top of page

Եթե քահանայի ձայնը լռեցվի, քարերն են աղաղակելու. այսօր այդ քարերի փոխարեն հավատացյալ ժողովուրդն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 5
  • 2 min read
ree

Հոգեշնորհ Ռուբեն վարդապետին՝ բարեկամական հորդոր համարժեք պատասխանի փոխարեն


Հոգեշնորհ հայր,


Տեր Տարոնի գրառմանն ի պատասխան՝ Ձեր վերջին արձագանքի սրությունը, թաքնված քինախնդրության երեսպաշտ հեգնանքի տակ, ավելի շուտ վկայում է ոչ թե հոգևոր պատասխանատվության զգացում ունեցող՝ իր խոսքի ու խոստման, եթե կուզեք՝ հանձնառության արժեքն իմացող տղամարդու, այլ հոգու անլցելի դատարկությունից պառակտված անձի անհուսության մասին։ Ձեր խոսքը դատապարտությունն է բոլոր նրանց, ովքեր այլևս չեն կարող լռել սեփական խղճի առաջ։ Ըստ Ձեր մտասևեռումի՝ արտահայտվող մարդը դառնում է «դիրիժորների» գործիք, իսկ ճշմարտություն հնչեցնողին դեռ պետք է քննել։


Արժե՞ արդյոք գրել, որ ցավալի է՝ Ձեր՝ կուսակրոնության ուխտով ապրող հոգևորականի էջում նման բռնաբարիչ ամբաստանություն և վարկաբեկիչ հերյուրանք կարդալը։ Դա կլիներ ծիծաղաշարժ, եթե չլիներ այդքան գարշելի։ Բայց ավելի ցավալի է այն, որ Ձեր՝ կուսակրոնների երկնած ներքին՝ ասել է թե չբարձրաձայնված և չլուծված հարցերի խորքային արմատները հասկանալու և շտկումների փոխարեն, Դուք նախընտրում եք մռայլ դարձվածքների և ակնարկների խորդուբորդ ուղին։


Մի խուսափենք իրականությունից։ Վիճակը նետված է։ Դուք Ձեզ փրկելու այլ ճանապարհ չունեք հիմնականից՝ խոստովանությունից զատ։


Ձեր հոգևոր կոչումը՝ լինելով կուսակրոնություն, ենթադրում է ամբողջական նվիրվածություն։ Երբ այդ ուխտն իր իսկ էության մեջ խախտված է, սակայն դրսևորվում է ուրիշներին քարոզելու բարձր բարոյական կեցվածք ընդունելու ամբարտավանությամբ, այն դառնում է պարզապես հավելյալ վկայություն կեղծավորության մասին։ Հոգևորականն առաջնորդող օրինակ է, ոչ թե կեղծիքի քայլող վկայություն։


Արդյո՞ք կեղծիքը չէ ամենավտանգավոր «դիրիժորությունը», երբ մարդ՝ սեփական կյանքի անհամապատասխանությունը փորձում է կոծկել ուրիշների ձայնը լռեցնելով։


Ես դատավոր չեմ և չեմ էլ փորձում լինել։ Բայց, հավատացյալ լինելով, իրավունք ունեմ հարցնելու՝ արդյոք արդար է, երբ սրտի ցավով խոսող քահանային մեղադրում եք դերասանական խաղի մեջ։ Կամ, արդյո՞ք հակաավետարանական գործելակերպ չէ, երբ իր տղամարդկային թուլություններին կառչած մեկը համարձակվում է խրատել, դատել, հեգնել, քառատել, ուղորդել ազնիվ հոգուց բխած խղճի ձայնը։


Միթե՞ մոռացել եք՝ ճշմարտության ձայնը երբեք չի կարող լռեցվել հեգնանքով կամ պիտակներով։ Միթե՞ մտածում եք՝ այն ճնշելով կդադարի հնչել։ Չէ՞ որ եթե քահանայի ձայնը լռեցվի, քարերն են աղաղակելու։ Այսօր այդ քարերի փոխարեն քահանաներն ու հավատացյալ ժողովուրդն։


Ձեր խոսքն ու լռությունը՝ Ձեր իրավունքն են։ Բայց նաև մեր իրավունքն է՝ իբրև Եկեղեցու զավակներ, լսել ճշմարտության ձայնը և չվախենալ կանգնելու՝ այն պաշտպանելու համար։


Ճշմարտությունն ունի ինքն իրեն մաքուր պահելու հատկություն։ Իսկ կեղծիքն անգամ բիրտ կամ գունագեղ խոսքով փաթեթավորված, մի օր բացահայտվում է։ Միշտ է բացահայտվում։


Խաղաղություն մաղթելով Ձեզ՝ հիշեցնում եմ. սրբությունը սկսվում է անկեղծությունից, ոչ թե անսխալականության մասին տպավորություն ստեղծելու փորձերից։


Ի վերջո, մենք բոլորս ծառայում ենք մի Տիրոջ։ Եվ Նա ոչ թե լռեցնողների, այլ ճշմարտախոսների կողմն է։


Հավատացյալի խղճից ու աղոթքից ծնված բառերով



Մի քույր ի Քրիստոս


Հ.Գ. Քահանայական բողոքի այս ձայներն իրականում նաև այն մասին են, որպեսզի այլևս ոչ մի «աշխատակցուհի» հարկադրված չլինի հարազատ որդուն սեփական բայց ապօրինի ամուսնու անունը տալու։ Որ ոչ մի բալիկ ստիպված չլինի դպրոցում կամ բակում իր հայրիկի մասին ստեր պատմելու։

 
 
1/2379
bottom of page