Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկում է գրանցվել ռուսական 22 շրջաններում
«Ռոսպոտրեբնադզորը» հայտնաբերել է Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկման դեպքեր երկրի 22 շրջաններում։ Հիվանդացության մակարդակը գերազանցել է միջին բազմամյա ցուցանիշը 13 տոկոսով, նշել են գերատեսչությունում։
Ինչպես նշել են «Ռոսպոտրեբնադզորում», հիվանդացության աճին նպաստում է կլիմայի ջերմացումը։ Շոգ եղանակը բարձրացնում է տենդի հարուցիչների՝ արնածուծ մոծակների կենսունակությունը։ Դրանք այժմ նկատվում են ոչ միայն երկրի կենտրոնական մասում, այլեւ Պովոլժիեում։
Որպես կանխարգելիչ միջոցներ գերատեսչությունը խորհուրդ է տվել օգտագործել ռեպելենտներ եւ ֆումիգատորներ, պատուհաններին ցանցեր քաշել, կրել փակ հագուստ փողոցում գտնվելիս եւ հեռու մնալ ճահիճներից եւ հոտած ջրի տարողություններից։
Արեւմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել հուլիսի 21-ին։ Մոտ 60 մարդ հիվանդացել է Թաթարստանում, մի քանիսը՝ Ռյազանի, Աստրախանի, Ռոստովի, Յարոսլավլի եւ Վոլգոգրադի մարզերում։ Մեծ մասը հոսպիտալացվել է։
Արեւմտյան Նեղոսի տենդը վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակի կամ տզի կծելու միջոցով։ Այլ մարդուց վարակվել հնարավոր չէ։ Ախտանշաններից են բարձր ջերմությունը, թունավորումը, մկանացավերը, գլխացավը, անոթների ցավը եւ ցանը։ Երբեմն հնարավոր է մինինգիտի առաջացում, որն սպառնում է մահացու ելքով։
Ծանր դեպքերը, երբ վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը, բաժին են ընկել հիվանդացածների մոտ 20 տոկոսին, «Ведомости»-ին ասել է վարակաբան, «Ինվիտրո-Սիբիր» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրել Պոզդնյակովը։ Ռիսկի խմբում են 60-ից բարձր տարիքի մարդիկ, դիաբետիկները եւ ալկոհոլից կախում, ցածր իմունիտետ ունեցողները, նշել է «ՍբերԶդորովիեի» բժշկական տնօրեն Վուադա Մոհամեդ Ալին։
Տենդի ամենամեծ բռնկումը Ռուսաստանում առաջին անգամ գրանցվել է 1999թ.։ Այդ ժամանակ հիվանդացել էր 475 մարդ Վոլգոգրադի եւ Աստրախանի մարզերում։ Նման իրավիճակներ նկատվել են 2010թ. (527 դեպք), 2012թ. (447) եւ 2019թ. (352 դեպք)։ 1997-2020թթ. Ռուսաստանում գրանցվել է 2 964 դեպք երկրի 35 սուբյեկտներում։