Կտրիճ Ներսիսյանի եղբորորդին է կարծես կասկածվում այս արարքի համար. սա ինքնին արդեն լուրջ մտահոգության առարկա է
- Investigative journalist
- 6 hours ago
- 2 min read

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին:
««Իրազեկ քաղաքացիների միություն»-ը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին հեռուստաեթերում հոգևորականներից մեկի հնչեցրած հայտարարության կապակցությամբ, որ բարձրաստիճան հոգևորականի կողմից քաղաքական հանրահավաքներին մասնակցությանը հարկադրանքի են ենթարկվել։
Ոստիկանությունը, ինչպես և պետք է վարվեր, նյութեր է նախապատրաստել ու վարույթ սկսել, որի շրջանակներում որպես վկա հարցաքննության է տարել Արագածոտնի թեմի մի քանի հոգևորականներին, իսկ թեմի առաջնորդը, որը Կտրիճ Ներսիսյանի քրոջորդին է, կարծեք թե կասկածվում է այդ արարքի համար։ Իրականացվել են խուզարկություններ։
Նորմալ պայմաններում կարծեք թե չէին զարմանա, որ եկեղեցականներն էլ կարող են ինչ-որ վարույթներով վկա լինել ու վկայություն տալ։ Չէին զարմանա, որ նրանք 3 ժամ հարցաքննվելու են, ինչպես այլ գործերով տասնյակ հազարավոր մարդիկ են հարցաքննվել կամ հարցաքննվում։
Լավագույն դեպքում քննադատությունները կարող էին վերաբերել միայն իրականացվող գործողությունների իրավաչափությանը, համաչափությանը, այդ գործողությունների ընթացքում վկաների կամ կասկածյալի իրավունքների խախտումներին։
Բայց ոչ․ ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագիրներ, կուսակցապետներ և կուսակցականներ, ընդդիմադիրությունը քաղհասարակությանը խառնած քաղաքականացված իրավապաշտպաններ թափվել են Դանիել Իոաննիսյանի վրա ու գրեթե հռչակում են «գործ տվող»։ Երիտասարդ եկեղեցականներից մեկն էլ հայտարարությունն արած հոգևորականին է Հուդա հռչակել, ու բոլորով՝ փաստաբաններով ու վերոնշյալ շրջանակներով, աղմուկ են բարձրացրել, թե՝ հասեք, հայ-հարայ, հասեք, Եկեղեցու վրա հարձակում է․․․ Ու նրանցից ոչ մեկի չի «զարմացրել ու զայրացրել» այն փաստը, որ Եկեղեցու որոշ հոգևորականներ (թող որ Կտրիճ Ներսիսյանին մերձ) կարող են այստեղ էլ դեմ գնալ սահմանադրական նորմին՝ հավաքների ազատության մասին, որ քաղաքական միջոցառումներին մարդիկ կարող են միայն ազատորեն մասնակցել կամ չմասնակցել, իսկ դրան հարկադրելը հանցագործություն է /առայժմ հարգում են բոլոր անմեղության կանխավարկածը, և չենք պնդում, թե դա հաստատված փաստ է/։
Բայց ինքնին այն, որ Եկեղեցին ներքաշել են Հայաստանն ու Արցախը խորտակած հին անազատության բարքերի վերադարձի դատապարտելի գործընթաց, ոչ մեկին չի զայրացրել, չի զարմացրել․․․ Ոչ մեկը անգամ ամոթ չի զգում, որ մեր Եկեղեցուն, ավելի ստույգ՝ եկեղեցականներին անգամ կարող են կասկածել նման արարքի համար․․․ Սա ինքնին արդեն լուրջ մտահոգության առարկա է։
Զայրացրել է այն, որ Հուդան դավաճանել է Քրիստոսին /սա էլ այլ կարգի մեղք է Կտրիճ Ներսիսյանին նույնացնել ոչ միայն ողջ Եկեղեցու, այլ ավելին՝ Հիսուս Քրիստոսի հետ/, իսկ Դանիել Իոաննիսյանն էլ «գործ է տվել»:
Բա, իհարկե, ադաթավորների ու դրա պաշտպանների դեպքում պետք է գիշերը անառակություն անել, ցերեկը՝ ամոթխած հարս խաղալ, «լեվի գնալ» ու ընտանիքապաշտ խաղալ, օրենք և իրավունք ճամարտակել, բայց թքած ունենալ սահմանադրական իրավունքների վտանգման վրա, խոսել բոլորի իրավունքներից, բայց ինչ-որ խավի, այս դեպքում՝ եկեղեցականների, վերագրել ինդուլգենցիա ու անձեռնմխելիություն։
Կրկնելու եմ, բայց այսօրվա մտահոգներն ու անհանգստացողները պետք է անհանգստանային այն ժամանակ, երբ 2020թ․-ից հետո Եկեղեցին ոչ միայն բացահայտ բենզին էր լցնում ներքաղաքական պայքարի կրակի վրա, այլև անթաքույց ներգրավվում էր դրանում, իսկ մենք աղաղակում ու աղաղակում էինք դրա անթույլատրելիության ու վտանգավոր հետևանքների մասին․․․ Սակայն այն ժամանակ կողքից բավականություն էին ստանում, որ «իշխանազրկման» գործընթացը սնուցվում է ժողովրդին պատկանող պատմական ինստիտուտի՝ Եկեղեցու բարձր վստահության ռեսուրսից․․․ Իսկ այն անսահման չէր ու չէ և մի օր սպառվելու էր այնքան, որ այսօր հասարակության մի զգալի մասը կամ անտարբեր լինի կատարվողի նկատմամբ, կամ արդարացված համարի, քանի որ որոշ եկեղեցականներ կարողացել են իրենց խայտառակ բացասական վարկանիշը տարածել ողջ ինստիտուտի վրա։
Վերստին չեմ կարող պնդել կամ պատասխանատվություն ստանձնել իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության կամ համաչափության մասով, ու դա, հիրավի, պրոֆեսիոնալ իրավապաշտպան ոլորտի հարց է, և թողնում եմ իմ գործընկերներին, բայց դատապարտում եմ սահմանադրական, քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար «Իրազեկ քաղաքացիների միության» վրա ժողովրդավարության, իրավունքի ու օրինականության տակ թաքնված, բայց իրականում դրա տապալումը երազողների հարձակումը»,- գրել է նա: