Ընդդիմության «չսերտած դասը»․ ՔՊ-ն Վաղարշապատում հանձնեց 2026 թ․ի ԱԺ ընտրությունների «ստուգարքը»
- Investigative journalist

- 5 hours ago
- 3 min read

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը մի շարք արձանագրումներ անելու պատեհ առիթ է։ Մասնավորապես՝ այդ ընտրությունների առանձնահատկության, դրանում պարունակված ուղերձների ու ակնկալիքների առումով։ Նկատենք՝ այս ընտրությունները յուրօրինակ փորձաքննություն էին օգոստոսյան գործընթացից, մասնավորապես խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո և 2026-ի ԱԺ ընտրություններից առաջ. դրանք ցուցանեցին, թե ինչ վիճակում է ՀՀ ընտրողի սոցիալ-հոգեբանական, քաղաքական, տեղեկատվական իմունիտետը, ինչպես է պատասխանում վերջին ամիսներին սաստկացած հիբրիդային հարձակումներին։
Արձանագրենք՝ «Գյումրի 2» կամ «Փարաքար «դուբլ»» սցենարը վերախաղարկելու՝ «ՔՊ-ին համայնք առ համայնք իշխանազրկելու» սերժաքոչարյանական ուժերի «ընտրափափագն» ի չիք դարձավ։ Անշուշտ՝ շնորհիվ վաղարշապատցի ընտրողի ցուցաբերած էլեկտորալ ադեկվատ, ողջախոհ վարքագծի։
Վաղարշապատցին ցույց տվեց, որ «դաս է քաղել» մասնավորապես Գյումրիում ամիսներ առաջ բանեցված «Վարդանիկ+․․․» օպերացիայից, ինչի հետևանքով ամենաշատ քվեները ստացած ՔՊ-ին, փաստորեն, չհաջողվեց ստանձնել համայնքի կառավարումը։ Փոխարենը ՀՀ երկրորդ քաղաքի ղեկը բաժին հասավ մեկին, որն իր կառավարման կարճ շրջանում ոչ միայն սկանդալային հայտարարություններով ու ճառերով հանդես եկավ՝ հրապարակավ «պառկելով» ՌԴ-ի առաջ, բարձրաձայն փափագելով ՀՀ-ի՝ «Միութենական պետության» կազմում հայտնվելու մասին, այլև հասցրեց քրեական հետապնդման ենթարկվել կաշառքի գործով ու այժմ կալանք է կրում ՔԿՀ-ում։ «Վարդան Ղուկասյան-2»-ի կրկնությունը թույլ չտալով, այն է՝ իր վստահության ամենաշատ քվեն ՔՊ-ին տալով, վաղարշապատցին ուղերձ հղեց նախկին սերժաքոչարյանական ուժերին, որ հետհեղափոխական Հայաստանի կառավարման «դասերը» չսերտածները, մասնավորապես՝ կրիմինալի, ամենաթողության հետ ասոցացվողները, ապօրինի հարստացածներն ու հատկապես ՀՀ-ի անկախության սակարկման ջատագովներն այլևս չպետք է շանս ունենան մոտ լինելու կառավարման լծակներին՝ անգամ տեղական մակարդակում «վերցնելով իշխանությունը»։ Որպես այդպիսիք ընկալվում էին մասնավորապես ՀՅԴ-ի ու քոչարյանական պրոյեկտ համարվող «Առաջ Աջակենտրոն»-ի ձևավորած «Հաղթանակ» դաշինքը, քոչարյանական խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան»-ը, ԱԱԾ նախկին տնօրեն, «կադրային չեկիստ» Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք»-ը։ Այս քաղաքական ուժերի իրական շահառուները, այն է՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց պաշտոնավարման տարիներին համայնքը կառավարելու մանդատ են ձեռք գցել (նախկին գյուղապետերի մեծ մասը եղել է ՀՀԿ-ական), սակայն վաղարշապատցուն ժառանգություն են թողել մի շարք՝ տարիներով չլուծված խնդիրներով համայնք՝ չասֆալտապատված փողոցներից մինչև չանցկացված, չնորոգված կոյուղագծեր, չկառուցված մանկապարտեզներից մինչև անբարեկարգ բակեր, ծակ տանիքներից մինչև ջրով լցված նկուղներով շենքեր, թերի աղբահանումից մինչև լուսավորության բացակայություն… Ընտրությունները ցույց տվեցին, որ վաղարշապատցին կատարեց պրագմատիկ ընտրություն՝ աչքի առաջ ունենալով կառավարող ուժի օրոք կատարված շոշափելի աշխատանքն ու հավատալով դրանց շարունակական լինելու հեռանկարին։
Ընդդիմության քարոզչության «կոդերը»
Արդ դիտարկենք քարոզչական այն հնարքներն ու «կոդերը», որոնց վրա ընդդիմությունը կառուցել էր իր ամբողջ քարոզչությունը։ «Կոդերից» մեկը Լեռնային Ղարաբաղի թեման էր, ընդ որում՝ երկու ասպեկտով։ Ընդդիմության քարոզչամեքենան, նկատենք, լիուլի շահարկեց ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հոր՝ զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի հիշատակը՝ այս ընթացքում ցուցադրելով անբարոյականության «մաստեր կլասս»-ներ։ Թե՝ ինչպե՞ս կարող է Ղարաբաղն ազատագրածի որդին գլխավորել Ղարաբաղը հանձնած ուժի ընտրական ցուցակն ու «ուրանալ» հոր հիշատակն ու պատգամները։ Քարոզարշավի ողջ ընթացքում սոցհարթակներում տարբեր ֆեյք էջերով տարածվում էին արհեստական բանականությամբ գեներացված «թեմատիկ» հոլովակներ, որոնք ապացուցում էին՝ նախկին ռեժիմի քարոզչամեքենան չունի «կարմիր գծեր», նաև՝ սրբություններ։ Քվեարկության արդյունքները, մինչդեռ, ցույց տվեցին, որ վաղարաշապատցին ազդվել է ոչ թե ֆեյք քարոզչությունից, այլ անսացել է ՔՊ-ի կարգախոսին՝ ազնվությունը գերադասելով նողկալի հակաքարոզչությունից։
Ղարաբաղյան թեմատիկայի շահարկման մյուս դրսևորումը ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտրական վարքի վրա խաղադրույք կատարելն էր, թե՝ վերջիններս ձայն չեն տա իրենց «տնավեր արած», Ղարաբաղի «էջը շրջած» իշխանությանը, այլ կքվեարկեն իրենց՝ ընդդիմության օգտին, որը ոչ միայն փակված չի համարում Արցախի էջը, այլև օրնիբուն, թող որ՝ պոպուլիստական այսրոպեական նպատակով գեներացնում է «արցախցիների՝ Արցախ վերադարձի» թեման։ Հատկանշական է, որ քարոզարշավի ժամանակ ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» դաշինքի ցուցակի առաջին համարը պնդում էր, թե իշխանության ներկայացուցիչները, կանխազգալով, որ ԼՂ-ից տեղահանվածները քվեարկելու են ընդդիմության օգտին, այցելում են մարդկանց տներ, հորդորում չգնալ ընտրության, քանի որ չունեն ընտրելու իրավունք։ Մինչդեռ քարոզարշավի ողջ ընթացքում ՔՊ համայնքապետի թեկնածուն ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ հանդիպելիս նրանց իրազեկում էր, որ ունեն ընտրելու իրավունք՝ կոչ անեկով ակտիվ լինել ընտրությունների ժամանակ։ Ենթադրում ենք, որ ընտրելու իրավունք ունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ոմանք խաբվել են ընդդիմության կիրառած քարոզչությամբ, ինչն ազդել է քվեարկության ժամանակ նրանց որոշման վրա։ Ենթադրում ենք նաև, որ արցախցի մեր քույրերից ու եղբայրներից շատերն էլ անդրդվելի են գտնվել՝ չտրվելով Ղարաբաղը ավանսով հանձնած, այսօր էլ Ղարաբաղի հարցի վրա պարազիտացողների նենգ ուղղորդմանը։
Ընդդիմադիր քարոզչամեքենայի մյուս «կոդը» ՔՊ-ի կողմից «եկեղեցու դեմ տարվող արշավն» է։ Կղերաօլիգարխիայի պաշտպաններին թվում էր, թե կաթողիկոսանիստ քաղաքի ու հարակից համայնքների բնակիչներին կկարողանան կերակրել «եկեղեցու վրա հարձակման» մասին կեղծ թեզով և էջմիածնեցիներին կստիպեն ձայն չտալ «եկեղեցաքանդ» քաղաքական ուժին։ Ով ով, բայց էջմիածնեցիները բոլորից լավ գիտեն, թե ինչ է կատարվում իրենց քաղաքի սրբության սրբոցում, մասնավորապես՝ Մայր աթոռում, թե ինչպիսի կյանք ու գործունեություն են ծավալում սրբության անունից հանդես եկող ու դրա պատերի ներսում ծվարած հոգևոր դասի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ․ նրանց կենսագործունեության հետևանքներն, անխոս, տեսանելի ու շոշափելի են առաջին հերթին էջմիածնեցիներին, որոնց շրջանում մեր՝ բազմիցս արած հարցումները վկայում են՝ կիսում են եկեղեցին ուխտազանց հոգևորականներից ազատագրելու գաղափարը։ Հընթացս նշենք, որ ծնունդով այժմ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ համայնքից են Գարեգին Բ-ն ու նրա հոգևորական մյուս եղբայրները, այդ նույն գյուղից է նաև վերջերս համացանցում տարածված սկանդալային տեսագրության «հերոս», Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ի դեպ, եկեղեցին կուսակրոնության ուխտը խախտածներից ազատագրելու կուրսը, որը հայտարարել է ՀՀ վարչապետը, փաստորեն, աջակցության է արժանանում էջմիածնեցիների կողմից։ Նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները իրենց տեսակի մեջ յուրօրինակ «ստուգարք էին»։ Այդ «ստուգարքը» ևս, փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաջողությամբ հանձնեց։
Հ. Մանուկյան




















