Ադրբեջանն ի՞նչ գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Ակնհայտ է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, միգուցե, նաև Թուրքիայի միջամտությամբ: Պատճառները շատ դժվար է գնահատել, բայց աշխարհաքաղաքական են: Թե Ադրբեջանն ի՞նչ գին է վճարում դրա համար կամ ինչպիսի՞ սպառնալիք կամ շանտաժ են կիրառել Ռուսաստանի դեմ, ինչի՞ դիմաց է ստացվել սա, դժվար է գնահատել: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ուզել կա՛մ լրացուցիչ կոնֆրոնտացիայի գնալ Ադրբեջանի ղեկավարության հետ, տվյալ դեպքում նաև Թուրքիայի, կա՛մ ինչ-որ աշխարհաքաղաքական պայմանավորվածություն է եղել այլ տեղերում Ադրբեջանի կամ Թուրքիայի որոշակի վարք ապահովելու նպատակով: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրս բերման մասին:
«Ինչ-որ բանի դիմաց է արվել: Այդ ինչ-որ բանը գործողություն է, թե՞ անգործութուն, օրինակ, Ուկրաինայի հարցում Թուրքիայի կամ Ադրբեջանի որոշակի վարք, թե՞ այլ ուղղություններում որոշակի դրական քայլեր, արդեն ընթացքում կերևա: Մի քիչ դժվար կլինի գնահատել, թե աշխարհաքաղաքական ի՞նչ փաթեթի մաս է եղել ռուս խաղաղապահների դուրս բերումը, բայց վստահ եմ, որ պատճառները աշխարհաքաղաքական են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու՞ է ամեն դեպքում ռուս խաղաղապահների մի մաս մնացել Արցախում, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ պաշտոնական որևէ հայտարարություն չի տեսել այդ մասին և քանի դեռ հայտարարություն չկա, վերապահումով է մոտենում այդ կարծիքին:
«Ավելին ասեմ, ո՞վ ասաց, որ սեպտեմբերից ի վեր հենց 1960 խաղաղապահ է եղել Արցախում: Ես կարծում եմ, որ միգուցե, դեռևս այն ժամանակ, թիվը որոշակիորեն կրճատվել էր: Բայց հիմա պետք է հասկանանք, որ կապ չունի, թե քանի խաղաղապահ կմնա, կապ ունի, ընդհանրապես խաղաղապահ կմնա՞ թե ոչ: Գոնե սիմվոլիկ ձևով, Ռուսաստանի ներկայությունը Արցախում կլինի՞, թե՞ չի լինի: Դրանից հետո, եթե իրենք մնում են, հաջորդ հարցն այն է, թե իրենք ի՞նչ լիազորություններ են ունենալու, ի՞նչ գործառույթ են կատարելու»,-ասաց Արտակ Բեգլարյանը և հավելեց, որ ակնհայտ է՝ նախկին պայմանավորվածությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված, արդեն սեպտեմբերից ի վեր, ընդհանրապես չեն գործում:
Նրա խոսքով, ռուս խաղաղապահների գործառույթները փաստացի չեն կատարվել սեպտեմբերից: Նրա կարծիքով, հիմա եթե նույնիսկ խաղաղապահներ մնացին, նոր փաստաթուղթ պետք է ստորագրվի՝ նրանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները հստակեցնելու համար:
Արտակ Բեգլարյանի խոսքով, ցանկալի է, որ որոշակի միջազգային ներկայություն լիներ Արցախում: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ստեփանակերտի գրասենյակը դուրս է բերվել և Բարդա է տեղափոխվել: Նրա կարծիքով, այս երկու իրադարձությունները՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների դուրս բերումը նշանակում է միջազգային հանրության բոլոր տեսակի ներկայացուցիչների դուրս բերում Արցախից, և հիմա արդեն Ադրբեջանը շատ ավելի անկաշկանդ է լինելու իր հանցագործությունները անելու գործում:
Հարցին, թե արդյո՞ք ռուս խաղաղապահների դուրս բերում նշանակում է, որ Արցախի էջը փակվում է բոլորի համար, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի հեռանկարը, բայց չի կարծում, թե դա գլխավոր գործոնն է, որ արցախցիները վերադառնան:
«Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև 2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա, չէին տեղահանվի: Եթե արցախցիները ռուս խաղաղպահների ներկայությամբ բռնի տեղահանվել են, և Ռուսաստանը գործողություններ չի կարողացել անել կամ չի արել դա կանխելու համար, արդեն նշանակում է, որ վերադարձի համար լրացուցիչ գործոններ պետք է ավելացվեին, կամ միջազգային պաշտպանության նոր մեխանիզմներ գործարկվեին, որպեսզի Արցախի ժողովուրդը վստահություն ունենա, և այնտեղ բարենպաստ անվտանգային միջավայր ունենա հավաքական վերադարձի համար»,-հավելեց Արցախի նախկին պետնախարարը: