Ով կքննի Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը
- Nov 20, 2022
- 1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանը հրապարակել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը և շարունակել հայցը։ Նշենք, որ միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատարանն ընդունել է պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի լիազորագիրը, որը, ըստ Ալումյանի՝ ներկայացվել է խախտումներով։ Ըստ Ալումյանի՝ եթե դատավորն այն աստիճանի է կաշկանդված վարչապետից, որ ակնհայտ խախտմամբ տրված լիազորագիրն ընդունում է ՝ աղավաղելով օրենքը, ապա ինքը չի կարող այս գործով օբյեկտիվ ձևով որոշում կայացնել։ Այդուհանդերձ, դատարանը որոշել է մերժել միջնորդությունը՝ շարունակելով գործի քննությունը։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ նախորդ տարվա մարտի 1-ին՝ Հանրապետության հրապարակում Փաշինյանի հայտարարության տեսագրության ամբողջական տարբերակն ուսումնասիրելու նպատակով։ Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ մինչև փետրվարի 28-ը՝ ժամը 11.00-ն։
Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։ Հեղինակ՝ Իզաբել Սահակյան




















