Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն

Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայում առաջին անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին` նվաճելով Հայաստանի առաջին մեդալը։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու քառակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը եզրափակիչի ճանապարհին չորս հաղթանակ էր տարել ժամանակից շուտ` պայքարից դուրս թողնելով մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0), ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0) և Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոնդ Նազարյանին (12:4): Հոկտեմբերի 27-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ), որոնք երեքական հաղթանակ տանելուց հետո պարտվել էին կիսաեզրափակիչում: Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի մրցակիցը կլինի օլիմպիական չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, կուբացի Լուիս Օրտա Սանչեսը, իսկ Գևորգ Թադևոսյանը կմրցի ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովի հետ։ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի: Դավիթ Եղիազարյան




















