Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անտեսում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան․ Նեբենզյա
- 1 hour ago
- 1 min read

Մերձավոր Արևելքի պետությունների վրա Իրանի հարձակումները դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հեղինակներն առաջարկում են աչք փակել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի վրա, հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Քիչ առաջ Անվտանգության խորհուրդն ընդունել էր բանաձև՝ Իրանից պահանջելով դադարեցնել հարվածներ հասցնել արաբական երկրներին։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում չեն հիշատակվում և չեն դատապարտվում Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները։
«Եթե այն կարդա միջազգային գործերից անտեղյակ մարդ, ապա նրա մոտ անխուսափելիորեն տպավորություն կստեղծվի, թե Թեհրանը սեփական կամքով և չարամտությամբ հրահրված հարձակում է գործել արաբական երկրների վրա։ Բուն Իրանի տարածքին հասցվող հարվածները, էլ չխոսելով նրանց մասին, ովքեր կանգնած են դրանց հետևում և իրականացնում են դրանք, փաստաթղթում ոչ թե չեն քննարկվում, այլ պարզապես շրջանցվում են»,- ասել է Նեբենզյան։
Դիվանագետը հավելել է, որ բանաձևը կարող է նույնիսկ մեկնաբանվել որպես թույլտվություն՝ շարունակելու ագրեսիան Իրանի դեմ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ակտիվորեն օգտագործում է իր բազաները տարածաշրջանում ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական նպատակներով, ընդգծել է մշտական ներկայացուցիչը։
«Վաշինգտոնն իր ագրեսիվ գործողություններով, ըստ էության, պարզապես հարվածի տակ է դրել Ծոցի պետություններին։ Ընդունված բանաձևն ի վիճակի չէ հասնել խաղաղության Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այն միայն կխորացնի տարաձայնությունները հիմնական խաղացողների միջև»,- նշել է նա։




















