Վանեցյանը համապատասխանո՞ւմ է Սամվել Կարապետյանի սահմանած չափանիշներին, թե՞ «կադրային չեկիստների» մասով բացառություններ կարվեն
- Investigative journalist

- Jul 30
- 3 min read

ԱԺ ընտրություններին մոտ 11 ամիս է մնացել, և քաղաքական դաշտի հիմնական, երկրորդական, ինչու չէ՝ նաև երրորդ պլանի դերակատարները նախընտրական եռուզեռի մեջ են՝ մարզային այցելություններ են իրականացնում, գրասենյակները «խոդի գցում», նորերը բացում և այսպես շարունակ։ Մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ակտիվ մարզային այցերի մեջ է, «Հայրենիք» կուսակցության գրասենյակների «ամրաշինական աշխատանքներով» է զբաղված։ Ինչպես ասում են՝ նորմալ պրոցես է, եթե հաշվի առնենք նախկին բարձրաստիճան պաշտոնյայի իշխանական հավակնությունները։ Ընդ որում՝ անհամարժեք իր տաղանդին, ձեռնահասությանը, եթե կուզեք՝ պրոֆեսիոնալիզմին։ Այդ հավակնությունների վառ դրսևորմանը հայ հանրությունը ականատես եղավ մասնավորապես 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ կազմած դաշինքի, ԱԺ-ում այդ ընտրությունների արդյունքներով ձևավորված «քիփլիկ» խմբակցությունը ղեկավարելու, ապաև խմբակցությունը լքելու՝ մանդատը վայր դնել-հեռանալու տեսքով։ Արթուր Վանեցյանի, նույն իր՝ «կադրային չեկիստի» գրեթե մեկ տարի տևած քաղաքական կարիերայի թերևս ամենահիշարժան դրվագը «Դիմադրության շարժում» կոչեցյալ փողոցային պայքարից «մի ոտ շուտ» փողոց դուրս գալն էր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույց անելը։ Հիշեցնենք՝ Վանեցյանը խոստացել էր՝ մինչև Փաշինյանին տուն չուղարկի, ինքը տուն չի վերադառնա։ Նրան, ապաև իրեն միացած ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թվում էր, թե «ջութակ-մութակ քոքելով, ոտանավոր-մոտանավոր կարդալով» կարող են 680 հազար քաղաքացիների քվեն ստացած վարչապետի «հարցերը լուծել», սակայն «խելո՜ք, գլուխները կախ» վերադարձան ԱԺ։ Մասնավորապես Արթուր Վանեցյանը ԱԺ վերադարձավ՝ մանդատը վայր դնելու մասին դիմում գրելու համար։ Իսկ պատգամավորական գործունեությունը դադարեցնելու իր «հրաժեշտի գազելում» ԱԱԾ նախկին տնօրենը, հիշեցնենք, մասնավորապես նշել էր ԱԺ-ն լքելու գլխավոր պատճառը. «ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման»։
Նոր՝ հետսերժական Հայաստանի ԱԱԾ երբեմնի տնօրենի քաղաքական այս գործարքը երրորդ նախագահի հետ, ինչպես ասում են, «խերով» չէր և ոչ միայն կարճ տևեց, այլև չծառայեց իր հավակնոտ նպատակին՝ լեգիտիմ իշխանության հեռացմանը։ Իշխանափոխությունը ոտքին գցած Վանեցյանը տևական ժամանակ անցավ ընդհատակ, որտեղից մեկեն դուրս եկավ ամիսներ առաջ՝ նոր գործարք կնքելով Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված գործչի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ։ «Մեր քաղաքը» դաշինքը, որի միջոցով Արթուր Վանեցյանը մտադիր էր իշխանափոխության նախավարժանք իրականացնել Գյումրիում՝ օգտագործելով Մարտուն Գրիգորյանի անունն ու դիրքը, կատարյալ ֆիասկո արձանագրեց։ «Մեր քաղաք»-ին ոչ միայն չհաջողվեց վերցնել Մարտուն Գրիգորյանի հարազատ քաղաքը, այլև, շատերի գնահատմամբ, ամոթալի գործարքի գնալ՝ անցնել իր վաղեմի ախոյան Վարդան Ղուկասյանի «թրի տակով» ու նրա՝ քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ ապահովել։ Այս խայտառակության ու ձախողման բեռը, նկատենք, կիսում է ոչ միայն Գրիգորյանը, այլև Վանեցյանը, որի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցության կազմում ունի 2 մանդատ։ Ահա և ԱԱԾ նախկին տնօրենի քաղաքական՝ վերջին 4 տարիների քաղաքական գործունեության «հունձքը»՝ ընդամենը երկու մանդատ ավագանիում։ Հիշեցնենք՝ Գյումրիի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքը՝ կազմված «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններից, ստացել էր 15,74 տոկոս, իսկ ԱԺ 2021 թ. ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել էր 5,22 տոկոս։ (Հարկ է, սակայն, հաշվի առնել Գյումրիի ՏԻՄ ընտրությունների առանձնահատկությունը՝ «Մեր քաղաքը» «պրոյեկտի» ստացած տոկոսները ոչ թե Վանեցյան քաղաքական գործչի «ամագն» են, այլ բացառապես Մարտուն Գրիգորյանի անձնական հեղինակության):
Արդ, ի՞նչ կարգավիճակով է ԱԱԾ նախկին տնօրենը 2026 թվականի ընտրություններին մասնակցելու՝ միայնա՞կ, թե՞ նորեն ինչ-որ քաղաքական ուժի հետ անսամբլ կազմելով, և ամենակարևորը՝ ո՞ր քաղաքական ուժի, որ կարողանա ի կատար ածել 2021-ին տված ու այդպես էլ չիրականացրած խոստումը։ Ակնհայտ է, որ, այսպես կոչված, ռադիկալ ընդդիմությունն ԱԺ մուտք գործելու համար պետք է «խորը և համապարփակ» կոնսոլիդացիայի գնա՝ մեկտեղելով ունեցած-չունեցած ռեսուրսները։ Սակայն հաշվի առնելով ընդդիմադիր դաշտում առկա, մեղմ ասած, եղերական, միմյանց մինչև ոսկորները հոշոտող վիճակը՝ դժվար է պատկերացնել «կոնսոլիդացիա» կոչվածը, այն էլ՝ լայն կամ համապարփակ։
Նշենք, որ տեղեկություններ կան, որ «Հայրենիք»-ը (և ոչ միայն) կոնսուլտացիաներ է իրականացնում ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմի հետ՝ վերջինիս կողմից ստեղծվելիք քաղաքական ուժի հետ հնարավոր գործակցության շուրջ։ Նկատենք՝ Վանեցյանը հասցրել է ռևերանսներ անել Կարապետյանին՝ «շատ ցավելով» «մեծանուն հայ գործարարի ու բարերարի» կալանավորման և «շինծու քրեական գործի շրջանակներում» ճաղերի հետևում հայտնվելու համար»։ Ինչ վերաբերում է Կարապետյանի կողմից ձևավորվելիք նոր ուժին, ապա նրա հետ դեռ ՀՖՖ նախագահ եղած ժամանակ Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ «սելֆի արած» Վանեցյանը նշել է՝ «քաղաքական ուժը կձևավորվի, կտեսնենք՝ ովքեր են ներառված, մեր գնահատականները կտանք։ Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռևս չեմ կարող որևէ գնահատական տալ»։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «հարսնացուն որոշել է նազը թանկ ծախել»։
Ի դեպ, Սամվել Կարապետյանն իր եղբորորդու բերանով հայտարարել է, թե նոր ուժը, որը պատրաստվում է ստեղծել, ունի մեկ սկզբունք՝ «երկիրը պետք է կառավարեն մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալները»։ Տեսնես Վանեցյանը համապատասխանո՞ւմ է Սամվել Կարապետյանի սահմանած չափանիշներին՝ «մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալ», թե՞ «կադրային չեկիստների» մասով բացառություններ կարվեն՝ անտեսելով պրոֆեսիոնալիզմն էլ, մաքուր ձեռքերն էլ։ Ինչ-որ բան հուշում է, որ Վանեցյան-Կարապետյան գործակցությունը գլուխ է գալու՝ այդ երկուսին և նրանց արտաքին հովանավորներին հայտնի «ձևերով»։
Հ. Մ.




















