Իտալիայում կանանց միջազգային օրը ցույցեր և գործադուլներ են անցկացվում
Իտալիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ արհմիությունների կոչով համազգային գործադուլ է տեղի ունենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստին»:
«Մենք կառավարությանը և վարչապետին խնդրում ենք կոնկրետ գործողությունների մասին, այլ ոչ թե հռետորաբանության, որն ինքնին չի կարող փոխել կանանց իրավիճակը, որոնք նախկինի պես չափազանց խտրական են, ոտնահարվում են և բռնության տարբեր ձևերի զոհ են դառնում»,-հայտարարել է CGIL-ի քարտուղար Լարա Գիլյոնեն:
Գործադուլին միացած արհմիությունների և հասարակական ասոցիացիաների պահանջները վերաբերում են գենդերային հավասարությանը, նրանց սեռի պատճառով կանանց սպանությունների դեմ պայքարին, տղամարդկանց հետ նվազագույն և հավասար աշխատավարձի սահմանմանը և Ուկրաինայում և Պաղեստինում շարունակվող հակամարտությունների դադարեցմանը:
Գործադուլին առավել ակտիվորեն մասնակցում են տրանսպորտային աշխատողները և քաղաքացիական ծառայողների որոշ կատեգորիաներ, մասնավորապես՝ բժշկական, թանգարանային և դպրոցի աշխատողները: Միաժամանակ իտալական բազմաթիվ քաղաքներում ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները դեմ են կանանց նկատմամբ բռնությանը և նրանց սոցիալական իրավունքների ոտնահարմանը: Հռոմում խոշոր հանրահավաք և երթ է անցկացվում անտիկ Մեծ Կրկեսի դաշտում։