինի, չի թողնի երեխաներին ՏիկՏոկ նայել, բայց քանի որ դա շատ գրավիչ հարթակ է, երեխաներին ու նույնիսկ մեծասահակներին գրավում է: Այս պարագայում ցանկալի է, որ նայեն գոնե հետաքրքիր ինֆորմացիա, ինչը շատ քիչ է, բայց չես կարող արգելել ու ասել, որ չնայի, որովհետև շրջապատի մյուս երեխաներն էլ են նայում: Վատ ազդեցությունը խոսքի վրա կա: Ծնողներ կան՝ որպեսզի երեխաները իրենց չխանգարեն, հեռախոսը տալիս են երեխային ու ձայնը անջատում են: Դա նպաստում է նրան, որ երեխայի խոսքը չի զարգանում, նա միայն շարժվող դրվագներ է տեսնում»:

-Մանկահասակ երեխաների շրջանում ո՞ր տարիքն է թիրախային, ու՞մ խոսքի վրա հոլովակները ամենաշատ ազդեցությունը կունենան:

-«1-1.5 տարեկան երեխաներն են, երբ սկսում են նոր նստել հաց ուտելու, մայրիկների ամենահեշտ տարբերակը այդ ժամանակ գաջետներ տալն է, որ երեխաները լռեն ու հաց ուտեն, բայց դա վատ ազդեցություն է ունենում խոսքի զարգացման համար: 1 տարեկանից բարձր երեխաների վրա ևս կարող է աղդեցություն ունենալ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խոսքի խնդիր չունեցող երեխան հոլովակներ դիտելուց ունենա խոսքի զարգացման հապաղում, լոգոպեդը պատասխանեց, որ ՏիկՏոկը լրիվ արգելվում է նայել, իսկ մուլտֆիլմերը՝ ցանկալի են հայալեզու լինեն, որպեսզի նման խնդիրներ չառաջացնեն:

Հեղինակ՝ Իռեն Գեդեոնյան


 
 
1/2508
bottom of page