Մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը սպորտի կրկնակի վարպետ է դարձել
ՀՀայաստանի չեմպիոն Սիլվա Սարգսյանը ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևում։ Այս մասին գրում է sport.ru կայքը։
Նախկինում մարզիկը նմանատիպ կոչում էր ստացել Հայաստանում։
Սիլվան Հայաստանը ներկայացնում է միջազգային մրցաշարերում 2017 թվականից, սակայն մարզվում է Նիժնի Նովգորոդում՝ Ալինա Կաբաևայի մարզիչ Նատալյա Տիշինայի ղեկավարությամբ։ Բացի FIG-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, մարզիկը հանդես է գալիս նաև ներքին մրցումներում։
«Ինձ հրավիրում են Ռուսաստանում անցկացվող մրցաշարերի, ես գալիս եմ, սրա հետ կապված խնդիրներ չկան, Հայաստանի ֆեդերացիան էլ դեմ չէ»,- Սարգսյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Մարմնամարզուհին 2021 թվականին մասնակցել է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Այնտեղ նա զբաղեցրել է 38-րդ և 37-րդ տեղերը։