top of page

Զինծառայողի սպանությունից 2,5 տարի անց առաջ է մղվում ինքնասպանության վարկածը

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

2019թ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի ցուցումով դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել՝ հետմահու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Նշենք, որ Արթուր Աջամյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործը քննվում է շուրջ 2.5 տարի, սակայն մահվան իրական հանգամանքներն այդպես էլ չեն պարզվել, վարույթն իրականացնող մարմինը դեռևս որևէ անձի որպես մեղադրյալ չի ներգրավել։

Փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ քրեական գործով մի քանի քննիչ արդեն փոխվել է, դատախազի ցուցումով քննչական գործողություններ են իրականացվում, նշանակվել է հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն։ Եզրակացությունը փաստաբանը դեռևս չի ստացել, սակայն քրեական գործով ինքնասպանության վարկածն առաջ քաշելու միտում տեսնում է։ Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանին, որը տևական ժամանակ կոմայի մեջ էր գտնվում, հարցաքննվել է քրեական գործով, սակայն վերջինիս հայտնած տեղեկությունները գաղտնի են պահվում։ Փաստաբան Հայարփի Սարգսյանը Մելիքբեկյանի հետ միայն վերակենդանացման բաժանմունքում է տեսել, տուն տեղափոխվելուց հետո չի տեսել։

«Հարազատները սկզբում դեմ չէին, հետո չցանկացան, ակնհայտ է, ոչ դա ևս քննիչի ձեռագիրն է։ Առհասարակ, զինվորական քննչական այդ կառույցը վերից վար փոխելու ենթակա է»- նշեց փաստաբանը՝ հավելելով. «Եթե հիշում եք, փորձաքննությունների եզրակացություններով անհերքելի փաստեր ունեինք, որ Արթուր Աջամյանի եղունգների տակ հայտնաբերվել էին դիրքի ավագի մաշկի և արյան հետքեր, իսկ դիրքի ավագի դեմքը ճանկռված էր նույն օրվա վաղեմությամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, չկա դատախազական վերահսկողություն, որի հետեւանքով, մեղավոր անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Բողոք էի ներկայացրել գլխավոր դատախազի։ Ըստ ներկայումս գործը քննող քննիչի՝ դատախազի ցուցումը բողոքիս մասով որոշակի գործողություններ է պարունակում, սակայն օբյեկտիվ քննության առանձնապես հույս չունեմ»։

 
 
1/2381
bottom of page