top of page

Թուրքիան պատրաստում է «Կապույտ հայրենիքի» մասին օրենք՝ ծովային գոտիների սահմանազատման նոր կանոններով

2 hours ago
1 min read

Թուրքիան պատրաստում է օրինագիծ, որը կամրագրի «Կապույտ հայրենիք» ծովային դոկտրինի դրույթները և կսահմանի նրա ծովային իրավազորության գոտիների սահմանները Էգեյան ծովում, Սև ծովում և Արևելյան Միջերկրականում, հաղորդում է թուրքական Habertürk հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) գտնվում է փաստաթղթի պատրաստման ավարտական փուլում, որն ուղղված է «ծովերում Թուրքիայի ինքնիշխան իրավունքների և ազգային շահերի պաշտպանությանը»։ Օրինագիծը նախատեսվում է պատրաստել նոյեմբերին և մինչև տարվա վերջ ներկայացնել Թուրքիայի Մեծ ազգային ժողովի քննարկմանը։

Փաստաթուղթը պետք է սահմանի երկրի ծովային իրավազորության գոտիների սահմանների որոշման հիմնական կանոնները։ Մասնավորապես, ենթադրվում է ամրագրել Թուրքիայի տարածքային ջրերի լայնությունը՝ վեց ծովային մղոն Էգեյան ծովում և 12 ծովային մղոն՝ Սև և Միջերկրական ծովերում։

Առաջարկվող դրույթների համաձայն, Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում ցանկացած տնտեսական, գիտական կամ բնապահպանական գործունեություն կպահանջի Անկարայի թույլտվությունը։ Նմանատիպ կանոններ ենթադրվում է տարածել նաև ծովի հատակի և նրա ընդերքի հետ կապված գործունեության վրա։

Օրինագիծը կարող է նաև պարունակել դրույթներ փոքր կղզիների և կղզյակների իրավական կարգավիճակի մասին, որոնք հանրային քննարկումներում անվանում են «մոխրագույն գոտիներ»։ Դրանց կարգավիճակը ենթադրվում է դիտարկել միջազգային ծովային իրավունքի նորմերը հաշվի առնելով։

Սկզբնապես թուրքական իշխանությունները ծրագրում էին օրինագիծը ներկայացնել աշնանը, սակայն հետո հետաձգեցին դրա պատրաստումը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ, գործոններից մեկը կարող էր լինել Great Sea Interconnector նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը՝ էներգետիկ մալուխ, որը պետք է միացնի Հունաստանի և Կիպրոսի էլեկտրացանցերը։ Ինչպես ենթադրվում է, Անկարան որոշել է սպասել Աթենքի հետագա քայլերին՝ նախագծի իրականացման հարցում։


 
 
1/2898
bottom of page