top of page

Սոլովյովի մտքի մորմոքին չպատասխանող ընդդիմությունը կողմ է Հայաստանի ուկրաինացմանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 11 hours ago
  • 3 min read


Հայաստանի դեմ տարբեր ֆրոնտներից սանձազերծված հիբրիդային պատերազմի  «համազարկը», գաղտնիք չէ,  վաղուց է հնչել, դեռ 2018-ի թավշա հեղափոխությունից հետո և ավելի ագրեսիվ դրսևորումներ է ունենալու հատկապես առաջիկա 6 ամիսների ընթացքում, երբ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և պատերազմի, անկախության ու ինքնիշխանության պահպանման և Միութենական պետության կազմ մտցվելու, դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման և քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձի միջև, կարճ ասած,  որոշելով, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն են լինելու իրենց կյանքի հետագա 5 տարիների կառավարիչները։ Օրերս էլ հնչեց հերթական «կրակոցը» դաշնակից երկրի «ռազմաճակատից»՝ ի դեմս այդ երկրի պրոպագանդայի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովի (այս սուբյեկտն, ի դեպ, ինքզինքը հռչակել է «ահաբեկիչ»)։ 





Վերջինս ՀՀ-ի նկատմամբ տեղեկատվա-ահաբեկչական հերթական գրոհի շրջանակներում ազդարարել է. «Մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով: Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում, քան Վենեսուելայում։ Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում, և մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան. որոնք են մեր ազդեցության գոտիները, և ամեն ինչ հասկանալի կլինի»։

Ռուս պրոպագանդիստի այս հայտարարությունն ուշագրավ է մասնավորապես  հայաստանյան ընդդիմադիր ուժերի կողմից դրան ուղղված արձագանքների տեսանկյունից։ Ռուսական սայլին լծված ընդդիմադիր ուժերը, որոնք կայծակնային արագությամբ արձագանքում են «Հաքքին․ազ»-ում կամ ադրբեջանական քարոզչական ընդհուպ «ճ» կլասսի ռեսուրսներում ՀՀ-ի, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված ցանկացած «ռելիզի» ու կոլեկտիվ հիմունքներով, գերկազմակերպված գեներացնում հակահայկական քարոզչության ցանկացած բառ ու հնչյուն,  լռություն է պահում։ Չենք տեսնում նույն էնտուզիազմը, որը կցուցաբերվեր ՀՀ ինքնիշխանության ու անկախության վրա ոտքերը սրբած,  ՀՀ-ն  ՌԴ-ի «ազդեցության տակ» գտնվող սուբյեկտ համարող Սոլովյովին ուղարկելու համապատասխան վայր՝  միաժամանակ «Կրեմլի սոխակին» պատվելով համարժեք «կոմպլիմենտներով»։ Լուռ են, օրինակ, 2021 թ. ԱԺ ընտրություններից առաջ Սոլովյովի տաղավար շտապած,  «Կռիմ նաշ» աղաղակած  «կադրային չեկիստ» Արթուր Վանեցյանը, գրեթե  երկու շաբաթը մեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին իր տանը հյուրընկալող առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, Սոլովյովին ՀՀ-ի ուղղությամբ  «գեղգեղալու» հրահանգ իջեցրած Վլադիմիր Պուտինի հետ քիմիական կապով կապված Ռոբերտ Քոչարյանն ու նրա կոնտորայի ներկայացուցիչները, ռուս պրոպագանդիստի վզից  2013-ին «Պատվո շքանշան» կախ տված Սերժ Սարգսյանը (ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի լղոզված ֆեյսբուքյան ստատուսը հաշիվ չէ) և մյուս՝ ընդդիմադիր «խուրդա», «խառախուռա» ուժերը… Նրանց լռության պատճառը երկու բանի մասին կարող է վկայել՝ համարձակության բացակայության և համաձայնության։  Համարձակության բացակայության՝ քանի որ, այսպես ասած, «դուռնոյ տոնի» նշան է, երբ «լակեյները» հակաճառում են իրենց տերերին, «թռչում»՝ խախտելով հնազանդության ու գլուխ տալու ուխտը,  համաձայնության՝ քանի որ հայտնի է, որ ՀՀ-ի կայունության դեմ ուղղված ցանկացած գործընթաց՝ էսկալացիայի, ռազմական ագրեսիայի կամ պատերազմի տեսքով, բխել և բխում է ընդդիմության շահերից՝ երկրում իշխանությունը զավթելու առումով։  Նման ակտերի հանրությունը քանիցս է ականատես եղել.մասնավորապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, 2023 թ․-ին ԼՂ բռնի հայաթափումից հետո, երբ ռևանշիստական ռեժիմը փորձում էր ամեն գնով, փողոցային անկարգությունների միջոցով վերցնել իշխանությունը՝ պատերազմն ու հետպատերազմական անկայունությունը դիտարկելով միակ ելք ու հնարավորություն իր «իդեա ֆիքսը» գլուխ բերելու համար։ Իզուր չէ, որ  նախկին իշխանության ներկայացուցիչ՝ ՀՀԿ-ականներից մեկը ժամանակ առաջ անկեղծացել էր, թե՝  իշխանափոխություն իրականացնելու համար մեզ 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակի կրկնությունն է հարկավոր։ Ասել կուզի՝ ընդդիմությունը փափագում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր պարտություն՝  պարտության փլատակների վրա հառնելու հույսով։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, պատերազմի ռիսկերի զրոյին մոտ դառնալու ֆոնին, ահա, Սոլովյովի ասած «հատուկ ռազմական օպերացիայի» իրականացումը հույսի վերահաս  աղբյուր է իշխանափոխություն իրականացնելու զրոյացած հույսով ընդդիմության համար։ Արդ, ի՞նչ պետք է անի «խելացի ու հեռատես» ռուսահպատակ  քաղաքական խմբակը։ Այո, իր հուսատու Սոլովյովին  բշտել-խրտնեցնելու,  վերջինիս բերանը սեփական երկրի պաշտպանության դիրքերից արված հայտարարություններով ծեփելու փոխարեն  իրեն… ռետինե խողովակի տեղ դնի՝ փայփայելով, սնուցելով ու գեներացնելով  հուսատուի տված հույսը։  Թե՝ մարդ ես, մեկ էլ տեսար Պուտինը որոշեց անսալ իր պրոպագանդիստի հորդորին ու գնաց  արկածախնդրության՝ ոտնձգելով ՀՀ ինքնիշխանության ու անկախության դեմ՝  ուկրաինացնելով Հայաստանը։ Իրենք պետք է շունչները պահած սպասեն իրավիճակի նման զարգացմանը՝ պատրաստ լինելով զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը՝ ռուսական ազդեցության գոտում  «նամեստնիկ» կարգվելու դիմաց։   





Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ռուսական ագիտպրոպի ու տեղական ընդդիմության՝ տարիներ ձգվող ու այլևս  վտանգավոր դարձած սիմբիոզի մասին։ Վտանգավոր՝ Հայաստանի ու իրենց ընտրելու իրավունքը 2018-ի ապրիլից  վերականգնած ՀՀ գիտակից քաղաքացիների համար։

 


Հ. Մանուկյան  

 
 
1/2489
bottom of page