top of page

Viva-ն մագաղաթյա բացառիկ Ավետարան է ընծայաբերել Մատենադարանին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 2 min read

Հայոց ցեղասպանության տարիներին կորած համարվող մատյաններից մեկը՝ Պարսամ երեցի գրչին պատկանող մագաղաթյա Ավետարանը, 355 տարի անց իր տեղը գտավ Մատենադարանում: Ձեռագիրը դեռևս 20-րդ դարասկզբին տեսել և իր Վասպուրականի ձեռագրացուցակում նկարագրել է ազգագրագետ, բանահավաք, գրող և բանասեր Երվանդ Լալայանը: Նրա կազմած ցուցակում ընդգրկված է 480 ձեռագիր: Դրանց կեսից ավելին՝ 281 մատյան, պահվում է Մատենադարանում, իսկ մնացյալ 199-ը դեռևս համարվում են կորած: Ցուցակում ներառվածների թիվը մեկով նվազեց:


Բասեն գավառում ստեղծված, 1670թ. թվագրվող և Հայոց ցեղասպանության տարիներին կորսված համարվող մագաղաթյա բացառիկ Ավետարանն արդեն Մատենադարանում է: Մատյանի ձեռքբերման ծախսերը մասնակիորեն հոգալու և այն Մատենադարանին ընծայաբերելու համար Viva-ն  նվիրաբերել է 15 200 000 (տասնհինգ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: Մատյանի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը կայացել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակներում կազմակերպված «1 տարվա հավերժությունը-Բ. Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրության բացման ժամանակ: Մատյանի ընծայաբերման արարողությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից շուրջ չորս տասնյակ առաջատար գիտակրթական հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ, թանգարանների ղեկավարներ, գիտնականներ, մշակութային գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:


«Մատենադարանի գործընկերների շարքը համալրվեց ևս մեկ առաջատար կազմակերպությամբ: «Վիվա Արմենիա» ընկերության աջակցությամբ տուն է վերադառնում հայոց ցեղասպանությունից առաջ նկարագրված, այնուհետև կորսված համարվող մի Ավետարան, որը կոչվել է «Փրկագործ»: Այս նույն տիտղոսով այսուհետ կարող ենք օժտել նաև «Վիվա Արմենիա» ընկերությանը, քանզի նրա աջակցությամբ մոռացությունից փրկվեց և Մատենադարանի ձեռագրական գանձարանում իր հավերժ հանգրվանը գտավ այս բացառիկ մագաղաթե ամբողջական ձեռագիրը»,-ասել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:


«Երբ Մատենադարան եկա, տնօրենն ինձ պատմեց այն ջանքերի մասին, որոնք նրանք ներդրել են մասունքները պատմական հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ես նաև հնարավորություն ունեցա ծանոթանալու, թե ինչպես ու ինչի վրա են աշխատում թանգարանի աշխատակիցները։ Հատկապես տպավորիչ էր պատմությունը՝ կորած Ավետարանի մասին, որը ստեղծվել է ավելի քան 355 տարի առաջ։ Մենք սովոր ենք խոսել ռազմավարությունների, տեխնոլոգիաների, թվերի մասին։ Սակայն կան բաներ, որոնք դուրս են առօրեականության սահմաններից։ Այն ամենը, ինչով զբաղվում են Մատենադարանի աշխատակիցները, պարզապես գիտական աշխատանք չէ, այլ Հայաստանի մշակույթի և պատմական ժառանգության հանդեպ սիրո դրսևորում։ Տեսնելը նրանց լաբորատորիաներում աշխատելիս և թե ինչպես են վերականգնում մեր հիշողության էջերը, անչափ տպավորիչ են։

Ահա թե ինչու մենք Viva-ում հսկայական պատասխանատվությամբ աջակցեցինք այս նախաձեռնությանը։ Մենք ուրախ ու երախտապարտ ենք, որ կարողացանք ներդրում ունենալ Ավետարանը՝ մեր հոգևոր և պատմական ԴՆԹ-ի մասնիկը վերադարձնելու գործում», - նշել է Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է հիշարժան այս իրադարձությանը մասնակցելը: Զուգահեռաբար հպարտություն է դա անել Հայաստանում 20 տարի շարունակ պատասխանատու մշակույթ ձևավորած կազմակերպության՝ Viva-ի անունից: Չինացիների մի ասացվածք հրաշալի կերպով նկարագրում է այն, ինչ այսօր զգում եմ․ «Նախնիներին մոռանալ նշանակում է լինել առվակ՝ առանց աղբյուրի, ծառ՝ առանց արմատների»։ Կարծում եմ՝ սենտիմենտալ չի դիտարկվի, եթե ասեմ, որ, թեև հանգամանքների բերումով հայերեն լիարժեք չեմ խոսում, դա չի խանգարում ամբողջ էությամբ մեր ինքնությանը հավատարիմ մնալուն: Այդ զգացողությունը կրկնապատկվեց այստեղ՝ մագաղաթյա բացառիկ Ավետարանն ընծայաբերելու ընթացքում: Ավելի քան երեք դար առաջ գրված, բացառիկ արժեք ներկայացնող մատյանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին կորսված էր համարվում, այսօր իր տեղն է գտնում համայն հայության համար կարևոր միջավայրում: Շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:


Ավետարանի կազմն ունի մուգ շագանակագույն դրոշմազարդ կաշի, փեղկերը զարդարված են կոստեղերով, մեդալիոններով և ականակուռ մետաղե խաչով: Ձեռագիրը գրված է բոլորագրով, ամբողջական է, բովանդակում է չորս ավետարանիչների՝ Մաթևոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի ավետարանները:

Ձեռագիրն արժեքավոր է նաև մանրանկարչական հարդարանքի տեսանկյունից: Առկա են Ավետարաններին հատուկ մանրանկարչական տարրեր՝ ավետարանիչների պատկերներ և անվանաթերթեր, լուսանցազարդեր և լուսանցային մանրանկարներ, որոնք աչքի են ընկնում գունային անխառն, մաքուր լուծումներով և հորինվածքի կուռ ամբողջականությամբ:

1/2204
bottom of page