Ղարաբաղյան հարցում իմ մոտեցմանը չհամաձայնող քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել․ ՀՀ վարչապետ

Ես յոթերորդ դասարանից ներգրավված եմ եղել ղարաբաղյան շարժման մեջ, իսկ 2025 թվականի մարտին Ազգային ժողովի ամբիոնից նշեցի, որ վարչապետի պաշտոնում իմ փորձի և վերլուծության հիման վրա եզրակացությունն այն է, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարելու է այս սկզբունքի հիման վրա։ «Եվ եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ այդպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել։ Կարծում եմ, որ ես աշխարհի պատմության մեջ առաջին և միակ վարչապետն եմ, որը իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն կատարել, եթե քաղաքացիները համաձայն չեն հայտարարված ռազմավարության հետ։ Երկրորդ նման դեպք ես չգիտեմ։ Բայց փաստն այն է, որ մեր քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետև նրանք, ինչպես և ես, հասկացել են, որ առանց այդ որոշումը կայացնելու խաղաղություն հնարավոր չէ ոչ գործնականում, ոչ էլ տեսականորեն։ Նրանք հասկացել են, որ սա այն դրույթն է, որը ես առաջ եմ քաշել և որը, ցավոք, գոյություն ունի արդեն երկար ժամանակ և գուցե հենց ամենասկզբից», - նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մյուսները ղարաբաղյան շարժումը այլ կերպ են ընկալել՝ այնտեղ տեսնելով մի հարմար լծակ, որը կարող է խոչընդոտել Հայաստանի ինքնիշխանությանը, պետականությանը, անկախությանը և բարգավաճմանը։ «Եվ պետք է խոստովանել, որ այդ լծակն արդյունավետ է օգտագործվել։ Այժմ խաղաղության դարաշրջան է և Հայաստանի քաղաքացիները դա գոհունակությամբ են ընդունել։ Դրա մասին բազմաթիվ ապացույցներ կան և չկան փաստեր, որոնք կհերքեն դա», - եզրափակել է վարչապետը։




















