Աշոտյանը, Ամստերդամի «դամ»-ն ու ամոթալի բանը
- Investigative journalist

- Aug 16
- 2 min read

ՀՀԿ-ի «լուսապսակ ճակատ», փողերի լվացման մեջ մեղադրվող Արմեն Աշոտյանը նախօրեին ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանքի գործով դատական նիստին մարդամեջ էր դուրս եկել քաղբանտարկյալի «թագ ու պսակով»։ Նախկին պաշտոնյա, այժմ իրավապաշտպանի փեշակով ապրող Աշոտյանի ընկերները, նկատենք, վաղուց են նրան թագադրել քաղբանտարկյալի «տիտղոսով»։ «Քաղբանտարկյալաց քաղբանտարկյալ» Աշոտյանն էլ, առիթից օգտվելով, բռնեց ու «իր ձևով» թագադրեց «օրվա հերոսին» (իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով մեղադրվող)՝ Սամվել Կարապետյանին, սակայն ոչ թե քաղբանտարկյալի, այլ... ուշադրություն՝ «խղճի բանտարկյալի»։ Այո, 2015-ին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան քաղաքական առճակատումը «իր ձևով» լուծած, «իր ձևով» գործող իշխանության օրոք էլ «հարց լուծել» հավակնած Կարապետյանը, ըստ Աշոտյանի, «նստել է, կալանավորվել է իր հոգևոր, կրոնական հայացքների համար, այսինքն՝սա ավելի զարհուրելի դեպք է, քան քաղաքական բանտարկյալի կարգավիճակը»։
Սա էն դեպքն է, երբ պետք է ասել՝ յա, իրո՞ք՝ Աշոտյանին հորդորելով ծանոթանալ «խղճի բանտարկյալ» եզրույթի սահմանմանն ու իր ոչ մասնագիտական «դիագնոզներով» «չբռնաբարել» հասարակության միտքն ու խիղճը։ Արդ, այս ընթացքում որևէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն հայտարարություն տարածե՞լ է Կարապետյանի կալանքի ու բանտարկության վերաբերյալ՝ նրան «պատվելով» այն «տիտղոսներով», որոնցով թագադրվել ու թագադրել է ինքը՝ Աշոտյանը։
Նոր գլխի ընկանք, որ, փաստորեն, տեսնելով, որ միջազգային իրավապաշտպան համայնքը «բութ անտարբերություն» է ցուցաբերում «եկեղեցու դեմ արշավին» «իր ձևով» միջամտել պատրաստված գործարարին, այդ պատճառով էլ որոշել են իրենց իրենց ձևով ու «խոդով» մի բան անել՝ դրսից (տո լի) իրավապաշտպան (տո լի) փաստաբան կանչել, որ գա ու իրավապաշտպանական այս ճեղքվածքը լրացնի։ Այս միսիայով Երևան ժամանած փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, հիշեցնենք, դատարանի բակում ազդարարել է՝ «կառավարությունը, շեղելով իր սխալներից, շեղելով իր ձախողումներից, հարձակվում է եկեղեցու, Հիսուս Քրիստոսի և այս անմեղ մարդու վրա, այսօր ամոթալի օր է Հայաստանի համար»։
Ամստերդամի «դամ»-ին էլ արձագանքենք Սերժ Սարգսյանի ոճով՝ յա, իրո՞ք, միաժամանակ վկայաբերելով ԶԼՄ-ներում տարածված մի տեղեկություն, ըստ որի՝ Ամստերդամը և նրա «Amsterdam and Partners LLP» իրավաբանական ընկերությունը 2016 թվականից ի վեր ներկայացնում են թուրքական կառավարության շահերը Միացյալ Նահանգներում։ Նա իր լոբբիստական ծառայությունների համար ամսական 50,000 դոլար է ստացել թուրքական կառավարությունից (մոտ 1.8 միլիոն դոլար)։
Ամստերդամը նաև պայմանագիր է կնքել թուրքական կառավարության անունից «Mercury Public Affairs»-ի հետ՝ Միացյալ Նահանգներում թուրքական կառավարության շահերը առաջ մղելու համար։ Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ բացահայտում, ընդ որում՝ խիստ, սաստիկ ու չափազանց ամոթալի։ Հիշեցինք «թարս աճող խիյարի» մասին պատմությունը։
Հ. Մ.




















