Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնական
- 3 hours ago
- 1 min read

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ։
Հանդիպման հենց մեկնարկում իրեն փայլուն դրսևորեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 8-րդ րոպեին նա վստահորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվն ու առաջ մղելով «ցլերին»։
Թեև առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը (Ալեքսեյ Միրոնովը ևս աչքի ընկավ 11-մետրանոցից), տանտերերը կարողացան կորզել հաղթանակը. 73-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Կրիվցովը։
«Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Նա խաղադաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում՝ 83-րդ րոպեին՝ փորձելով օգնել իր թիմին խուսափել պարտությունից։
Առաջին խաղակեսում VAR համակարգը միջամտեց խաղին երեք անգամ։ 38-րդ րոպեին անգամ չեղարկվեց տանտերերի ֆուտբոլիստ Ժուան Բատչիի գոլը՝ թիմակից Ջոն Կորդոբայի ձեռքով խաղի պատճառով։
«Ռոստովը» հանդիպումն ավարտեց 9 հոգով։ 51-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց պաշտպան Դմիտրի Չիստյակովը, իսկ 90+6-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ Իլյա Վախանիան։
Այս հաղթանակի շնորհիվ Էդուարդ Սպերցյանի թիմը վաստակեց 43 միավոր և շրջանցելով «Զենիթին» (42 միավոր)՝ վերադարձավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ռոստովը» 21 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։




















