ՀԷՑ-ում կատարված ներդրումների յուրացման մասին ՀԷՑ նախկին տեսուչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում
- Investigative journalist

- Jul 7
- 3 min read

ՀԷՑ-ի Արարատի էլեկտրական ցանցերում 2013 թվականից մինչև 2020 թվականի հունիսը որպես տեսուչ, էլմանտյոր աշխատած Արտիկ Թովմասյանի հետ զրուցել ենք ՀԷՑ-ի ապօրինությունների, յուրացումների և իրեն աշխատանքից ապօրինի ազատելու մասին։
Նա տեղեկացրեց, որ 2020 թվականի հունիսին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանի գլխավորությամբ իրեն ապօրինի ազատել են աշխատանքից, և գործը դեռևս գտնվում է դատական գործընթացի մեջ. մոտ 7 միլիոն դրամի փոխհատուցումը ստացել է, սակայն ևս 20 միլիոն դրամի պահանջով հայցը գտնվում է դատարանում և պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել ընդդեմ ՀԷՑ-ի՝ իրեն խայտառակ ձևով աշխատանքից ազատելու և իր պատվին դիպչելու համար։
«Ինձ աշխատանքից ուզում էին հեռացնել, որովհետև ես 2016 թվականից սկսած միշտ բարձրաձայնել եմ, որ իրենք մեզնից պահանջում էին մինիմում կորուստներով բերել կիլովատը, և դրա համար ես իրենցից պահանջում էի հաղորդալարեր, հենասյուներ, հաշվառման սարքեր, ցանկացած բան, որ վերաբերում է ցանցին, որպեսզի կարգավորեմ և կորուստս քիչ լինի։ Եվ դրա մասին էլ զեկուցագիր եմ գրել 2016-ին, 2019-ին՝ պահանջելով, որ կարգավորեն իմ նյութական պատասխանատվության տակ գտնվող 5 ենթակայանները, բաժանորդների հաղորդալարերը, տրանսֆորմատորները։ Բայց երբ ես չէի բերում իրենց ուզած կիլովատը, և 1000 կիլովատ իրենց կողմից իմ ենթակայության դպրոցի վրա գրել էին, չնայած միշտ էլ գրում էի, և ես բարձրաձայնում էի այդ ամենի մասին, մեր ցանցի պետ Յուրա Սողոմոնյանը իմ ոտքի վրա քար շպրտեց։ Եվ ես այդ թվականներից իրենց հետ միշտ եղել եմ հակամարտության մեջ, նրանք նաև պարգևավճարներն էին կիսատ տալիս։ Մյուսների նկատմամբ նույնպես այս վերաբերմունքն էին ցուցաբերում, բայց նրանք չէին բարձրաձայնում խնդիրները և սուսուփուս նրանց ուզած կիլովատները բերում էին»,- ասաց Արտիկ Թովմասյանը։
Նա տեղեկացերց, որ դրա հիման վրա 2020 թվականին ինքը հաղորդում է ներկայացրել, բայց հինգ տարի գործը ձգձգեցին և կարճեցին։
Խոսելով նաև ՀԷՑ-ի ներկայիս գործունեության մասին, և թե ինչպես պետք է աշխատի ՀԷՑ-ը պետականացումից հետո, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը ՀԷՑ-ի բյուջեն ամբողջությամբ ուսումնասիրել է, և երբ 2020 թվականին Դավիթ Ղազինյանի հետ հանդիպելիս ասել է, որ բյուջեն ամբողջությամբ ուսումնասիրել է, վերջինս զարմացել է և ասել, որ իրենց նման աշխատող պետք չէ, և որ դիմում գրի դուրս գա։
«Հիմա ես, ուսումնասիրելով այս բյուջեն, տեսնում եմ, որ իրենք ներկայացրել են, որ 2017 թվականից ՀԷՑ-ը հանրային ծառայություններ ներկայացրել է 11,03 տոկոսով կորուստ, բայց 2016 թվականը ներկայացված չէ, իսկ մինչ այդ մենք 13 տոկոս կորուստով էինք հանձնում, իսկ 2016 թվից մեզ սկսեցին ճնշել, ու 2017 թվականին անձամբ իմ տարեկան հանձնած միջին կորուստը եղել է 8 տոկոս, 2020 թվականի հունվարին՝ 6 տոկոս։ Ես գիտեմ, որ մեր Արարատ ցանցը, մեր Արաքս մասնաճյուղը 2016-ի կեսերից սկսած միշտ ամեն ամիս միջինը հանձնում էր 6-7 տոկոս, իրենք ներկայացնում էին 11 տոկոս. որտե՞ղ էր կորում այդ 4 տոկոսը։ Իրենք ՀԾԿՀ հաշվետվություն են ներկայացրել, որ տարեկան 6 միլիարդից ավելի կվտ/ժամ հոսանք են բաշխում, և դրա չորս տոկոսը կանի մոտ 24 միլիարդից ավելի կվտ. որտե՞ղ է դա կորել։ Այդ 4 տոկոսը կամ կորում էր «Արաքս» մասնաճյուղում, կամ ՀԷՑ-ի գլխավոր կենտրոնում»,- նշեց Արտիկ Թովմասյանը։ Նա նաև պատրաստակամ է աջակցել՝ բացահայտելու այդ խախտումները։
Վերջինիս խոսքով՝ ՀԷՑ-ի պետականացումից հետո վիճակը կբարելավվի, եթե ՀԷՑ-ի ղեկավարության մեջ չլինեն Դավիթ Ղազինյանը, Յուրա Սողոմոնյանը, Վեդիի Արման Միքայելյանը, Արամ Գալստյանը, Վարդան Պետրոսյանը և այլք, որոնք իրենց գրպաններն էլ են լցնում։
Բացի դրանից, Արտիկ Թովմասյանը տեղեկացրեց, որ 2016-2024 թվականններին ՀԷՑ-ում 244 միլիարդ դրամի ներդրում է կատարվել, որի մեծ մասը չի երևում՝ որտեղ է կատարվել։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս 244 միլիարդ դրամի ներդրման մինիմում 30 տոկոսը գնացել է նրանց գրպանները, և սա ինքը ներկայացնում է որպես հաղորդում ՀԷՑ-ում հանցագործության՝ յուրացումների մասին։
«Ես իրենց կողմից մինչև 2020 թվականը չեմ տեսել ոչ մի մետր հաղորդալար, բայց ես բացել եմ 2016 թվականի բյուջեն և տեսնում եմ, որ այդ բյուջեով կա փայտյա հենասյուն 6600 հատ, ավտոմատ անջատիչ 39 000 հատ, որն ընդհանրապես չենք տեսել, հաղորդալար սիփ 309 կմ, տրանսֆորմատորի յուղ և այլն։ Այս ամենը թղթի վրա կա, բայց իրականության մեջ շատ չնչին տոկոսն է։ Եվ պետք է գնալ սրանց հետևից ու տեսնել, թե որ մասնաճյուղին են դրանք տրամադրվել»,- հավելեց Արտիկ Թովմասյանը։
Լիլիթ Թադևոսյան




















