top of page

Դատախազը միջնորդագրեր է հասցեագրել` Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ

1 hour ago
1 min read

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ.Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026 թվականի մայիսի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս:

Դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝  8 միլիոն դրամի չափով վերականգնել է պատճառված վնասը:

Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում պարզել է, որ վարչական ղեկավար Խ.Մ.-ն, 2007 թվականի օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն:

Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ.Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։


 
 
1/2900
bottom of page