top of page

Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

  • 59 minutes ago
  • 1 min read
Արարատ Միրզոյան Կոնստանտին Սոկոլով
Արարատ Միրզոյան Կոնստանտին Սոկոլով


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Երկուստեք ընդգծվել են 2025 թ. օգոստոսի 8-ի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը: 

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են: Ի թիվս մի շարք նախաձեռնությունների, ընդծվել է արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և Firebird AI ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը: 

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը: 

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 
 
1/2792
bottom of page