«Համերգը մնում է օրակարգում, և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները». Ժաննա Անդրեասյան
- 16 hours ago
- 1 min read

«Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և, այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով խմբի՝ հուլիսին կայանալիք համերգի մասին վարչապետի հայտարարությանը, որն ավելի ուշ հերքել էր խմբի անդամ Սերժ Թանկյանը:
«Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,-հավելել է Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը, ավելի վաղ, հերքել էր հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը: Նա իր ինստագրամյան էջում հանդես էր եկել հաղորդագրությամբ:
«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա այս հարցի շուրջ: Մենք մտածում էինք նվագել այս տարի՝ հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել՝ կազմակերպչական և ժամանակային որոշ մարտահրավերների պատճառով: Մենք հայտարարություն կտարածենք, երբ նոր ամսաթիվ ունենանք: Շնորհակալություն»,-գրել էր երաժիշտը:




















