Ո՞ւմ է հարցազրույց տվել Նարեկ Կարապետյանը և ինչո՞ւ. Մարիա Կարապետյանի արձանագրումները
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ո՞ւմ է հարցազրույց տվել Նարեկ Կարապետյանը և ինչո՞ւ։
Թաքեր Քարլսընը ամերիկյան հանրապետական կուսակցությանը հարող լրագրող է։ Ընդ որում հանրապետական այն թևի ներկայացուցիչներից է, որը կողմ չէ Միացյալ Նահանգների մեծ, երբեմն նույնիսկ որևէ ներգրավվածությանը միջազգային գործերում։
Եւ ի՞նչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը Թաքեր Քարլսընին պատմում է, որ ինչպես Օսմանյան Կայսրությունն էր հալածում քրիստոնյաներին, այդպես էլ Հայաստանի այսօրվա Կառավարությունն է հալածում եկեղեցուն։ Թաքեր Քարլսընը սա օգտագործում է որպես կռվան իր և մեկ այլ հանրապետական հանրային գործչի՝ սենատոր Թեդ Քրուզի հետ տևական ժամանակ շարունակվող բանավեճի համար. հարցազրույցի վերնագիր է՝ «Գլոբալ պատերազմը քրիստոնեության դեմ շարունակվում է, իսկ Թեդ Քրուզին սա չի հետաքրքրում»։ Թաքեր Քարլսըն հաճախ քննադատում է Թեդ Քրուզին Իսրայելին աջակցելու համար, և այս վերնագիրը այն մասին է, որ ահա կան նաև այլ քրիստոնյաներ, որոնց Միացյալ Նահանգները կարող էր պաշտպանել։
Պարզվեց նաև, որ հարցազրույցի մեծ մասը փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ էր և Նարեկ Կարապետյանը այդտեղ ընդամենը «ցուցանմուշ» էր, որ պիտի համալրեր ներամերիկյան այն բանավեճը, թե արդյո՞ք Ուկրաինայում քրիստոնյաներին հալածում են, իսկ Նիգերիայում՝ ոչ։
Ինչ-որ պահի Նարեկ Կարապետյանը նաև բողոքեց, որ Հայաստանի այսօրվա Կառավարությունը պահպանողական արժեքներին դեմ է։ Նարեկ Կարապետյանը երևի չգիտի, որ Հայաստանում ինչքան պահպանողականություն կա, ամբողջ սրտով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում ներքաղաքական բանավեճի մեջ կռվան դարձնելը։




















