Կոնսենսուս «մինուս» կաթողիկոս կամ՝ Կտրիճ Ներսիսյանի գործողությունները հանգեցնելու են եկեղեցաքանդության
- Investigative journalist

- 7 hours ago
- 4 min read

Աշխարհիկ իշխանություն-Մայր Աթոռի հոգևոր դաս հարաբերություններում վերջին ամիսներին ի հայտ եկած ճգնաժամը դեռևս չի հանգուցալուծվել և տեսանելիորեն փոխակերպվել է ներեկեղեցական առճակատման։ Մինչ եկեղեցու որոշ սպասավորներ ու նրանց ձայնակցող քաղաքական որոշ ուժեր ՀՀ իշխանությանն են մեղադրում «եկեղեցահալած արշավ» սկսելու մեջ ու անողոք դատապարտում առաջիններին, հանրությունը ականատեսն է մի երևույթի, թե ինչպես է եկեղեցին իր հերթին լուռ ականատեսը դարձել իր իսկ ներկայացուցիչների դեմ մղվող նողկալի արշավին։ Եթե չասենք՝ հենց ինքն էլ սանձազերծել ու սպասավորում է այդ արշավը։ Մեկ տարի առաջ ՀՀ կառավարության դեմ Գարեգին Բ-ի գիտությամբ ու օրհնությամբ բարձրաստիճան հոգևորական Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «սրբազան պայքարը», փաստորեն, այլևս փոխակերպվել է եկեղեցու դիրքորոշումը չկիսող, դրան հակադրվող հոգևորականների դեմ «սրբազանց արշավի»։ Հիմնավոր ենթադրություն ունենք՝ նորեն Գարեգին Բ-ի իմացությամբ, թողտվությամբ ու… օրհնությամբ։ Այս արշավը, որի «քարոզչական հովանավորների» դերը ստանձնել են նախկին ռեժիմին փոխկապակցված որոշ ԶԼՄ-ներ, հաստատում է ՀՀ կառավարության ղեկավարի առաջարկը, որ վեհարանը պետք է քրիստոնեաբար ազատել «կեղծավորների ուփարիսեցիների գերությունից», «Կանոնագիրք Հայոց»-ը զանց առած՝ ուխտազանց հոգևորականներից, լեգիտիմ հրամայական է։
Եկեղեցու կողմից իր հոգևոր դասի բարձր սպասավորի դեմ իրականացվող զազրելի արշավի հերթական ակտի զոհը դարձել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագն առաջնորդելու համար։ Նա մի քանի օր է՝ «Բրուտոս»-ի հետ է նույնացվում, մեկի, որը պատմության մեջ հայտնի է որպես դավաճան, թիկունքից խփող։ Փաստորեն, մասնակցելով իր առաջնորդած թեմի եկեղեցում մատուցված պատարագին, թեմի առաջնորդը դառնում է «դավաճան», այն հանգամանքի բերումով, որ սուրբ այդ արարողությանը, ի թիվս այլ հավատացյալների, մասնակցել է հավատավոր հոտի ներկայացուցիչ ՀՀ վարչապետը։ Նաև այն հանգամանքի բերումով, որ նույն այդ հոգևորականը դեմ է եղել Հովհաննավանքի՝ այլևս կարգալույծ հռչակված տեր Արամ քահանա Ասատրյանին «պատժելու» Գարեգին Բ-ի որոշմանը։ Արշավին միացած ընդդիմադիր գործիչներից մեկը, նկատենք, ընդհուպ հիշեցրել էր այնպիսի նեղ-անձնական հանգամանքներ, որոնց մասին, վստահաբար, իրեն հայտնել են եկեղեցու ներսից։ «Ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել։ Ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել` նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների։ Ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ «էն աշխարհից հետ եկաք»։ Ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի` Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն»,- մասնավորապես գրել է սույն ընդդիմադիր պատմաբանն ու եզրափակել՝ «ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճը,, երբ ՀԱԵ տաճարում ցուցադրաբար ողջունեցիք ազգակործան պատուհասին` սեղմելով նրա հայադավ ու եկեղեցաքանդ ձեռքը»։
Ո՞վ է իրականում «եկեղեցաքանդը»
Այն, որ «այլախոհ» հոգևորականների դեմ քարոզչական պատվերը ուղիղ հոգևոր էլիտայի կողմից է տրվում, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր նաև վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած սուրբ պատարագը մատուցած Երվանդ քահանա Բաբայանը։ «Ես չնչին կասկած իսկ չունեմ, որ Գևորգ սրբազանին, ինչպես նաև շատ այլ հոգևորականների թիրախավորում են Մայր Աթոռ սբ. Էջմիածնից, փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի-պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է Հայ Եկեղեցու և մեր պետականության համար: Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու և որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ Մայր Աթոռը լուռ է»,- մասնավորապես նշել էր քահանան։ Եկեղեցու ներսում տիրող անառողջ վիճակը վկայությունն է այն բանի, որ Գարեգին Բ-ն ոչ թե հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչների հովվապետն է՝ սրտացավ ու նախանձախնդիր նրանցից յուրաքանչյուրի վարկի ու հեղինակության, այդ վարկով ու հեղինակությամբ պայմանավորված՝ եկեղեցու, որպես ամբողջական ինստիտուտի, բարի համբավի ու անվիճարկելի հեղինակության հարցում, այլ վարչահրամայական, եթե կուզեք՝ ստրկական բարքերով եկեղեցին կառավարող բռնակալ։ Սա ուղիղ ճանապարհ է ոչ թե եկեղեցին ամուր ու անսասան պահելուն, այլ՝ դեպի եկեղեցաքանդություն։ Ակնհայտ է, որ ներեկեղեցական հարաբերություններում անվերապահ աջակցություն չվայելող կաթողիկոսը հրաժարվելով վեհարանից հաշտությամբ ու կամավոր հեռանալուց՝ այսպիսով հանգուցալուծելով տարիներ ի վեր գոյություն ունեցող ճգնաժամը, իր դեմ «երկրորդ ճակատ» է բացել։ Եվ այժմ երկու ֆրոնտով է փորձում պայքարել խորացող ճգնաժամի դեմ՝ ընդդեմ իշխանությունների և ընդդեմ իր վերահսկողությունից դուրս եկած անկառավարելի հոգևորականների։ Ստեղծված իրավիճակից ելքը Գարեգին Բ-ն ակնհայտորեն պատկերացնում է մեկ եղանակով՝ «կարգազանց ընթացքի» մեջ գտնվող, այն է՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմող հոգևորականներին հնազանդեցնելով՝ նրանց նկատմամբ կիրառելով կարգալույծ անելու, մամուլով հեղինակազրկելու ու «դավաճան» հռչակելու ռեպրեսիվ գործիքակազմը։ Իսկ այն՝ իրապես «կարգազանց ընթացքի» մեջ գտնվող հոգևորականները, որոնք լոյալ են իրեն այնքանով, որքանով իր դեմ հրապարակայնորեն դուրս չեն եկել, փաստորեն չեն կանգնում եկեղեցական «դատարանի» առաջ։ Մասնավորապես Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, որի անձնական կյանքի վերաբերյալ վերջերս աղմկահարույց տեսագրություններ հրապարակվեցին։
Ի դեպ, տեր Զարեհ քահանա Աշուրյանը, որը ժամանակ առաջ նողկալի բառապաշարով մի գրառում արել էր՝ «հուդա իջևանցի» անվանելով ՀՀ վարչապետին (նա նույնպես սեքս-սկանդալի հերոս է ), միանալով Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դեմ արշավին, Ֆեյսբուքում խոստովանական ցուցմունք է տվել. «Եթե ձեր դեմ կան «կոմպրոմատներ» և դուք չեք կարողանում դրանց հակադարձել տղամարդու նման, լավ է, որ թողնեք ձեր կարգը և արժանապատվորեն հեռանաք։ Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում և ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ։ ԱՄՈ՜Թ, ՁԵԶ ԵՄ ԱՍՈՒՄ…»։ Ինչ է սա հուշում՝ քահանան, փաստորեն, տեղյակ է, որ հոգևոր դասի բարձր ներկայացուցչի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ կան կոմպրոմատներ, որոնց, ըստ նրա, Սարոյանը չի կարողացել տղամարդկայնորեն հակադարձել։ Այն, որ քահանային իքս հոգևորականի վերաբերյալ «կոմպրոմատների» մասին ինֆորմացիա է հասանելի դարձել, նշանակում է՝ դրա մասին տեղյակ են հոգևոր դասի այլ, մասնավորապես բարձր ներկայացուցիչները ևս։ Արդ, հարց է ծագում՝ ինչպե՞ս է ստացվել, որ եկեղեցու էլիտան հանդուրժել, թույլ է տվել, որ եկեղեցական աստիճանակարգով բարձրանա մի հոգևորական, որը, ըստ այդմ, ունի խոցելի կենսագրություն ու կարող է շանտաժի ենթարկվել իրեն վերաբերող «կոմպրոմատների» պատճառով։ Եվ բացի սրանից՝ ինչո՞ւ է նման «քեյս» ունեցող հոգևորականը շարունակում մինչև այժմ ծառայել եկեղեցում (եթե չլիներ պատարագին ներկա գտնվելու հանգամանքը, այս մասին հայտնի չէր դառնա), ինչի՞ դիմաց, ու նաև՝ արդյոք շա՞տ են նման «քեյս» ունեցող հոգևորականները։
Ի դեպ, հեղափոխությունից հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի մասին, այսպիսի բանաձև էր ձևակերպել՝ «կոնսենսուս «մինուս» 1»։ Սա նշանակում էր, որ քաղաքական բոլոր ուժերը միավորվում են ընդդեմ մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանի, բացառելով կոնսենսուսը մեկ մարդու՝ վարչապետի շուրջ։ Եկեղեցու ներսում տեղի ունեցող պրոցեսները, կարծեք, Քոչարյանի առաջարկած բանաձևով են ընթանում, միայն թե, ինչպես դեպքերի ընթացքն է հուշում, հակառակ էֆեկտն են ունենալու, այսինքն՝ կոնսենսուս «մինուս» կաթողիկոս։
Հ. Մանուկյան




















