Ընդդիմության «վերջին փամփուշտը»՝ 2026-ին ընդառաջ նսեմացնել կոռուպցիայի դեմ պայքարն ու դելեգիտիմացնել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը
- Investigative journalist
- May 14
- 3 min read
Գաղտնիք չէ, որ ընդդիմությունն ամբողջ ուժով լծվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության ռազմավարական գերակայություններից մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարն, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը ամեն գնով անվանարկելուն։ Նախկին ռեժիմի խորհրդարանական աշխատանքի մարտավարական և ռազմավարական գերակայությունն էլ, ըստ էության, եղել է և կա հենց այս գործընթացի դեմ փողոցային և դահլիճային պայքարը, որին, սակայն, տրվել է ֆալշ փաթեթավորում՝ «Արցախի փրկություն», «սահմանազատման դեմ պայքար» և այլն։
Եթե չլիներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ու դրանից բխող իրավական գործընթացը, ապա հանրությունը չէր տեղեկանա իրեն հարստահարածների՝ նախկին իշխանության օրոք տեղի ունեցած «ալան-թալանի»՝ ապօրինի հարստացման այլանդակ, զարհուրելի մասշտաբների մասին։ Նկատենք, որ նախքան հեղափոխությունը ժողովրդական բանահյուսության կամ էլ մամուլի հրապարակումների («Հայաստան»-ական պատգամավորի ականջը կանչի) մակարդակով էր խոսվում սերժաքոչարյանական ռեժիմի կուտակած առասպելական հարստության մասին։ Սակայն վերոհիշյալ օրենքի ընդունումը (2020 թ․ապրիլի 16-ին) թույլ տվեց այսպես ասած «բեսեդկայի» մակարդակի խոսակցությունները ֆիլտրել-առարկայացնել՝ դրանց տալով իրավական ձևակերպում՝ ի տես ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Հակակոռուպցիոն դատարան ներկայացված բազմաթիվ հայցերի։ Ընթացող դատական պրոցեսը, նկատենք, հանրության մոտ ամրապնդում է նախկինների «թալանչի» լինելու համոզմունքն ու, բնականաբար, ազդելու է նրանց էլեկտորալ վարքի վրա։ Նկատենք, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից 26 պատգամավոր՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, 2022-ի հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: (Դատախազությունն ավելի վաղ հայտնելէր, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից։ Նրանցից մի քանիսի՝ մասնավորապես Տարոն Մարգարյան, Սեյրան Օհանյան, Լևոն Քոչարյան, վերաբերյալ հայցերն արդեն դատարանում են)։
ՍԴ-ն, հիշեցնենք, շաբաթներ առաջ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց չարկչրկված օրենքը՝ այսպիսով մարելով օրենքի «շահառուների» վերջին հույսը, թե գործող իշխանության օրոք երբևէ հնարավոր է փրկել ապօրինի գույքը «անդարձ կորստից», և ամենակարևորը՝ մաքրվել «թալանչու ու կոռուպցիոների» խարանից։ Արդ, ի՞նչ պետք է անի «ճարը կտրած» «ապօրինի հարստացածը», իմա՝ երբեմնի «հարստահարիչը»։ Նվազագույնը՝ քարոզչական կատաղի պայքար մղի իրեն «հետին թվով» «հարստահարողների»՝ գործող իշխանության դեմ՝ փորձելով վերջինիս նույնացնել իր հետ և այսպիսով նսեմացնել, արժեզրկել, դելեգիտիմացնել կոռուպցիայի դեմ պայքարի ու «թալանի վերադարձի» գործընթացը։
Ակնհայտ է, որ կոռուպցիայի և ապօրինի հարստացան հետ իրականում նույնացած ընդդիմությունը գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ համալրում է իր քարոզչական թիրախները («Արցախի հանձնում», ««Հայոց ցեղասպանության ուրացում», «ինքնության ոչնչացում» և այլն) հերթականով՝ հակակոռուպցիոն քաղաքականության տապալում։ ԱԺ ամբիոնից հնչող ընդդիմադիր պատգամավորների աղեկտուր ճիչերը «կոռուպցիոն սխեմաների բացահայտման» մասին «մամուլի հրապարակումների» թեմայով հենց այդ քարոզչական մարտավարության մասին են վկայում։ Նախկին «թալանչիների» անելիքը հանրությանը համոզելն է, թե`«եթե մենք վատն էինք, ձեր բերած Նիկոլը մեզնից բեթար է, եթե մենք կոռուպցիոներ էինք, ձեր բերած իշխանությունն էլ է թաթախված կոռուպցիայի մեջ, եթե մենք ալան-թալան էինք անում, ապա Փաշինյանի օրոք էլ շարունակում են թալանել ձեզ (թեկուզ առանց «ալան»-ի)»։
Նշենք, որ Կառավարության 2021-2026 թթ․ծրագրում, որի առանձին՝ իրենց պետք եկած դրույթները (Լեռնային Ղարաբաղին, ՀԱՊԿ-ին առնչվող) խորհրդարանական ընդդիմությունը շատ է սիրում ցիտել ու իշխանությանը մեղադրել մի բան խոստանալու, մեկ այլ բան անելու մեջ, մասնավորապես նշված է․ «Կառավարությունը հավատացած է, որ կոռուպցիան շարունակում է մարտահրավեր լինել իրավական, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետության կայացման համար։ Ուստի Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները։ Կառավարությունը հակակոռուպցիոն գործընթացներում հաջողելու համար ունի բավարար քաղաքական կամք և այդ կամքն իրական արդյունքի վերածելու նպատակով շարունակելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանը և զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։ ․․․Կառավարությունը վճռական է ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու հարցում, ուստի շարունակելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում դրանց արդյունավետ կիրառմանն աջակցությունը»:
Հ․Գ․ Ի դեպ, «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նախօրեին ԱԺ-ում, երբ ՀՀ գլխավոր դատախազը շարունակում էր ներկայացնել Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, դիմելով ՔՊ-ին, նշեց՝ «դուք դիվահարվում եք, երբ խոսքը կոռուպցիայի մասին է գնում»։ Նաև մի ցնցող նկատառում հայտնեց՝ «կոռուպցիան իշխանության ծնունդ է, չի կարող կպնել միայն ընդդիմությանը, այլ իշխանության թևի տակ մեծացող օլիգարխիան է կոռուպցիայի աղբյուրը»։ Պարոն Մինասյանի հետ 10 ձեռքով համաձայն ենք։ Երբ ուսումնասիրում ենք իր քաղաքական պատրոնի, նրա որդիների ունեցվածքի մասշտաբները նախ դիվահարվում ենք՝ մտածելով, թե ինչպե՞ս է հնարավոր եղել Քոչարյանի իշխանության օրոք այդքան երիտասարդ տարիքում լինել այնքա~ն «տաղանդավոր» (Գառնիկ Դանիելյանի ականջը կանչի), որ կարողանաս տիրապետել այդչափ ունեցվածքի։
Հ․Մ․