Ավետիք Իսահակյանը և Չինաստանը․ երբ հայ բանաստեղծի պոեզիան և չինական մշակույթը հանդիպեցին՝ դառնալով կամուրջ երկու քաղաքակրթությունների միջև
- 8 hours ago
- 3 min read

Ի՞նչ կարող են պատմել մի քանի փոքրիկ չինական արձանիկները հայ գրականության մեծերից մեկի մասին։ Պարզվում է՝ բավականին շատ։ Դրանք ոչ միայն Ավետիք Իսահակյանի անձնական հավաքածուի մաս են եղել, այլև մի ամբողջ պատմության բանալի՝ հայ մտավորականների և Չինաստանի միջև ձևավորված մշակութային կապերի մասին։
Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացված «Ավետիք Իսահակյանը և Չինաստանը․ քաղաքակրթությունների հանդիպումը արվեստի գործերի միջոցով» ցուցահանդեսն առաջին անգամ այս թեման ներկայացնում է առանձին ամբողջությամբ։ Այստեղ ցուցադրված են բանաստեղծին պատկանած չինական արձանիկներ, գրքեր, քարտեզներ, նամակներ և արխիվային այլ նյութեր, որոնք թույլ են տալիս նոր դիտանկյունից խոսել ոչ միայն Իսահակյանի հետաքրքրությունների, այլև Հայաստանի ու Չինաստանի միջև մշակութային երկխոսության մասին։
Ցուցահանդեսի պատմությունը, սակայն, սկսվել է ոչ թե երկարատև ծրագրավորումից, այլ պատահական թվացող մի հայտնագործությունից։
Մի քանի արձանիկ, որ պատմություն փոխեցին
Գաղափարի հիմքում արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Չինաստանի Սուչժոուի համալսարանի հետազոտող և ChinArmArt-ի հիմնադիր Անի Մարգարյանի ուսումնասիրությունն է։ 2024 թվականին Իսահակյանի տուն-թանգարան այցելելիս նա նկատել է ցուցասրահում գտնվող չինական արձանիկները։
«Ես մատնացույց արեցի այդ արձանիկները և թանգարանի աշխատակիցներին ասացի, որ դրանք չափազանց կարևոր նմուշներ են։ Այնուհետև ինձ ասացին, որ թանգարանի տնօրենը՝ Արմենուհի Ավետիսյանը, ցանկանում է ինձ տեսնել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմում է Անի Մարգարյանը։
Այդ հանդիպումից հետո սկսվեց մի փոքրիկ, բայց շատ հետաքրքիր հետազոտական ճանապարհորդություն։ Անիին ուղղորդեցին նաև Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Նոր նյութեր էին հայտնվում մեկը մյուսի հետևից։
«Քիչ-քիչ հավաքվում էին նյութեր, և ես հասկացա, որ սա, իսկապես, հոդվածի թեմա է»։
Հետագայում, Չինաստանից առցանց մասնակցելով Իսահակյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին, Մարգարյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունը։ Գաղափարը հետաքրքրեց նաև Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանին, և հետազոտությունն աստիճանաբար վերածվեց դասախոսության ու ցուցահանդեսի։
«Արմենուհի Ավետիսյանն ու թանգարանի աշխատակիցները մեծագույն նվիրումով ու ջանքերով կյանքի կոչեցին այս կարևորագույն ցուցահանդեսը, և ես անչափ ուրախ եմ ու հպարտ այս համագործակցության համար»,-ասում է Անին։
Իսահակյանի չինական աշխարհը՝ արձանիկների մեջ
Ցուցադրության ամենահետաքրքիր հատվածներից մեկը Իսահակյանին պատկանած չինական փոքրածավալ քանդակների հավաքածուն է։ Դաոսական երկարակեցության աստվածության, առատության ու բարեկեցության Բուդդայի և Մանջուշրի բոդհիսատվայի պատկերները պատրաստված են օճառաքարից, հախճապակուց և ոսկեզօծ բրոնզից։
Սակայն այս առարկաների արժեքը միայն գեղարվեստական կամ հավաքորդական չէ։ Դրանք պատմում են այն մասին, թե ինչպես էր Իսահակյանը հետաքրքրվում Արևելքի փիլիսոփայական և հոգևոր աշխարհով։
«Այս արձանիկները Իսահակյանի համար եղել են ներշնչանք, փիլիսոփայության մարմնացում, գաղափար, և նա միանգամից հասկացել է, որ մենք պետք է Չինաստանի հետ ուղիղ շփվենք»,-ասում է Անի Մարգարյանը։
Այս դիտարկումն էլ հենց ցուցահանդեսի առանցքային գաղափարներից մեկն է. Իսահակյանը պարզապես Չինաստանի մշակույթի հետաքրքրված դիտորդ չէր։ Նրա և մյուս հայ մտավորականների հետաքրքրությունը ձևավորում էր մշակութային կամուրջ, որի մյուս կողմում Չինաստանն էր։
Չարենցի նվերը՝ երկու մեծ գրողների ընդհանուր հոգևոր որոնման մասին
Ցուցանմուշներից առանձնահատուկ պատմություն ունի Լաոցզիի օճառաքարե արձանիկը։ Դաոսական իմաստունը պատկերված է եզան վրա նստած՝ ձեռքին մագաղաթ։ Պատկերը կապված է Լաոցզիի մասին հայտնի ավանդության հետ, ըստ որի՝ նա, հեռանալով աշխարհիկ կյանքից, շարժվում է դեպի արևմուտք և իր հետնորդներին թողնում «Դաոդեցզին»։
1937 թվականի ամռանը Եղիշե Չարենցը, որը խորապես հետաքրքրվում էր Արևելքի փիլիսոփայական մտքով, իր հավաքածուից հենց այս արձանիկն է նվիրում Իսահակյանին։ Պատվանդանին նա թողնում է իր ձեռագիր նվիրագրությունը՝ «Սիրելի Ավետիքին՝ Չարենցից. 24/VI 1937»։
Այստեղ չինական մշակույթը դառնում է ոչ միայն Իսահակյանի և Չարենցի հետաքրքրության առարկա, այլև նրանց մտավոր երկխոսության մի մաս։
Չարենցի՝ վերջին տարիներին Արևելքի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես խորանում էր։ Նա խոսում էր «Նիրվանա» ուսումնասիրելու ցանկության մասին և իր աշխատասենյակում պահում արևելյան ծագման տարբեր առարկաներ։ Այդ համատեքստում Լաոցզիի արձանիկը կարելի է ընկալել որպես երկու մեծ հայ գրողների ընդհանուր հոգևոր որոնումների նյութական խորհրդանիշ։
Երբ հետաքրքրությունը վերածվում է մշակութային դիվանագիտության
Իսահակյանի կապը Չինաստանի հետ, սակայն, չի սահմանափակվում չինական արվեստի առարկաներով։
1950-ականներին այդ կապն արդեն ստանում է ավելի համակարգված բնույթ՝ ընդգրկվելով հայ-չինական մշակութային փոխանակումների ավելի լայն շրջանակում։ Այդ տարիներին կարևոր դեր է ունենում նաև Խորհրդային-չինական բարեկամության ընկերությունը։
1955 թվականի օգոստոսին Իսահակյանը նամակ է ստանում չինացի հայտնի թարգմանիչ և մշակութային պատվիրակ Գե Բաոցյուանից։ Նա հայ բանաստեղծին դիմում է «Վարպետ» կոչումով, պատմում Իսահակյանի ստեղծագործությունները չինարեն թարգմանելու մասին և առաջարկում ամբողջական ժողովածու հրատարակել Չինաստանում։
Նույն թվականին «Համաշխարհային գրականություն» հանդեսը չինարենով հրապարակում է Իսահակյանի մի քանի բանաստեղծություն։
Այս փաստերը հատկապես կարևոր են մեկ պատճառով. դրանք ցույց են տալիս, որ Իսահակյանի և Չինաստանի կապը եղել է երկկողմանի։ Եթե չինական արձանիկները գալիս էին դեպի Իսահակյանի աշխարհ, ապա նրա պոեզիան ճանապարհ էր բռնում դեպի չինացի ընթերցողը։
Այսպիսով, մշակութային փոխանակումը տեղի էր ունենում ոչ միայն պետական կամ պաշտոնական մակարդակում, այլև գրականության, արվեստի, թարգմանության և անհատական հետաքրքրության միջոցով։




















