Փորձել է կաշառք առաջարկել ոստիկանին. ոստիկանապետ
- Nov 20, 2022
- 1 min read

2021թ.-ի վեց ամիսների ընթացքում ոստիկանության պարեկային ծառայության կողմից արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք, և բոլոր դեպքերով հարուցվել է քրեական գործ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Ոստիկանապետը նշեց, որ երեկ ևս մեկ դեպք են ունեցել։ Վահե Ղազարյանի խոսքով Երևանի Իսակովի պողոտայում քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, ինչի առթիվ արդեն նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները պարեկային ոստիկանի կողմից օրինական կերպով պատասխանատվության են ենթարկվել, բոլոր այդ դեպքերում պարեկային ոստիկանն արժանացել է խրախուսման։
«Չունենք մի դեպք, երբ պարեկային ոստիկանը ստանդարտից դուրս գործողություն ծավալած լինի և խրախուսանքի չարժանանա։ Երեկ ինձ ոստիկանապետը պատմել է, որ անցնելիս տեսել է, թե ինչպես են պարեկային ոստիկանները, խցանումից խուսափելու համար, ոստիկաններով հրում անսարք մեքենան՝ խցանումից դուրս բերելու համար։ Այդ ոստիկանները նույնպես խրախուսվել են։ Գուցե այս ամենը փոքր նրբություններ են, բայց կարծում եմ՝ դրանք շատ կարևոր բաների մասին են խոսում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ առաջիկայում Շիրակում և Լոռիում նույնպես կունենանք պարեկային ոստիկանություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով գործընթացը հարթ չի ընթանում՝ սկսած գնումների գործընթացից, վերջացրած ավտոմեքենաների շուկայում առկա խնդիրներով։




















