Հայաստանում տարեկան գրանցվում է ջրծաղիկի մոտ 15 000 դեպք
Ջրծաղիկը սուր, շնչառական, վիրուսային վարակ է, որի հարուցիչը 3-րդ տիպի մարդու հերպես վիրուսն է, որը խիստ վարակիչ է, առաջացնում է ջրծաղիկ սովորաբար մանկական տարիքում, և հերպես զոստեր հիվանդություն, սովորաբար ավելի ուշ՝ չափահաս տարիքում (հիմնականում մեծահասակների և իմունային անբավարարություն ունեցող անձանց շրջանում), Facebook-ում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ջրծաղիկի վիրուսը տարածված է ամբողջ աշխարհում, և պատվաստանյութի բացակայության դեպքում մարդկանց մեծ մասը վարակվում է: Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով: Վիրուսը ներթափանցում է վերին շնչուղիների կամ շաղկապենու միջոցով: Ջրծաղիկի վիրուսով առաջնային վարակից հետո վիրուսը մնում է նյարդային գանգլիոններում և կարող է վերակտիվանալ ավելի մեծ տարիքում՝ առաջացնելով հերպես զոստեր:
Ջրծաղիկն ունի սուր շնչառական վիրուսային վարակներին բնորոշ սեզոնայնություն, որն առավելապես դրսևորվում է ձմռան և գարնան ամիսներին: Խոշոր բռնկումներ են տեղի ունենում՝ 2-5 տարի պարբերականությամբ: Ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան գրանցվում է ջրծաղիկի 4.2 մլն ծանր բարդություններով հոսպիտալացման և 4200 մահվան դեպք։ Թեև ջրծաղիկի և հերպես զոստերի ծանր հիվանդացության և մահացության բեռը հանրային առողջապահության տեսանկյունից զգալիորեն ավելի ցածր է, ի տարբերություն պատվաստանյութով կանխարգելվող այլ հիվանդությունների, ինչպիսիք են՝ կարմրուկը, կապույտ հազը, ռոտավիրուսը կամ ինվազիվ պնևմակոկային հիվանդությունը՝ մինչև պատվաստանյութի ներդրումը, այնուամենայնիվ, ջրծաղիկի դեմ պատվաստանյութի կիրառումը նվազեցնում է հիվանդացությունը և մահացությունը, հատկապես բնակչության ռիսկի խմբերում: Ջրծաղիկի հնարավոր բարդություններն են՝ երկրորդային բակտերիալ վարակներ, էնցեֆալիտ, վիրուսային թոքաբորբ, որը մեծահասակների մոտ ամենահաճախադեպ բարդությունն է, իսկ իմունային անբավարարությամբ անձանց մոտ բարդությունները կարող են հանգեցնել նույնիսկ մահվան:
Ջրծաղիկը Հայաստանի Հանրապետությունում տարածված հիվանդություն է: Գնահատվում է, որ Հայաստանում տարեկան գրանցվում է ջրծաղիկի մոտ 15000 դեպք։ 2011-2021 թվականներին գրանցվել է ջրծաղիկի 163764 դեպք։ Վերջին տարիներին (2008-2021 թթ.) Հայաստանում ջրծաղիկի տարեկան հիվանդացության մակարդակը տատանվել է 310.1-770.9-ի սահմաններում 100.000 բնակչի հաշվարկով, ընդ որում ամենաբարձր հիվանդացության ցուցանիշը (770.9 դեպք 100.000 բնակչի հաշվարկով) դիտվել է 2011 թվականին: Ջրծաղիկի դեպքերի 70%-ը գրանցվել է 0-18 տարեկան անձանց շրջանում: Ընդհանուր առմամբ, 2014-2021թթ. ընթացքում Հայաստանում 4689 մարդ հոսպիտալացվել է ջրծաղիկի պատճառով, իսկ հոսպիտալացումների տարեկան թիվը տատանվել է 898-ից (2018) մինչև 38 (2020): 2022 թվականի առաջին կիսամյակում հոսպիտալացվել է 281 մարդ:
Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը ստեղծվել և կլինիկական փորձարկման է ենթարկվել 1970-1980թթ. ընթացքում: Այն առաջին անգամ լիցենզավորվել է Գերմանիայում և Շվեդիայում 1984-ին: Ներկայումս աշխարհում կիրառվում են ջրծաղիկի դեմ կենդանի թուլացած լիոֆիլացված պատվաստանյութեր: Ջրծաղիկի դեմ պատվաստանյութերը նախատեսված են 12 ամսականից բարձր տարիքի երեխաների համար, որոշ տեսակներ (1 մոնովալենտ և 2 համակցված պատվաստանյութեր) արտոնագրված են նաև 9 ամսականից կիրառման համար:
Բազմաթիվ երկրների փորձը վկայում է, որ ջրծաղիկի նկատմամբ պատվաստումների բավարար ընդգրկվածության ապահովման պայմաններում, նվազում է հիվանդացության մակարդակը, ինչը նպաստում է նաև հերպես զոստերով հիվանդացության նվազմանը:
Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային ծրագրում ջրծաղիկի դեմ պատվաստումը ներդրվելու է 2024թ.ին, այն նախատեսված է 12 ամսական և 4-6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև նախազորակոչային տարիքի (15-16տ., 2 դեղաչափով) անձանց համար:
Ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ ապացույցների համակարգված ուսումնասիրությունը ցույց է տվել մոնովալենտ պատվաստանյութի անվտանգությունը: Երեխաներին պատվաստելուց հետո գրանցված ամենահաճախ հանդիպող հետպատվաստումային ռեակցիաները եղել են աննշան և ներառել են թեթև ցավոտություն, կարմրություն, ցան ներարկման տեղում: Հազվադեպ արտահայտվել նաև ջերմություն և ջրծաղիկանման ցան»: