Կողմ է հանրաքվեին, բայց դեմ է ստորագրահավաքին․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը օգոստոսի կեսերին կսկսի իր նախաձեռնած ստորագրահավաքը` ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ ձեւավորված հարթակը շաբաթներ առաջ հայտարարեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին:
Անցած շաբաթ էլ ստեղծվել է «Եվրաքվե» ֆեյսբուքյան խումբ, որն արդեն ավելի քան 200 հազար հետեւորդ ունի։
Հարթակի մաս կազմող Տիգրան Խզմալյանը մեզ հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, մի քանի հարյուր մարդ` նոտարական հաստատմամբ, լիազոր անդամի կարգավիճակ է ստացել եւ ամենայն հավանականությամբ օգոստոսի կեսին պաշտոնապես կտրվի ստորագրահավաքի մեկնարկը։
Հանրաքվեի մասին օրենքը 45 օր է նախատեսում, որի ընթացքում պետք է հավաքել 50 հազար ստորագրություն, ապա այդ ստորագրությունների օրինականությունը պետք է ստուգվի ԿԸՀ-ի կողմից, հետո դիմեն խորհրդարանին, որն էլ կընդունի, կամ կմերժի հանրաքվեի առաջարկը։
Ավելի վաղ հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարեւմտյան քաղաքական ուժերին եւ հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։
Ըստ ամենայնի, «Եվրաքվեն» կարժանանա «Հայաքվեի» ճակատագրին, որը Արցախի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպեց, դիմեց խորհրդարանին, սակայն ՔՊ-ն տապալեց այն։ Տիգրան Խզմալյանն ասում է, որ երկրորդ փուլով կփորձեն գաղափարը կյանքի կոչել՝ արդեն 300 հազար ստորագրություն հավաքել, որ օրենքի ուժով հարցը դրվի հանրաքվեի: Այս դեպում օրենքը ժամկետներ չի նախատեսում, ուստի արեւմտամետները հարցը կարող են ուղղակի տաք պահել եւ քաղաքական դիվիդենտներ շահել` առաջիկա ընտրական գործընթացների համար։
Հիշեցնենք, որ այս ալյանսի մաս կազմող Լևոն Շիրինյանի կուսակցությունն ի սկզբանե հրաժարվել է մասնակցել նախաձեռնությանը: Ըստ որոշ աղբյուրների, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ակտիվ դերակատարում է ունեցել դրանում` նա ստանձնել է Շիրինյանի քաղաքական մեկենասի դերը:
Երեկ Լեւոն Շիրինյանը չցանկացավ մեկնաբանել մեր տեղեկությունները․ «Ոչ մի պատճառ չկա, մեր հարաբերությունները մնում են նույնը, մեր գաղափարները` նույնպես, հարցը միայն ստորագրահավաքն է, մենք իրարից տարբեր կարծիք ենք ունեցել, ուրիշ ոչ մի կարծիք չկա»:
Թե որն է կարծիքների տարբերությունը, չմանրամասնեց, անարձագանք թողեց նաեւ Խաչատուր Սուքիասյանի՝ իրեն հովանավորելու մասին հարցադրումները։
Տիգրան Խզմալյանն էլ Շիրինյանի` իրենց չմիանալու մասին փոխանցեց․ «Նա մեզ դիմեց նամակով, որտեղ ասված է, որ նա կողմ է հանրաքվեի գաղափարին, բայց իրենց կուսակցությունը ստորագրահավաքը նպատակահարմար չի տեսնում»:
Այսինքն՝ նախընտրում է, որ իշխանությո՞ւնը հարցը հանրաքվեի դնի․ «Հա, ինքը գերադասում էր, որ դա լինի, ըստ երեւույթին․․․ ես չգիտեմ, նա դրա մասին պաշտոնական նամակում չի շեշտել, ընդամենը ասել է, որ կողմ է հանրաքվեին, դեմ է ստորագրահավաքին»»։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։