Հոլոքոստի զոհերի ժառանգները պահանջել են ԱՄՆ թանգարաններից վերադարձնել նացիստների կողմից առգրավված արվեստի գործերը

Հոլոքոստի զոհերի ժառանգները և նրանց ներկայացնող կազմակերպությունները Կալիֆոռնիայում երկու դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել նացիստների կողմից եվրոպական հրեաների հալածանքների ժամանակաշրջանի արվեստի գործերը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Այդ ստեղծագործություններն այժմ պահվում են Լոս Անջելեսի հայտնի հաստատությունների և Աուշվիցի հուշահամալիր-թանգարանի հավաքածուներում։
Սրանք առաջին նմանօրինակ հայցերն են Կալիֆոռնիայի և ԱՄՆ նոր օրենքների ընդունումից հետո, որոնք ընդլայնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեական ընտանիքներից բռնագրավված արվեստի գործերի վերադարձին հասնելու ժառանգների հնարավորությունները։
Առաջին հայցը երկուշաբթի ներկայացրել են Մեծ Լոս Անջելեսի Հրեական ֆեդերացիան և դրա նախագահ Դենիել Գրիչմանն ընդդեմ Փասադենայում գտնվող Նորթոն Սայմոնի թանգարանի։ Խոսքը 1530 թվականին Լուկաս Կրանախ Ավագի վրձնած «Ադամ և Եվա» երկու կտավների մասին է։
Նկարները ծագում են արվեստի գործերի հոլանդացի հրեա վաճառական Յակոբ Գուդստիկերի հավաքածուից: Պատերազմի տարիներին նրա զոհվելուց հետո հավաքածուն բռնագրավել են նացիստները, այդ թվում՝ Հերման Գյորինգը։ Հետագայում կտավները մի քանի անգամ սեփականատեր են փոխել և 1960-ականներին հայտնվել Փասադենայի թանգարանում, որը հետագայում վերանվանվեց Նորթոն Սայմոնի անվամբ։
Գուդստիկերի հավաքածուի նկատմամբ իրավունքներն այժմ պատկանում են նրա միակ ժառանգորդ Մարեյա ֆոն Զախերին։ Նա իր իրավունքները փոխանցել է Լոս Անջելեսի Հրեական ֆեդերացիային, որն էլ մտադիր է վերադարձված գործերից ստացվող միջոցների մեծ մասն ուղղել տարածաշրջանում բնակվող Հոլոքոստը վերապրած մոտ 2500 անձանց օգնությանը։
Երկրորդ հայցը Լոս Անջելեսի դաշնային դատարան են ներկայացրել Դինա Գոտլիբովա-Բեբիթի դուստրերը։ Նկարչուհին վերապրել էր Աուշվիցի ճամբարը և հետագայում որպես անիմատոր աշխատել Կալիֆոռնիայում։ Նա ստիպված է եղել բանտարկյալների ջրաներկ դիմանկարներ ստեղծել ճամբարում կեղծ բժշկական գիտափորձեր իրականացնող նացիստ բժիշկ Յոզեֆ Մենգելեի հանձնարարությամբ։ Ընտանիքը պահանջում է վերադարձնել այդ աշխատանքները, որոնք այժմ ցուցադրվում են Աուշվիցի հուշահամալիրում։
Նորթոն Սայմոնի թանգարանը հայտարարել է, որ Կրանախի կտավների նկատմամբ օրինական սեփականության իրավունք ունի։ Դեռևս 2018 թվականին դաշնային դատարանը վճռել էր, որ թանգարանի իրավունքն ուժի մեջ է, իսկ 2019-ին ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել էր վերանայել գործը։
Աուշվիցի հուշահամալիրի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ Գոտլիբովա-Բեբիթի ջրաներկ աշխատանքները պետք է մնան հուշահամալիրի հավաքածուում՝ որպես Մենգելեի հանցագործությունների եզակի վկայություններ։ Նրա խոսքով՝ դրանք նացիստների կողմից թալանված ստեղծագործություններ անվանելը կոռեկտ չէ, քանի որ նկարչուհին դրանք ստեղծել է որպես բանտարկյալ և իր կամքին հակառակ։
Նոր դատական գործընթացները հնարավոր են դարձել օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։ 2024 թվականին նահանգապետ Գևին Նյուսոմի ստորագրած օրենքով հաստատվել է Կալիֆոռնիայի օրենսդրության կիրառումը նահանգի բնակիչների ու նրանց ժառանգների այն հայցերի նկատմամբ, որոնք վերաբերում են Հոլոքոստի և այլ հալածանքների ժամանակ բռնագրավված ստեղծագործությունների վերադարձին։
Դաշնային մակարդակում նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել էր թարմացված օրենք (Holocaust Expropriated Art Recovery Act), որը չեղարկել է նման պահանջների համար նախկինում գործող վաղեմության ժամկետը։ Այժմ ժառանգները կարող են դատարան դիմել վիճելի ստեղծագործության գտնվելու վայրի և սեփականատիրոջ մասին տեղեկանալուց հետո՝ վեց տարվա ընթացքում։
Պատմաբանների գնահատականներով՝ 1933-1945 թվականներին նացիստները և նրանց փոխկապակցված կառույցները Եվրոպայում յուրացրել են հրեական ընտանիքներին, հավաքորդներին և թանգարաններին պատկանող ավելի քան 600 հազար արվեստի գործ։ Դրանց զգալի մասը մինչ օրս պահվում է պետական և մասնավոր հավաքածուներում։




















