Իրանը չի օգտագործել իր բոլոր հնարավորությունները և պատրաստ է պատերազմի հաջորդ փուլին․ Ռեզայի

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի դեմ ցանկացած գործողություն իր գինն է ունենալու։ Նրա խոսքով՝ Իրանը դեռ չի գործարկել իր բոլոր հնարավորությունները և պատրաստ է պատերազմի հաջորդ փուլին։
Drop Site News պարբերականին տված հարցազրույցում Ռեզային նշել է, որ Թեհրանը նախընտրում է դիվանագիտական լուծումը, եթե դա մյուս կողմերին թույլ կտա գիտակցել հետագա սրացման հետևանքները։ Այդուհանդերձ, պատերազմի շարունակման դեպքում Իրանն ունի պատասխան քայլերի բոլոր անհրաժեշտ միջոցները։
Ռեզայիի խոսքով՝ հակամարտության նախորդ փուլերում Իրանը, մարտական գործողությունների ինտենսիվությունից ելնելով, լրացուցիչ հնարավորություններ է գործի դրել, սակայն իր ողջ ներուժը դեռ չի օգտագործել։
Նա զգուշացրել է նաև պատերազմի երկարաժամկետ հետևանքների մասին․ նրա գնահատմամբ՝ էներգետիկ շուկաներում անկայունությունը կարող է պահպանվել մինչև երեք տարի։
Ռեզային հավելել է, որ հակամարտությունը տարածաշրջանային հավասարակշռությունը փոխում է հօգուտ Իրանի, իսկ Պարսից ծոցի երկրները վերանայում են Թեհրանի հետ իրենց հարաբերությունները։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք նախկինում հույսը դնում էին ամերիկյան պաշտպանության վրա, այժմ սկսել են կասկածել, թե արդյոք ԱՄՆ-ն ի վիճակի է պաշտպանել անգամ սեփական ռազմաբազաները։




















